Լավրովը, Քերին եւ Այրոն թվարկել են կարգավորման սկզբունքները - Mediamax.am

7104 դիտում

Լավրովը, Քերին եւ Այրոն թվարկել են կարգավորման սկզբունքները


Ջոն Քերին եւ Սերգեյ Լավրովը
Ջոն Քերին եւ Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` REUTERS


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Այրոն այսօր Համբուրգում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատել են ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքները:

«Ապրիլին շփման գծում արձանագրված բռնության սրման լույսի ներքո մտահոգություն ենք հայտնում շարունակվող զինված միջադեպերի կապակցությամբ` ներառյալ հաղորդագրությունները ծանր զենքերի կիրառման մասին: Խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը եւ ուժի գործադրման սպառնալիքները: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, ինչպես եւ արդարացում չունեն մահերն ու քաղաքացիական անձանց վիրավորումները: Մենք նաեւ տեղյակ ենք մեղադրանքներին ապրիլին մարտի դաշտում գործած հանցագործությունների մասին եւ դատապարտում ենք դրանք ամենախիստ ձեւով: Կողմերին կոչ ենք անում վերահաստատել հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, քանի որ այն միակ ճանապարհն է, որը կարող է տարածաշրջանի մարդկանց իրական հաշտեցում ապահովել: Մենք նաեւ նրանց կոչ ենք անում խստորեն պահպանել 1994/1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերը», - ասված է հայտարարության մեջ:

 

«Բաքվին եւ Երեւանին կոչ ենք անում հարգել պայմանավորվածությունները, որոնք արտացոլված են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարություններում: Կողմերին կոչ են անում վերացնել խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ուղղությամբ եւ առաջընթաց արձանագրել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի ստեղծման համար: Ցանկանում ենք վերահաստատել մեր կոչը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին`ճկունություն ցուցաբերել եւ վերադառնալ բանակցային սեղանին հստակ նպատակով. կայուն խաղաղության հասնել առկա աշխատանքային առաջարկների հիման վրա: Քանի դեռ բանակցություններում առաջընթաց չկա, բռնության վերսկսման վտանգը միայն աճելու է, եւ դրա ողջ պատասխանատվությունը կրելու են կողմերը», - շեշտել են Լավրովը, Քերին եւ Այրոն:

 

«Կողմերին հիշեցնում ենք, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինքիի Եզրափակիչ Ակտի առանցքային սկզբունքների`ուժի չգործադրում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների հավասար իրավունքներ եւ ինքնորոշում, եւ Մինսկի խմբի համանախագ-երկների նախագահների կողմից առաջարկված լրացուցիչ տարրերի հիման վրա: Այդ տարրերն են. ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը կապահովի անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում ապագայում` պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձ բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն միջազգային խաղաղապահ գործողություն», - ասված է փաստաթղթում:

 

Լավրովը, Քերին եւ Այրոն հայտնել են, որ իրենց երկրները պատրաստ են հյուրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, «երբ նրանք պատրաստ կլինեն»:

 

«Մենք համոզված ենք, որ նախագահները պետք է ներգրավվեն բանակցություններում առաջին իսկ հնարավորության դեպքում: Նախագահների ուղիղ եւ շարունակական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո կարեւոր տարր է հանդիսանում վստահության ամրապնդման եւ խաղաղ գործընթացը առաջ տանելու համար», - նշել են համանախագահ-երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին