ԱԺ նախագահը ցանկանում է, որ ԼՂ հարցում ԱՄՆ նույնպիսի դիրքորոշում ունենա, ինչպիսին ունի Կոսովոյի պարագայում - Mediamax.am

4019 դիտում

ԱԺ նախագահը ցանկանում է, որ ԼՂ հարցում ԱՄՆ նույնպիսի դիրքորոշում ունենա, ինչպիսին ունի Կոսովոյի պարագայում


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որը կանգ էր առել Հայաստանում` Աֆղանստանի ճանապարհին:

Կոնգրեսականների պատվին տրված ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է.

 

«Ցանկանում եմ երախտիքի խոսք հայտնել բոլորիդ անկախու¬թյունից ի վեր Հայաստանին հատկացվող ֆինանսական, մարդասիրական եւ տեխնիկական օժանդակությունը հնարավոր դարձնելու համար: Այս տարի լրանում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը եւ ուրախ եմ, որ այդ հոբելյանը նշում ենք մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման լավագույն մակարդակի վրա»: 

 

Կոնգրեսի Կանոնների հանձնաժողովի ղեկավար Դեյվիդ Դրայերի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

 

Հանդիպմանը նշվել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ներգրավված է Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող կարեւորագույն խնդիրների լուծման գործընթացում, մասնավորապես` ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցություններում:

 

«Որպես խորհրդարանական, ես կցանկանայի, որ Միացյալ Նահանգները նույնպիսի դիրքորոշում ունենար, ինչպիսին Կոսովոյի պարագայում, բայց առայժմ բավարարվում ենք այն մոտեցմամբ, որ ԱՄՆ-ն ունի այսօր»,-ասել է Սամվել Նիկոյանը:

 

ԱԺ նախագահը ողջունել է ԱՄՆ աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա նշել է, որ չնայած նրան, որ

Թուրքիան սկսեց նախապայմանների լեզվով խոսել, արձանագրությունների վավերացման հարցը դեռեւս գտնվում է Հայաստանի խորհրդարանի օրակարգում:

 

«Դրանով մենք մեր հարգանքն ենք ցուցաբերում միջազգային հանրության նկատմամբ»,- նշել է Սամվել Նիկոյանը: Նա հույս է հայտնել, որ «Թուրքիան մի օր կգիտակցի, որ հարեւանների հետ  խաղաղ գոյակցելն ավելի լավ է, քան կոշտ դիրքորոշումները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին