Նալբանդյանը նշել է ԼՂ կարգավորման անհրաժեշտ պայմանները - Mediamax.am

8848 դիտում

Նալբանդյանը նշել է ԼՂ կարգավորման անհրաժեշտ պայմանները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանն ասել է, որ հայկական կողմը, ինչպես միշտ, կառուցողական տրամադրվածությամբ է մասնակցում բոլոր հանդիպումներին։

Միջնորդներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հունվարի 17-ին Կրակովում կայացած հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ եթե Բաքուն հետեւի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին, ապա հնարավոր կլինի ճանապարհ հարթել խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:

 

«Բաքուն հաճախ է խոսում թե իբր շահագրգռված է, որ ստատուս քվոն փոխվի։ Ակնհայտ է, որ դրան հասնելու գործնական ճանապարհը հենց վերոհիշյալի իրականացումն է։ Համանախագահները տարիներ շարունակ հայտարարում են, որ իրենց կողմից՝ փուլային իրականացմամբ փաթեթային հանգուցալուծման նպատակով, առաջարկվող սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են հանդիսանում, եւ դրանից մեկին նախապատվություն տալու փորձերը անհնար կդարձնեն կարգավորումը։ Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի գործնական հունի մեջ դնել կարգավորման գործընթացը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

 

Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանման մասին Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններին՝ նախարարը նկատել է, որ դրանք կարող են միայն տարակուսանք հարուցել, քանի որ հենց Ադրբեջանն է հետեւողականորեն ոչնչացնում հայկական հուշարձաններն ու կոթողները՝ մերժելով Ջուղայում եւ այլ վայրերում միջազգային փաստահավաք առաքելությունների իրականացումը։

 

Այսօր Կրակովում նախատեսված է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին