Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր բացառել է ԼՂ հիմնախնդրի այնպիսի լուծում, որը «ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար»:
«Չի կարող Հայաստանում լինել այնպիսի իշխանություն, որը կարող է նման որոշում կայացնել», - այսօր մամուլի ասուլիսում ասել է կառավարության ղեկավարը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր համար ընդունելի է «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւը, Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Իսկ Ադրբեջանի համար ընդունելի՞ է այդպիսի լուծումը: Ինչո՞ւ ենք մենք քննարկում փոխզիջումների գնալու մեր պատրաստակամությունը, եթե Բաքուն փոխզիջումների պատրաստ չէ: Եթե Ադրբեջանից ազդակ ստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման գնալ, այդ ժամանակ ազգովի կքննարկենք, թե որն է մեզ համար փոխզիջման ընդունելի սահմանագիծը»:
Մեկնաբանելով բանակցային գործընթացում Արցախի մասնակցության մասին իր հայտարարությունները, վարչապետն ասել է, որ դրանք չեն բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երկխոսությունը:
«Ես նախկինում ասել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, եւ այսօր վերահաստատում եմ դա», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ, նշել է նա, Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունը շարունակում է մտահոգիչ մնալ եւ «առանց վստահության մթնոլորտի ձեւավորման, դրական արդյունքներ ակնկալել չենք կարող»:
Նա տեղեկացրել է, որ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպել են նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ բանակցային գործընթացի մանրամասներին տեղեկանալու նպատակով: Վարչապետը չի բացառել, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալով նաեւ ապագայում:
Խոսելով ՀՀ առաջին նախագահի հետ վերջերս կայացած իր հանդիպման մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկացել է իրեն տեղեկատվություն փոխանցել ԼՂ կարգավորման գործընթացի մասին:
«Հանդիպումը շատ օգտակար էր, սակայն Տեր-Պետրոսյանի տրամադրած տեղեկություններին ես տիրապետում էի», - ասել է վարչապետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: