Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը «նպաստել է դրական դինամիկային» - Mediamax.am

4234 դիտում

Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը «նպաստել է դրական դինամիկային»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը «նպաստել է դրական դինամիկային»:

Հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում՝ Արեւելյան Գործընկերության նախարարական հանդիպմանը, Զոհրաբ Մնացականյանը խոսել է նաեւ ԼՂ կարգավորման մասին:

 

«Համամիտ եմ իմ գործընկեր Էլմարի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանդիպումների լավ դինամիկայի առնչությամբ: Անցած հինգ ամիսների ընթացքում արդեն երկու հանդիպում ունեցել ենք: Լավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ, որը նպաստել է դրական դինամիկային, եւ մենք նպատակադրված ենք ամրապնդել այն: 

 

Հայաստանում շուտով՝ հավանաբար դեկտեմբեր ամսին, տեղի են ունենալու ընտրություններ: Միաժամանակ, հավասարապես կարեւոր առաջնահերթություն է շարունակել ուշադրության կենտրոնում պահել խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձեւավորումը եւ խթանումը, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ՝ վստահության ամրապնդման միջոցառումները, ներառյալ դրանց վերաբերյալ նախորդ համաձայնությունների իրականացումը, իրավիճակի սրման դեմ ռիսկերի նվազեցման միջոցները: 

 

Մենք պետք է կենտրոնանանք այս քայլերի վրա եւ իրական ջանքեր գործադրենք հակամարտության բոլոր կողմերի բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Շատ կարեւոր առաջնահերթություն է ռազմատենչ հռետորաբանությունից եւ ատելության քարոզից ձեռնպահ մնալը:

 

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով, եւ պետք է առավել անմիջական ներգրավվածություն ունենա։ Եվ մենք, իհարկե, դրա մասին խոսում ենք», - ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին