Հոգլանդ՝ ճիշտ ժամանակն է վերադառնալ բանակցություններին - Mediamax.am

5349 դիտում

Հոգլանդ՝ ճիշտ ժամանակն է վերադառնալ բանակցություններին


Ռիչարդ Հոգլանդը
Ռիչարդ Հոգլանդը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն այսօր Երեւանում ասել է, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը խիստ դանդաղել է, եւ այսօր ճիշտ ժամանակն է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

 

«Բանակցային սեղանին կան մի շարք ողջամիտ ծրագրեր, որոնց շուրջ կողմերը պետք է բանակցեն եւ լուծումներ գտնեն»,-Երեւանում լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի միջնորդը:

 

Ռիչարդ Հոգլանդի խոսքով՝ համանախագահները մարտի 11-ին Բաքվում եւ այսօր Երեւանում կողմերին առաջարկել են ապրիլյան պատերազմի տարելիցը նշանավորել բանակցությունների վերսկսմամբ։

 

«Երկու երկրների արտգործնախարարները պետք է նստեն եւ լուրջ խոսեն՝ հիմք նախապատրաստելով նախագահների հանդիպման համար»,- ասել է նա։

 

Ամերիկացի միջնորդն ընդգծել է, որ այս պահին իրենց համար առաջնային է կողմերի միջեւ երկխոսություն ձեւավորելը։

 

«Հնարավոր է գտնել մի իրավիճակ, որում բոլոր կողմերը իրենց հաղթող կզգան։ Դրա համար լավագույն ճանապարհը բանակցություններ սկսելն է, որի արդյունքում կվերացվի պատերազմի հավանականությունը»,- նկատել է նա։

 

Ռիչարդ Հոգլանդը  նշել է, որ համանախագահներն իրենց հայտարարություններում մշտապես փորձում են հավասարակշռություն պահպանել։ «Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում, սակայն մեր հայտարարություններում պետք է զգուշություն ցուցաբերենք»,- բացատրել է նա։

 

Անդրադառնալով 2016 թվականին Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղված քայլերին՝ Ռիչարդ Հոգլանդն ասել է, որ դրանք շարունակում են «շատ կարեւոր» մնալ։

 

«Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ երկու երկրների նախագահները կարողանան կրկին մեկ սեղանի շուրջ նստել եւ խոսել այդ հարցերի մասին»,- ասել է ամերիկացի միջնորդը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին