ԼՂՀ-ն պետք է անմիջական եւ ուղղակի մասնակցի բանակցությունների բոլոր փուլերին, ասել է Կարեն Միրզոյանը - Mediamax.am

4763 դիտում

ԼՂՀ-ն պետք է անմիջական եւ ուղղակի մասնակցի բանակցությունների բոլոր փուլերին, ասել է Կարեն Միրզոյանը


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը

Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն այսօր ասել է, որ «կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը` նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական եւ ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է»:

Կարեն Միրզոյանն ասել է այդ մասին, մեկնաբանելով հունիսի 18-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը:

 

«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարների շահագրգռվածությունն ուղղված Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կայուն եւ խաղաղ կարգավորմանը, որն արտահայտվել է ս.թ. հունիսի 18–ի՝ համատեղ հայտարարությամբ:

 

Տվյալ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է համանախագահող երկրների վճռական դիրքորոշումը՝ բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը եւ նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում եւս մեկ անգամ հաստատել մեր դիրքորոշումն առ այն, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը՝ նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական եւ ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է:

 

Մենք հույս ունենք, որ խաղաղ կարգավորման ջանքերի ակտիվացմանն ուղղված կոչը լսելի կլինի Ադրբեջանում եւ նրա ղեկավարությունը կհրաժարվի միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքներն ընտրովի մեկնաբանելու փորձերից, տարածաշրջանում լարվածության եւ անվստահության մթնոլորտը խորացնելուց, ինչպես նաեւ ստեղծված  իրողություններն անտեսելուց:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հանդիսանալով բանակցությունների գործընթացում ստեղծված իրավիճակից ելք գտնելու եւ երկրի ու ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող որոշումներ կայացնելու մեջ ամենաշահագրգիռ կողմը, պատրաստ է շարունակել ջանքեր գործադրել երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատման համար», - հայտարարել է Կարեն Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին