Միջնորդները «ավելի շատ ճկունություն» են ակնկալում կողմերից - Mediamax.am

5007 դիտում

Միջնորդները «ավելի շատ ճկունություն» են ակնկալում կողմերից


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են ընդունել փետրվարի 16-ին Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետո:

«Համանախագահները վերահաստատել են, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ պատերազմը լուծման տարբերակ լինել չի կարող: Նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել եւ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղությանը եւ ոչ թե պատերազմի: Համանախագահները նաեւ կողմերին կոչ են արել խստորեն պահպանել 1994/95 թվականների զինադադարի համաձայնագրերը», - ասված է հայտարարության մեջ:

 

Միջնորդները նաեւ հիշեցրել են 2011 թվականի մայիսին Դովիլում ԱՄՆ, Ռուասաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունն այն մասին, որ ուժի կիրառումը ավելի շատ տառապանքներ ու ավերածություններ կբերի եւ կարժանանա միջազգային հանրության դատապարտմանը: Նրանք նաեւ կողմերին են ներկայացրել իրենց կարծիքները՝ 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ:

 

«Համանախագահները շեշտել են, որ կողմերը պետք է ավելի շատ ճկունություն դրսեւորեն եւ վերսկսեն համապարփակ բանակցությունները՝ երկարատեւ լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար», - ասված է հայտարարության մեջ:

 

Միջնորդներն անդրադարձել են նաեւ փետրվարի 20-ին Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին:

 

«Ի գիտություն ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունները դիտարկում են այն որպես իրենց բնակչության կյանքը կազմակերպելու միջոց, միջնորդները ընդգծում են, որ որեւէ երկիր, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն», - նշել են համանախագահները: Միջնորդները հայտարարել են, որ հանրաքվեի արդյունքները «չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»:

 

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է, որ համանախագահների հետ կայացած հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը «զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առ այն, որ, հակառակ հանձնառությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ պահանջների, Ադրբեջանը շարունակում է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումները՝ դրանք զուգորդելով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սպառնալիքներով»։

 

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, այդ մասին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է հետեւյալը.

 

«Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Քննարկվեցին արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին