Լորենս Բրոերս. Բաքուն փորձում է հետաձգել ԼՂ կարգավիճակի որոշումը - Mediamax.am

9802 դիտում

Լորենս Բրոերս. Բաքուն փորձում է հետաձգել ԼՂ կարգավիճակի որոշումը


Լորենս Բրոերսը
Լորենս Բրոերսը

Լուսանկարը` https://www.chathamhouse.org


Երեւան: Մեդիամաքս: Chatham House-ի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի գիտաշխատող, Caucasus Survey ամսագրի գլխավոր խմբագիր Լորենս Բրոերսն այսօր ասել է, որ «Բաքուն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումն անժամկետ անփոփոխ թողնել»։

Այս մասին փորձագետը նշել է «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները, տեղական եւ միջազգային տեսանկյուններ» միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում։

«Ադրբեջանն իրեն տեսնում է որպես պետություն, որի օգտին են խոսում միջազգային իրավական հիմքերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1993թ.Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, որոնցում ուղղակիորեն նշվում է տարածքային ամբողջականությունը եւ սահմանները բռնությամբ փոխելու անթույլատրելիությունը։ Բաքվում ԼՂ հակամարտությունը, ըստ էության, ներկայացվում է մի տեսանկյունից, որով միազգային իրավական կարծիքը եւ Ադրբեջանի կառավարության պնդումները մեկտեղվում են»,- ասել է Լորենս Բրոերսը։

 

Մյուս կողմից, բրիտանացի փորձագետի խոսքով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում Արեւմուտքը երբեւէ այնքան հստակ չի եղել, որքան Մոլդովայի, Վրաստանի եւ, հատկապես, Ուկրաինայի դեպքում։ 

 

«Սկսած 2014թ. ադրբեջանցիներն Արեւելյան Ուկրաինայի կոնֆլիկտը փորձում են նմանեցնել իրենց հակամարտությանը եւ համարում են, որ այս հարցում անընդունելի է երկակի ստանդարտն ու ազատական երեսպաշտությունը»,- ասել է նա։

 

Լորենս Բրոերսի խոսքով՝ սա մի քանի հետեւանք է ունեցել։

 

«Նախ, աղավաղվել է այն պատկերացումը, թե ներքին հակամարտությունների նկատմամբ կա միասնական իրավական մոտեցում, որից Ադրբեջանը փորձել է օգուտներ քաղել։ Սա նաեւ ամրապնդել է այն գաղափարը, որ համոզելը սկզբունքից ավելի կարեւոր է, իսկ Ադրբեջանը «խավիարային դիվանագիտության» շրջանակում միլիոնավոր դոլարներ է ծախսել եւ ամրապնդել այն դիրքորոշումը, որ ԼՂ ռազմական լուծման դեպքում միջազգային արձագանքն ու դրանց հետեւանքները մեծ չեն լինի»։

 

Փորձագետի կարծիքով՝ Բաքվում վախենում են, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը շարունակվի մինչեւ դրա տրամաբանական ավարտը, ապա ի վերջո կլինի վավերացված անջատում։

 

«Ուստի քայլ առ քայլ առաջ շարժվելով՝ ադրբեջանցիները փորձում են առկա միասնական կարծիքները տարանջատել եւ հետաձգել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի որոշումը։ Նրանք ցանկանում են, որ այս գործընթացն անժամկետ շարունակվի։ Սակայն, կարծում եմ, որ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայկական վերահսկողությունն է՛լ ավելի կամրապնդվի»,- ասել է նա։

 

Լորենս Բրոերսի խոսքով՝ ադրբեջանցի ժողովրդին տարիներ շարունակ ներկայացվել է, որ Ադրբեջանը իր ռեսուրսներով, կարողություններով եւ ներուժով Հայաստանից ավելի ուժեղ է, որը իրեն թույլ կտա ահաբեկել եւ պարտադրել Հայաստանին գնալ զիջումների։

 

«Նրանք ասում են, որ եթե Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմում պարտվել է, ապա կհաղթի սառը պատերազմում։ 2010-ականների սկզբից, սակայն, հոգեբանական այդ կարծրատիպերի շղթան կոտրվել է։ Դրան նպաստել են մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Արաբական գարունը, Իսլամական պետության՝ իշխանության գալը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը եւ այլն»,- նշել է փորձագետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին