ԵԽ-ում ներկայացվել է Եվրադատարանի վճիռների մասով ԼՂՀ դիրքորոշումը - Mediamax.am

7497 դիտում

ԵԽ-ում ներկայացվել է Եվրադատարանի վճիռների մասով ԼՂՀ դիրքորոշումը


Լուսանկարը` http://www.atour.com

Գեւորգ Կոստանյանը
Գեւորգ Կոստանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահի իրավական հարցերով խորհրդական Էմիլ Բաբայանն անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մասնակցել է Եվրադատարանի «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարման վերաբերյալ քննարկմանը:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Գեւորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել է, որ «պատմության մեջ առաջին անգամ է, որ ԼՂՀ ներկայացուցիչը մասնակցել է միջազգային պաշտոնական միջոցառման»:

 

Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ քննարկման ընթացքում հայկական կողմը մտավախություն է ունեցել, որ Ադրբեջանին կհաջողվի տապալել ԼՂՀ ներկայացուցչի մասնակցությունը:

 

«Մենք հստակ հայտնել էինք, որ ԼՂՀ ներկայացուցիչը հանդիսանում է Հայաստանի պատվիրակության անդամ, եւ նրան որեւէ մեկն իրավունք չունի դուրս հրավիրել նիստերի դահլիճից»,- ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ հավելով, որ Էմիլ Բաբայանը նիստում լիարժեք ելույթ է ունեցել  եւ ներկայացրել ԼՂՀ նախագահի ու իշխանության մյուս թեւերի դիրքորոշումը։

 

Անդրադառնալով ԼՂ խնդրին առնչվող գործերով ՄԻԵԴ վճիռներին՝ Գեւորգ Կոստանյանը հիշեցրել է, որ հայկական կողմը համաձայն չէ իր մասով կայացված վճռի բովանդակության հետ։

 

«Ուզում եմ շեշտել, որ Հայաստանը չի ստանձնել պարտավորություն «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման համար, այլ ստանձնել է պարտավորություն, որ պատրաստ է քննարկել վճռի քննարկման հարցերը երեք պայմանների առկայության դեպքում՝ ֆիզիկական անվտանգության երաշխիքներ, վստահության մթնոլորտի ձեւավորում եւ հետաքննության մեխանիզմերի ստեղծում միջսահմանային միջադեպերի համար»,- ասել է նա:

 

Գեւորգ Կոստանյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ստանձնել է պարտավորություն՝ մինչեւ հունիս ներկայացնելու իր գործողություների ծրագիրը, թե ինչպես է պատրաստվում փոխհատուցել կամ այլ կերպ վերականգնել հայ փախստականների կրած վնասներն ու խախտված իրավունքները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին