«Տաշիր» խումբը Ստեփանակերտի նոր բժշկական կենտրոնի կառուցման համար ներդրել է $ 22 մլն - Mediamax.am

18306 դիտում

«Տաշիր» խումբը Ստեփանակերտի նոր բժշկական կենտրոնի կառուցման համար ներդրել է $ 22 մլն


Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակ

Լուսանկարը` ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ստեփանակերտում կայացել է Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան նոր Հանրապետական բժշկական կենտրոնի հանդիսավոր բացումը եւ գործարկումը:

Շուրջ 10 հազար քառակուսի մետր մակերես զբաղեցնող բժշկական կենտրոնն առանձնանում է բացառիկ ճարտարապետական եւ կոնստրուկտիվ լուծումներով, ապահովված է ժամանակակից բուժախտորոշիչ եւ վիրաբուժական սարքավորումներով, որոնք բացառիկ են ողջ անդրկովկասյան տարածաշրջանի համար, եւ կոչված է ծառայելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ բնակչությանը:

 

Բացման արարողությանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Սրբազանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, հյուրեր արտերկրից եւ Սփյուռքից:

 

«Տաշիր» ընկերությունների խումբը ֆինանսապես աջակցել է այս բարեգործական նախագծին: Ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը՝ շինարարությունը եւ նորագույն բժշկական սարքավորումները ներառյալ, կազմել է 22 մլն ԱՄՆ դոլար:

 

Նոր բժշկական կենտրոնը, որի շինարարությունը սկսվել էր 2008 թ-ին, կառուցվել է Ստեփանակերտ քաղաքի հին քաղաքային հիվանդանոցի անմիջական հարեւանությամբ: Կենտրոնն եզակի բժշկական հաստատություն է, որը կարող է բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն ապահովել ԼՂՀ բնակչության համար աշխարհի առաջատար հիվանդանոցների մակարդակին համապատասխան:

 

Բժշկական կենտրոնը հագեցած է ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով, նոր սերնդի բուժական եւ ախտորոշիչ եւ վերակենդանացման սարքավորումներով` աշխարհի առաջատար ընկերություններից, եւ կարող է ընդունել մինչեւ 136 ստացիոնար հիվանդների:

 

Ելույթ ունենալով բացման արարողությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Սամվել Կարապետյանին հանրապետության առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար եւ վստահություն է հայտնել, որ նոր հիվանդանոցի շահագործումը թույլ կտա էապես բարելավել ԼՂՀ բնակչության բուժսպասարկման մակարդակը:

 

«Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ այս բժշկական կենտրոնն իր ֆունկցիոնալ հնարավորություններով համապատասխանում է միջազգային չափանիշներին, նոր մակարդակ է սահմանում մեր հանրապետության առողջապահության զարգացման գործում եւ կաջակցի ԼՂՀ բնակչության առողջության պահպանմանը: Նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցումը հնարավոր է դարձել ազգային բարերար Սամվել Կարապետյանի շնորհիվ եւ խոշորագույններից մեկն է մեր հանրապետությունում: Սա նշանակալի ներդրում է ԼՂՀ առողջապահության ոլորտում, որը հանրապետության համար առանցքային, գերակա ուղղություններից է», - ասել է Բակո Սահակյանը:

 

«Այն, ինչ այսօր տեսնում եք, տարբեր մարդկանց եւ կազմակերպությունների ջանքերի եւ համագործակցության արդյունք է, որոնց շնորհիվ բժշկական կենտրոնը դարձել է ամենաժամանակակիցներից մեկը ոչ միայն երկրում, այլեւ ողջ տարածաշրջանում: Բժշկության հասանելիությունը, առողջապահության համակարգի կատարելագործումը եւ քաղաքացիների առողջության բարելավումը մեր ամենակարեւոր առաջնահերթություններն են: Մենք հպարտ ենք, որ «Տաշիր» ընկերությունը նման եզակի կենտրոն կառուցելու պատիվ ունեցավ: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` ընձեռնած հնարավորության եւ ցուցաբերած վստահության համար», - ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

 

Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան նոր Հանրապետական բժշկական կենտրոնը բազմամակարդակ շենք է: Հիվանդանոցն ունի շտապ եւ անհապաղ օգնության բաժանմունք, որը ներառում է երկու վիրահատարաններ, վերակենդանացման բաժին, հեմոդիալիզի բաժանմունք, թերապեւտիկ, վիրաբուժական եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ, վիրահատական բլոկ:

Հիվանդանոցը նաեւ ստացել է երկու ժամանակակից վերակենդանացման ավտոմեքենաներ, որոնք հանրապետությունում նման դասի առաջին ավտոմեքենաներն են եւ թույլ են տալիս բուժման առաջատար չափանիշներ կիրառել: Վերակենդանացման ավտոմեքենաները հագեցած են կարճ եւ երկար սպինալ վահաններով, վակուումային ներքնակներով եւ անվադողերով, որոնք ապահովում  մարմնի անշարժությունը տեղափոխման ժամանակ, ինչպես նաեւ նորագույն վերակենդանացման սարքավորումներով:

 

Ներքին տարածության կազմակերպումը նախագծողների կողմից մանրակրկիտ  մշակված է՝ ինչպես հիվանդների հարմարավետ կացության եւ տեղափոխման համար պայմանների ստեղծման, այնպես էլ բժիշկների արդյունավետ աշխատանքի ապահովման տեսանկյունից: Նոր բժշկական համալիրը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով` ռենտգենային, ուլտրաձայնային, ֆունկցիոնալ եւ էնդոսկոպիկ ախտորոշման համար անհրաժեշտ սարքեր, ԷՍԳ սարքեր, կարդիոմոնիտորներ, ֆետալ մոնիտոր, ուլտրաձայնային հետազոտության, թոքերի մեխանիկական օդափոխման սարքեր, էնդոսկոպիկ սարքավորումներ, արյան հետազոտման համար կենսաքիմիական անալիզատոր, գլյուկոզայի իմունոֆերմենտային անալիզատոր եւ այլ ժամանակակից սարքավորումներ:

 

Ժամանակակից վիրահատարանները, ինտենսիվ թերապիայի բաժանմունքը թույլ են տալիս բժիշկներին մի շարք բարձր տեխնոլոգիական վիրահատություններ իրականացնել:

 

Հիվանդանոցի բակում տեղադրված քանդակը խորհրդանշում է երկու եղբայրական հանրապետությունների`Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնությունը:

 

Հիվանդանոցը առաջին հիվանդներին պատրաստ կլինի ընդունել ամենամոտ ապագայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին