Միջազգային հանրությունը պետք է ակտիվանա ԼՂ խնդրում - Mediamax.am

8131 դիտում

Միջազգային հանրությունը պետք է ակտիվանա ԼՂ խնդրում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում մեկնարկել է «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները, տեղական եւ միջազգային տեսանկյուններ» միջազգային երկօրյա գիտաժողովը։

Այն իրականացնում է Կովկաս ինստիտուտը՝ Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ։

 

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը մեծապես կնպաստի այն, որ հասարակությունները հավատան խաղաղությանը։

 

«Իհարկե, եթե դա այդքան պարզ լիներ, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տասնամյակներ առաջ լուծված կլիներ։ Կարծում ենք, որ նման քննարկումները կարող են հասարակությունում ամրապնդել խաղաղության օգտակար լինելու գաղափարը, ինչպես նաեւ դրան հասնելու ճանապարհներ գտնել»,- ասել է դեսպանը։

 

Ինչու է ձգձգվում ԼՂ հակամարտության կարգավորումը

 

Շուրջ 30 տարի տարբեր հակամարտությունների ուսումնասիրությամբ զբաղվող Օքսֆորդի համալսարանի Լեսթեր Բ. Փիրսոն միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Սուրբ Աննայի քոլեջի գիտաշխատող Նիլ Մաքֆարլեյի կարծիքով՝ կոնֆլիկտների լուծման համար պետք է մեծ ուշադրություն դարձնել դրանց առաջացման պատճառների վրա եւ հասկանալ, թե ի վերջո ինչու է խնդրի լուծման գործընթացը ձգձգվում։

 

«Հետխորհրդային տարածքի հակամարտությունները, ըստ էության, առաջացել են Ռուսաստանի սադրանքների պատճառով, որը հանգիստ պահպանում է դրանց գոյությունը։ Դրանք չեն լուծվում, քանի որ հնարավոր է միջազգային հանրությունը ավելի քիչ հետաքրքրություն եւ միջոցներ է հատկացնում այս հակամարտությունների լուծման համար։ Այո՛, խաղաղության գործընթացներ կան Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում, բայց տվյալները խոսում են այն մասին, որ միջազգային հանրությունը իր գերակայությունը չի համարում այս կոնֆլիկտների վերջնական խաղաղ լուծման գործընթացները»,- ասել է փորձագետը։

 

Ըստ Նիլ Մաքֆարլեյի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեծապես ձգձգվում է, քանի որ կողմերը պատրաստ չեն գնալ փոխզիջումների։

 

«Փորձագիտական գրականության մեջ ասում են՝ կա կարկանդակ, որի մի կտորը ձերն է, մյուսը՝ իմը։  Երբ կողմերն առանց որեւէ առարկության համաձայնում են, այս դեպքում կոնֆլիկտ չի առաջանում։ Բայց կա նաեւ հակառակը՝ երբ  չի բաժանվում եւ բաժանելու ակնհայտ տարբերակ չկա։ Այս համատեքստում Երեւանում ընդունված է ասել՝ ոչ մի թիզ հող»,- նշել է նա։

 

Փորձագետը, սակայն, ընդգծել է, որ ժամանակի ընթացքում «չբաժանվողը» կարող է բաժանվել, քանի որ հիշողությունները թուլանում են, մտածելակերպը՝ փոխվում։

 

«Հակամարտությունների կարգավորման համար Ռուսաստանի քաղաքականությունը նշանակալի կարող է լինել, քանի որ նա տարածաշրջանում փորձում է ամրապնդել իր դիրքերը։ Այդուհանդերձ, կոնֆլիկտների շարունակականությունն օգտակար է Ռուսաստանի համար եւ նա ցանկանում է անկայուն իրավիճակները ծառայեցնել իր շահերին»,- ասել է Նիլ Մաքֆարլեյը։ 

 

ԼՂ կարգավիճակի չլուծված լինելը «կրակին յուղ է լցնում»

 

Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում մեծ կոնսեսուս կա Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ, որն արտահայտվում է տարբեր հայտարարություններում։

 

Փորձագետի խոսքով՝ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրության վերջնական դիրքորոշման բացակայությունը երկիմաստություն է առաջացնում։

 

«Այս հարցը թողնվել է կողմերի վրա, որն էլ տեղեկատվական պատերազմի հիմք է դառնում։ Հայերն ու ադրբեջանցիները շարունակում են վիճել պատմական եւ իրավական նախադեպերի շուրջ, եւ ԼՂ կարգավիճակի չլուծված լինելն այդ կրակին յուղ է լցնում»,- ասել է Թոմաս դե Վաալը:

 

Այդուհանդերձ, նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ երկխոսությունը մեծապես կարող է նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը։

 

«Այդ երկխոսությունը պետք է սկսվի շատ դանդաղ, մարդիկ չպետք է հասկանան, որ այն տեղի է ունենում: Կարծում եմ՝ միջազգային հանրությանը պետք է բավականաչափ ազդեցություն ունենա սրանում: Պետք է նրանց տրվի այդպիսի դեր: Կա տպավորություն, որ Մոսկվան չի թողնում, որ նրանք դեր ունենան։ Եթե իրադարձությունները վերանայելու հնարավորություն լիներ, ապա հիմնախնդրի լուծման հարցում կենտրոնական դերը պետք է տրվեր Եվրամիությանը, որն ունի միջազգային փորձ»,- ամփոփել է փորձագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին