Սարգսյան-Ալիեւ հանդիպման հեռանկարը շարունակում է մշուշոտ մնալ - Mediamax.am

14064 դիտում

Սարգսյան-Ալիեւ հանդիպման հեռանկարը շարունակում է մշուշոտ մնալ


Լուսանկարը` RIA Novosti


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ հստակություն չկա:

Մեդիամաքսի հաղորդմամբ, այդ մասին են վկայում հաղորդագրությունները սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

 

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է.

 

«Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

 

Հանդիպմանը քննարկվեցին առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։

 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբեր ամսին»։

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ ասված է, որ նախարարները պատրաստակամություն են հայտնել աշխատել միջնորդների հետ «մոտ ապագայում նախագահների արդյունավետ հանդիպում կազմակերպելու համար»:

 

«Խորհրդատվությունների հիմնական նպատակն էր քննարկել ներկա իրավիճակը հակամարտության գոտում, դիտարկել բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությունները եւ նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

 

Համանախագահներն ակնկալում են, որ այդ հանդիպումը պետք է ամրապնդի կողմերի վստահությունը եւ քաղաքական կամքը՝ կարգավորման առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Նախարարները պատրաստակամություն են հայտնել աշխատել միջնորդների հետ մոտ ապագայում նախագահների արդյունավետ հանդիպում կազմակերպելու համար», - ասված է միջնորդների հայտարարության մեջ:

 

Մեդիամաքսը նշում է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը վերջին անգամ հանդիպել են ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

 

2017 թվականի հունվարին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ֆրանսիացի միջնորդ Ստեֆան Վիսկոնտին ասել էր.

 

«Կարծում եմ, ամենադժվարը կլինի կողմերի միջեւ վստահության ու երկխոսության վերականգնումը, ինչին հասնելու համար պետք է ապահովել ողջախոհ, արդյունավետ եւ ուժեղ դինամիկա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին