Բաքուն դրական է վերաբերվում Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնմանը - Mediamax.am

18889 դիտում

Բաքուն դրական է վերաբերվում Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնմանը


Լուսանկարը` RIA Novosti


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության գոտում դիտորդական առաքելության ընդլայնման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ «գործընթացը պետք է ընթանա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բովանդակային, ինտենսիվ բանակցություններին զուգահեռ»:

 

Հիքմեթ Հաջիեւը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման պարբերաբար մոնիթորինգ իրականացնող դիտորդական առաքելության ընդլայնման հարցը քննարկվել է տարվա ընթացքում:

 

Դեկտեմբերի 25-ին ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Ինտերֆաքսին տված հարցազրույցում ասել էր, որ հակամարտող կողմերին փոխանցվել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ կապված հստակ առաջարկներ: Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են շարունակել այս եւ այլ հարցերի շուրջ զրույցը/երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ՝ 2018թ. հունվարին երկրորդ կեսին նախատեսված հանդիպման ընթացքում:

 

Ներկայում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը բաղկացած է 6 հոգուց:

 

Մեդիամաքսը նշում է, որ առաքելության ընդլայնման մասին պայմանավորվածությունները ձեռք էին բերվել 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների ընթացքում, սակայն այս մեկուկես տարվա ընթացքում պաշտոնական Բաքուն խուսափում է այս հարցի շուրջ որեւէ հայտարարություն անելուց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին