Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացին մտավոր խնդիրներ ունի - Mediamax.am

22045 դիտում

Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացին մտավոր խնդիրներ ունի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանությունն այսօր պարզաբանում է տարածել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարման մասին ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկության վերաբերյալ։

Մեդիամաքսը նշում է, որ նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, որ իր ուժերը կանխել են հայկական դիվերսիոն ներթափանցման փորձ, գերեվարվել է մեկ հայ զինծառայող։ ԼՂՀ Պաշտպանության բանակն ու ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հերքել էին այս տեղեկությունը:

 

Ադրբեջանական մամուլում եւ ադրբեջանցի օգտատերերի շրջանում տարածվել էր նաեւ տեսանյութ, որում Զավեն Կարապետյանը զինվորական բաճկոնով ասում է, թե Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի բնակիչ է եւ վարձատրության դիմաց մարտական հերթապահություն է իրականացնում։

 

ՀՀ ոստիկանության կողմից կատարված ստուգումներով եւ ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում հաշվառված, 16.11.1974թ․ ծնված Զավեն Կարապետյանի տվյալների հետ։

 

«Զ․Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում։ Մայրը` Մ․ Կարապետյանը, եղել է Խարբերդի հաշմանդամների տան շահառու։

 

1978թ․ Զավեն Կարապետյանն ընդունվել է Գավառի մանկատուն, որտեղից դուրս է գրվել 1982 թ․ եւ տեղափոխվել մայրաքաղաքի Սովետաշենի օժանդակ դպրոց։

 

1994թ․ աշնանը Զ․Կարապետյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաք եւ մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի կողմից տրամադրված տնակում` օժանդակ դպրոցի նախկին սաներից մեկի հետ, հետո միայնակ է բնակվել Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում տեղադրված եւ իրեն հատկացված տնակում։ Հաշվառման վայր չունենալու պատճառով 2004թ․ հաշվառվել է Վանաձորի Մայմեխի 1 հասցեում գտնվող ծերանոցում եւ նույն թվականին Վանաձորի անձնագրային բաժանմունքի կողմից ստացել անձնագիր։ Անձնագրի վավերականացման տասնամյա ժամկետը լրանալուց հետո չի դիմել նոր անձնագիր ստանալու համար։

 

Զ․Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝  24.12.1993թ. ազատվել է ծառայությունից։

Զ․Կարապետյանը հետագայում ապամոնտաժել եւ վաճառել է իր տնակը եւ դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։ Ըստ ստացված  տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերեւույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ»,- ասված է ոստիկանության պարզաբանման մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին