ԼՂ հարցը կլուծվի միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ - Mediamax.am

4955 դիտում

ԼՂ հարցը կլուծվի միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին՝ այն բաժանելով երկու մասին:

Նախագահը խորապես համոզմունք է հայտնել, որ արցախյան հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

 

«Թե ապրիլյան պատերազմից առաջ, թե հիմա մեր դիրքորոշումը նույնն է․ Հայաստանը եւ Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն: Ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին, որ Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Դա ակնհայտ է նաեւ նրանց հրապարակային հայտարարություններից: Փաստն այն է, որ մեր բանակը լուծեց իր առջեւ դրված ռազմական խնդիրը՝ լինելով պաշտպանվող կողմ: Ադրբեջանը, հանկարծակի նախահարձակ լինելով, իր ռազմաքաղաքական խնդիրները լուծել չկարողացավ: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. ԼՂՀ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ, մնացած խնդիրներն ածանցյալ են»- ասել է նախագահը:

 

Սերժ Սարգսյանի փոխանցմամբ, Արցախի կարգավիճակի անորոշության պարագայում որեւէ այլ հարց լուծում չի կարող գտնել:

 

Նա կարեւորել է նաեւ տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռության ճիշտ գնահատումն ու հավելել.

 

«Մենք Բաքուն գրավեկու եւ կապիտուլիացիա թելադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում, սակայն շատ լավ գնահատում ենք, թե ինչպիսի անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ՝ մանրամասնելու կարիք չկա»,-ասել է նա:

 

ՀՀ նախագահը նշել է նաեւ, որ «մենք չենք մտնելու սպառազինությունների մրցավազքի մեջ եւ մեր ռեսուրսները լիովին բավարարում են ԶՈւ առջեւ դրված խնդիրը լուծելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին