Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի խնդրի մասին - Mediamax.am

10293 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի խնդրի մասին


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Արցախ կատարած այցի ընթացքում մի շարք հայտարարություններ է արել ԼՂ կարգավորման վերաբերյալ՝ մամուլի ասուլիսի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը:

Փոխզիջումների մասին

 

Չի կարող խոսք գնալ փոխզիջումների մասին այն պարագայում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը բարձրաձայնում է Երեւանը, Զանգեզուրը գրավելու մասին: Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից կստանանք հստակ ուղերձ առ այն, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Բանակցային ֆորմատի մասին

 

Շատ կարեւոր ենք համարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաեւ կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: 

 

Պատճառներից մեկը, որ հարցի կարգավորման բանակցությունները մինչ այսօր ցանկալի արդյունք չեն տալիս՝ թերեւս նաեւ դա է, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ ոչ լիարժեք, կիսատ ֆորմատով որեւէ բանակցություն կարող է արդյունք տալ: 

 

Կարծրատիպերի մասին 

 

Բանակցություններում մենք չպետք է առաջնորդվենք կարծրատիպերով: Պետք է հասկանանք, որ նպատակը ոչ թե ինքնին բանակցությունն է, այլ՝ խնդրի լուծումը:

 

Մենք պետք է կարողանանք խնդրի լուծման արդյունավետ գործիքներ գտնել: Խնդրի լուծման ամենակարեւոր բաղկացուցիչը ճիշտ ձեւաչափով բանակցություններն են՝ բանակցությունների լիարժեք կողմերից մեկը պետք է լինի Արցախի Հանրապետությունը: 

 

Ես պատրաստ եմ լիարժեք բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը, ի դեմս՝ Արցախի Հանրապետության նախագահի:

 

Արցախի միջազգային ճանաչման մասին

 

Պետք է ջանքեր գործադրենք, այդ թվում՝ սփյուռքի ներուժն օգտագործելու ուղղությամբ, որպեսզի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ոչ միայն շարունակվի, այլ նաեւ նոր թափ ստանա: 

 

Որեւէ կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը  կգործադրի բոլոր հնարավոր ջանքերն Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, բայց կարծում եմ, որ Արցախի Հանրապետության եւ ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում լավագույնս կպաշտպանեն հենց Արցախի իշխանությունները: Ուստի մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ Արցախի Հանրապետությունը եւ իշխանությունն օր առաջ միջազգայնորեն ճանաչվի:  

 

Ադրբեջանի հռետորաբանության մասին

 

Կարծում եմ, ժամանակն է, որպեսզի միջազգային հանրության հակաազդեցությունը Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը ավելի գործնական եւ ավելի հրապարակային լինի:

 

Ադրբեջանը եւ միջազգային հանրությունը պետք է արձանագրեն, որ Հայաստանն ու   Արցախը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի, առավել եւս հիմա, երբ մեր ազգը միասնական է առավել քան երբեւէ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին