Բաքուն էժանագին շահարկումներ է անում, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

17278 դիտում

Բաքուն էժանագին շահարկումներ է անում, ասել է Նալբանդյանը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ «Բաքուն նորից փորձում է էժանագին, պարզունակ շահարկումներ անել, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից [Սարգսյան-Ալիեւ հանդիպումից] հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ»:

Այս մասին նախարարը հայտարարել է Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում շրջանակում:

 

«Ակնհայտ է, թե ինչու է Բաքուն դա անում. որովհետեւ փորձում է խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։

 

Առաջին՝ 2016թ. Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետեւանքով բանակցային գործընթացին հասցված վնասը դեռ չի հաղթահարվել:

 

Երկրորդ՝ Բաքուն հրաժարվում է իրականացնել 2016թ. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, որոնք միտված էին խաղաղ գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Ադրբեջանը նախկինում եւս բազմիցս հետ է կանգնել պայմանավորվածություններից, հարցականի տակ դնելով, որ ընդհանրապես ունակ է իրականացնել դրանք։

 

Երրորդ՝ Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են համանախագահ երկրների կողմից որպես կարգավորման հիմք: Մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն:

Չորրորդ՝ չնայած համանախագահների բազմաթիվ կոչերին՝ հարգելու 1994-95թթ. եռակողմ, անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը կողմ է ինտենսիվ բանակցություններին։

 

«Հայաստանը խորապես համոզված է, որ եթե Բաքուն կատարի համանախագահների կոչերը՝ անվերապահորեն հարգի հրադադարը, կյանքի կոչի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքներին, կառուցողական մասնակցություն բերի բանակցություններին, ապա հնարավորություն կստեղծվի առաջ մղել խաղաղ գործընթացը»,- նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին