Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն դեկտեմբերին - Mediamax.am

20649 դիտում

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն դեկտեմբերին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը կհանդիպեն 2017թ. դեկտեմբերին Վիեննայում` ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում։

Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 14-ին եւ 16-ին Նալբանդյանի եւ Մամեդյարովի հետ կայացած հանդիպումներից հետո։

 

«Համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված կոնկրետ քայլեր, ինչպես նաեւ համանախագահների կողմից բարձրացված այլ հարցեր։

 

Հանդիպման ընթացում համանախագահները եւ նախարարները քննարկել են մի շարք առաջարկներ, որոնք ներկայում դրված են սեղանին։

 

Նախարարները համաձայնել են հանդիպում ունենալ 2017թ. դեկտեմբերին Վիեննայում` ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում։

 

Համանախագահները հանդիպման օրակարգ կկազմեն, որը կներառի էական քաղաքական կարգավորման հիմնական հարցերը, ինչպես նաեւ շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված հատուկ միջոցները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ գրասենյակի ընդլայնման գործընթացի ամփոփմանը», - ասված է միջնորդների հայտարարության մեջ:

 

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել էր 2017թ. սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին