Քի Վեսթի ծնունդն ու վախճանը - Mediamax.am

19043 դիտում

Քի Վեսթի ծնունդն ու վախճանը

Հունվարի 26-ին Փարիզում կայացան Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի բանակցությունները` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ:

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւ

2001 թվական

 

Հունվար

 

• Հունվարի 26-ին Փարիզում կայացան Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի բանակցությունները` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ:

 

Փետրվար

 

• Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հերքեց իր ադրբեջանցի պաշտոնակից Վիլայաթ Գուլիեւի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանավոր համաձայնության են հասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ:

 

• Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր տարիներին արված գաղտնի առաջարկները: Հեյդար Ալիեւը հայտարարել էր, որ “եթե Ադրբեջանն ընդուներ “ընդհանուր պետության” մոդելը, մենք կկորցնեինք ինքնավարությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ”: Ադրբեջանում միջնորդների առաջարկների հրապարակումից մեկ օր անց, դրանք հայտնվեցին նաեւ հայկական մամուլում:

 

• ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ուղերձ հղեց նախագահ Հեյդար Ալիեւին, որում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն անվանեց “առաջխաղացում դեպի ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի կարգավորումը”: Բուշը հայտնեց Ալիեւին, որ “Միացյալ Նահանգները պատրաստ են օգնել հակամարտության կարգավորման համար ձեր երկրի ներսում հասարակական աջակցության ստեղծման գործում”:

 

Մարտ

 

• Փարիզում կայացավ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի բանակցությունների երկրորդ փուլը` Ժակ Շիրակի մասնակցությամբ: Գնահատելով բանակցությունների արդյունքները, ֆրանսիացի առաջնորդն ասաց, որ «ղարաբաղյան խնդրի լուծման գործում դրական տեղաշարժ է նկատվել»: Նա վստահություն հայտնեց, որ «որոշակի պայմաններում, որոնց համար հողն արդեն մշակվել է, Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության խաղաղ հանգուցալուծման սերմը պետք է լավ ծիլեր տա մինչեւ ընթացիկ տարվա վերջը, որոնք այնուհետեւ կվերաճեն Բաքվի եւ Երեւանի համար փոխընդունելի քաղաքական քայլերի»:

 

• Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն “անհաջող” անվանեց իր վերջին հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ Փարիզում եւ հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգներին կհաջողվի դրական ազդել բանակցությունների ընթացքի վրա:

 

• Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հեյդար Ալիեւի հետ իր “դեմ առ դեմ” հանդիպումների ձեւաչափը գրեթե սպառված է: Նրա խոսքերով, կողմերն արդեն պարզել էին վիճահարույց հարցերի շուրջ միմյանց դիրքորոշումները, եւ այժմ բանակցությունները շարունակելու «հերթափոխը» պետք է ընդունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

 

Ապրիլ

 

• Քի Ուէսթում սկսվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Բանակցությունների բացմանը մասնակցում էր ԱՄՆ պետքրատուղար Քոլին Փաուէլը: Հանդիպման սկզբում Հեյդար Ալիեւը հանդես եկավ Հայաստանի եւ միջնորդների հասցեին ուղղված կոշտ քննադատությամբ: Հայաստանին Ալիեւն անվանեց “ագրեսոր եւ Լեռնային Ղարաբաղում անջատողականության կազմակերպիչ”, իսկ միջնորդներին մեղադրեց նրանում, որ նրանք “պասիվ եւ սպասողական” դիրք են որդեգրել: Ալիեւը խոսեց ավելի քան կես ժամ` ապշեցնելով միջնորդներին եւ ներկա լրագրողներին: Իր պատասխան երկուրոպեանոց խոսքում Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ “ես այստեղ չեմ եկել քարոզչությամբ զբաղվելու համար»:

 

• ԱՄՆ Պետքարտուղար Քոլին Փաուէլը Քի Ուէսթում հայտարարեց, որ «բանակցությունները շատ դժվարին են լինելու»: «Նախագահ Բուշն ուշադրությամբ հետեւելու է դրանց ընթացքին, եւ եւս կարծում եմ, որ եթե հաջողություն ձեռքբերվի, Միացյալ Նահանգների նախագահը ցանկություն կհայտնի հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Դա տեղի կունենա հիմա, թե երբեւէ ապագայում, ես չգիտեմ», - ասել է Քոլին Փաուէլը:

 

• Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան “ուս ուսի աշխատում են”` ձգտելով նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, սակայն «հակամարտության լուծման բանալին գտնվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ձեռքերում», - Քի Ուէսթում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, որը գլխավորում էր ռուսաստանյան պատվիրակությունը բանակցությունների ժամանակ: Տրուբնիկովը հույս հայտնեց, որ բանակցությունների առաջին օրերին ստեղծված լավ մթնոլորտը «կարող է որոշակի դրական արդյունքների բերել»:

 

• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Քի Ուէսթում համատեղ կոմյունիկե ընդունեցին, որում հայտարարեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ “նոր համապարփակ առաջարկի” վրա աշխատանք սկսելու մտադրության մասին: «Չորս օր տեւած ինտենսիվ քննարկումների ընթացքում նախագահները դրսեւորեցին բարի կամք եւ հակամարտության փոխզիջումների  հիման վրա լուծելու հստակ հավատարմություն”, - ասվում էր կոմյունիկեում:

 

• Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ անցան “ծայրահեղ ջերմ” մթնոլորտում:

 

• Ֆլորիդայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվում էին հայեցակարգերի իրագործման հնարավոր ժամկետները, որոնք մինչ այդ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել էին Ժակ Շիրակի հետ Փարիզում, Սպիտակ Տանն անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

 

• Քերի Քավանոն հայտարարեց, որ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Ժնեւում 2001 թվականի հունիսին:

 

Մայիս

 

• Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ խաղաղ համաձայնագիրը տարածքների հանձնում կնախատեսի միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղին շնորհվի այնպիսի կարգավիճակ, որը կգոհացնի հայկական կողմին: Նախարարն ասաց, որ պնդում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ “հորիզոնական” կապի, կամ Ստեփանակերտի` Բաքվին չենթարկվելու տարբերակները: Օսկանյանը չբացառեց, որ բանակցությունների ընթացքում կարող է ի հայտ գալ երրորդ, աննախադեպ տարբերակ: ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի, եւ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքները չեն կարող սիմմետրիկ լինել` ելնելով աշխարհագրական պայմաններից: «Այն հարցում, թե ո՞վ կվերահսկի Նախիջեւան-Ադրբեջան միջանցքը, հնարավոր են քննարկումներ տարբեր առաջարկների շուրջ”, ասաց  Օսկանյանը, սակայն “հայկական կողմի համար, բնականաբար, գերադասելի է, որպեսզի Հայաստանի տարածքով անցնող միջանցքը հսկեն հայկական ուժերը”:

 

• Մեկնաբանելով Օսկանյանի հայտարարություն ները, Բաքվի “Էխո” թերթը, վկայակոչելով բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրին, գրում էր, որ ղարաբաղյան կարգավորման նախագծի մանրամասները, որոնք հնչեցրել է հայ նախարարը, չեն համապատասխանում իրականությանը: «Նման կարգավորման մասին երբեք չի խոսվել, այդ թվում նաեւ` Քի Ուէսթում: Եթե բանակցությունները գրեթե անվերապահելի հաջողություն են խոստանում հայերին, ապա ինչու՞ են նրանք կասկածի տակ դնում խաղաղ կարգավորման գործընթացը` խախտելով  գաղտնիությունը”, - հարց էր բարձրացնում Բաքվի թերթի աղբյուրը:

 

• Մայիսի 5-ին անսպասելիորեն Բաքու ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Քերի Քավանոն: Մի քանի օր անց ամերիկացի դիվանագետը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասաց, որ Բաքու էր մեկնել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի անձնական խնդրանքով: «Նախագահ Ալիեւը զանգահարեց ինձ, երբ ես Գերմանիայում էի: Նախագահը խնդրեց ինձ գալ Բաքու որոշ հարցեր քննարկելու համար», - ասաց Քավանոն:

 

• Մայիսի 11-ին Քերի Քավանոն հանդիպեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Նյու Յորքում: Հանդես գալով «Ներդրումներ Հայաստանում» համաժողովում, Քերի Քավանոն վստահություն հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները կկարողանան հասնել այնպիսի խաղաղ համաձայնության, որը կբավարարի երկու կողմերին: Սակայն, նշեց Քերի Քավանոն, սեփական ժողովրդներին փոխզիջումների անհրաժեշտության մեջ համոզելու ունակությունը յուրահատուկ թեստ կդառնա նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի քաղաքական հնարավորությունների համար: «Մարդիկ Հայաստանում եւ Ադրբեջանում գիտակցում են խաղաղության անհրաժեշտությունը: Սակայն նրանք լիովին չեն պատկերացնում, թե ինչպե՞ս գնալ փոխզիջումների», - ասաց ամերիկացի դիվանագետը:

 

• Մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները ժամանեցին տարածաշրջան: Այցի ընթացքում հայտարարվեց, որ Ժնեւի հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել 2001 թվականի հունիսին, հետաձգվում է անորոշ ժամանակով:

 

Հունիս

 

• Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարեց, որ «ղարաբաղյան հակամարտության «փարիզյան սկզբունքներ գոյություն չունեն»: Գուլիեւը «հայկական կողմի հերթական հորինվածք» անվանեց «փարիզյան սկզբունքների մասին» հայտարարությունները:

 

• Մեկնաբանելով Գուլիեւի հայտարարությունը, Օսկանյանն ասաց. «Իրականությունը կայանում է նրանում, որ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպումներից հետո միջնորդները հնարավոր համարեցին բանակցություններ կազմակերպել Քի Ուէսթում` Քոչարյանի եւ Ալիեւի պայմանավորվածությունները թղթին փոխանցելու նպատակով: Հենց դա ենք մենք անվանում փարիզյան սկզբունքներ կամ պայմանավորվածություններ»:

 

• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելեցին տարածաշրջան եւ ընդունեցին կոմյունիկե, որում դիմեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդներին եւ կոչ արեցին  «հասկանալ լուրջ փոխզիջման անհրաժեշտությունը` քաղաքական կարգավորման ապահովման համար»:

 

Օգոստոս

 

• Սոչիում կայացավ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը, որի արդյունքներով Հայաստանի նախագահը հայտարարեց. «Սխալ կլինի ասել, որ մենք ընդհանուր հայտարարի եկանք»:

 

Նոյեմբեր

 

• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին ժամանեցին տարածաշրջան: Վյաչեսլավ Տրուբնիկովը Երեւանում հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ոչ մի արմատապես նոր բան» չեն առաջարկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: «Մենք  աշխատում էինք սխեմայի վրա, որը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից քննարկվել էր Փարիզում եւ Քի Ուէսթում: Մենք ունեինք ավելի մանրամասն առաջարկներ կարգավորման սխեմայի տարբեր տարրերի վերաբերյալ, որն արդեն հայտնի է երկու նախագահներին: Ողջ նորույթը կայանում է դետալներում: Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ մեզ նոր սխեմա հարկավոր չէ», - նշեց ռուս դիվանագետը:

 

Դեկտեմբեր

 

• ԼՂՀ ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում հայտարարեց, որ «ցավոք, Քի Ուէսթից հետո Ադրբեջանի նախագահը հրաժարվեց նախորդ հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածություններից»: Նա նշեց, որ «հունիսին պետք է հանդիպում կայանար Ժնեում, եւ կողմերն ապրում էին շատ լուրջ ճեղքման եւ, որոշ չափով, նախագահների կողմից համաձայնեցված սկզբունքների հրապարակման կանխազգացումով»: Պատասխանելով ադրբեջանական կողմի` փարիզյան եւ քիուէսթյան պայմանավորվածություններից հրաժարվելու պատճառների մասին հարցին, Նաիրա Մելքումյանն ասաց.

 

«Կարծում եմ, ամենագլխավոր պատճառը, որը ստիպեց Ալիեւին հրաժարվել Քի Ուէսթում տված իր խոստումներից, Ադրբեջանի ներքին իրավիճակն է: Ալիեւը հաստատում էր իր պատրաստակամությունը շարունակել բանակցություններն այն հունով, որի մասին նրանք պայմանավորվել էին ոչ միայն նախագահ Քոչարյանի, այլեւ երեք խոշոր պետությունների նախագահների` Շիրակի, Պուտինի եւ Բուշի հետ: Դժվար թե նա նախօրոք իմանար, որ հրաժարվելու է պայմանավորվածություններից: Իմ կարծիքով, Ալիեւի վրա ուժեղ ճնշում գործադրեց նրա մերձավոր շրջապատը, որն ունակ չէր, հաշվի առնելով սուբյեկտիվ պատճառները, իրագործել Ալիեւի կողմից ստորագրված համաձայնությունները, եթե դրանց իրագործման պատասխանատվությունը փոխանցվեր իրենց: Բնականաբար, նախագահ Ալիեւին անհրաժեշտ է վերահսկել իր շրջապատը` հաշվի առնելով պաշտոնն իր որդուն փոխանցելու նրա ակնհայտ ցանկությունը”:

 

2002 թվական

 

Փետրվար

 

• Միջնորդները առանձին-առանձին հանդիպեցին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին Նյու Յորքում եւ Վիեննայում: Հեյդար Ալիեւը հանդիպումից հետո հայտարարեց, որ միջնորդներն իրեն որոշակի “նոր առաջարկներ” են ներկայացրել: Վարդան Օսկանյանն ասաց, որ Վիեննայի հանդիպման ընթացքում միջնորդները հայկական կողմին “արմատապես նոր որեւէ առաջարկներ” չեն ներկայացրել: Ռուսաստանցի միջնորդ Նիկոլայ Գրիբկովը հայտարարեց, որ համանախագահները ձգտում են “նոր տարրերով հարստացնել անցյալում ձեռքբերված պայմանավորվածությունները”:

 

Մարտ

 

• Մարտի 8-ին ամերիկացի միջնորդ Ռուդոլֆ Պերինան Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասաց. “ժամանակն է լուծել ղարաբաղյան խնդիրը”: Նրա ռուսաստանցի պաշտոնակից Վյաչեսլավ Տրուբնիկովը հայտարարեց, որ միջնորդները նոր “հեղափոխական առաջարկներ” չունեն: Դիմելով Ադրբեջանի նախագահին, Տրուբնիկովը խնդրեց “որպես ճնշում չընկալել” համանախագահների տեսակետը կարգավորման վերաբերյալ: Միաժամանակ ռուս դիվանագետը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չէին ցանկանա “դատարկ ձեռքերով” վերադառնալ տարածաշրջանից:

 

• Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլեւը հանդես եկավ մի շարք մեղադրանքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին: Նա հայտարարեց, որ “ԵԱՀԿ-ն փակել է աչքերը Հայաստանի ագրեսիվ քաղաքականության վրա”: Գուլիեւը նաեւ դժգոհություն հայտնեց, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաեւ ԵԱՀԿ-ն, “առաջադրում են հակամարտության կարգավորման նոր ուրվագծեր” եւ “կոչ են անում Ադրբեջանին հաշտվել իրականության հետ եւ հակամարտությունը լուծել փոխզիջումների հիման վրա, որոնցից մեծ մասին պետք է գնա Բաքուն”:

 

• ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ստեֆան Մենիքեսը հայտարարեց. “Ամերիկայի Միացյալ Նահագները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին ավարտին հասցնել նախորդ տարի Փարիզի եւ Քի Ուէսթի բանակցությունների ժամանակ սկսված աշխատանքը”: “Մենք կոչ ենք անում նախագահներ Քոչարյանին եւ Ալիեւին անել ամեն հնարավորը ղարաբաղյան խնդրի համապարփակ լուծմանը հասնելու համար, որը հիմնված կլինի փոխադարձ անվտանգության եւ փոխզիջումների վրա”, - ասաց ամերիկացի դիվանագետը:

 

Օգոստոս

 

• Օգոստոսի 11-ին Սադարակում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: 4 ժամ տեւած բանակցություններից հետո, Հեյդար Ալիեւն ասաց. “Բանակցային ներուժը սպառված չէ”:

 

Սեպտեմբեր

 

• Տարածաշրջան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Պատասխանելով Մեդիամաքսի հարցին, թե արդյո՞ք կարելի է խոսել այն մասին, որ խաղաղ գործընթացը շարունակվում է 2001 թվականին Փարիզում եւ Քի Ուէսթում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն, Վյաչեսլավ Տրուբնիկովն ասաց. “Իմ կարծիքով, այդ պայմանավորվածություններից նահանջ չկա”:

 

Նոյեմբեր

 

• Ելույթ ունենալով Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) նիստում Պրահայում, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ “եթե Ադրբեջանն ընդուներ կարգավորման առաջարկված նախագիծը, այսօր խաղաղ համաձայնագիրը մասամբ իրագործված կլիներ”:

 

2003 թվական

 

Հոկտեմբեր

 

• Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ են մնում Փարիզի եւ Քի Ուէսթի բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասաց. «Մենք ելնում ենք այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել բարձրագույն մակարդակում` երկու նախագահների միջեւ: Այլ պայմանավորվածությունների մասին ես ոչինչ չգիտեմ: Առայժմ մենք ելնում ենք նրանից, ինչի վրա կանգ են առել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները գրեթե մեկ տարի առաջ կայացած իրենց վերջին հանդիպման ժամանակ”:

 

Դեկտեմբեր

 

• Ժնեւում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը:

 

2004 թվական

 

Հունվար

 

• Վյաչեսլավ Տրուբնիկովը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ժնեւում “կարեւոր նշանակություն ուներ, սակայն չէր կարող հանել բոլոր հարցերը, այդ թվում այն հարցերը, որոնք վերաբերվում են ընթացակարգային կողմին”: “Բացի այդ, հարկավոր է նոր ընդհանուր հիմք մշակել բանակցությունների համար”, - հայտարարեց Վյաչեսլավ Տրուբնիկովը: “Մինսկի խմբի ավելի քան տասնամյա պատմության ընթացքում առաջարկվել են կարգավորման մի քանի տարբերակներ, սակայն բոլորը մերժել են կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի կողմից: Ըստ էության, կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները այսպես կամ այնպես եղել են բանակցային գործընթացի օրակարգում”, - ասաց Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

 

• Հունվարի 20-ին Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հանդես գան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր առաջարկներով: Ադրբեջանի նախագահն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերջին մի քանի տարիների ընթացքում “անհաջող” էր եւ Ադրբեջանի հասարակությունը “շատ բան է սպասում միջնորդներից”:

 

• Հունվարի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ “Իլհամ Ալիեւը գիտակցում է սեփական թուլությունը ղարաբաղյան կարգավորման հարցում”: Նախարարը նշեց, որ Ադրբեջանի նախորդ նախագահը պատրաստ էր իր վրա վերցնել խնդրի լուծման պատասխանատվությունը: “Հեյդար Ալիեւը գտնում էր, որ անհրաժեշտ բարոյական իրավունք ունի հակամարտության կարգավորման համար”, - ասաց Օսկանյանը: Նրա խոսքերով, հենց դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ 2001 թվականին Քի Ուէսթի բանակցություններում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւն ընդհուպ մոտեցան խնդրի լուծմանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը  հայտարարեց, որ Հեյդար Ալիեւի մերձավոր շրջապատը, այդ թվում նրա որդի Իլհամը պատճառ դարձան, որ հետագայում Ադրբեջանի առաջնորդը հրաժարվեց Քի Ուէսթի պայմանավորվածություններից: “Հեյդար Ալիեւն այդ ժամանակ արդեն որոշակի առողջական խնդիրներ ուներ, եւ նա մտավախություն ուներ, որ չի հասցնի կյանքի կոչել ձեռքբերված պայմանավորվածությունները”, - նշեց Վարդան Օսկանյանը:

 

Փետրվար

 

• ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարեց, որ “բանակցային գործընթացը գործնականում փակուղի է մտել, քանի որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը կրկին չեն ցանկանում փոխզիջումների գնալ”: “Այժմ իրավիճակն այնպիսին է, որ կողմերը կառչել են իրենց դիրքորոշումներից, բացարձակ ոչ մի շարժում չկա”, - նշեց ռուսաստանցի դիվանագետը: Մերզլյակովի խոսքերով, միակ այլընտրանքը “կողմերի միջեւ գոնե ինչ-որ բանակցությունների հաստատումն է”: “Որպեսզի դա չլինի հրապարակային, այլ լինի հնարավորություն քննարկել եւ որոշել այն հարցերի շրջանակը, որի վերաբերյալ կողմերը պատրաստ են ինչ-որ բան խոսել: Դեռեւս դա չկա: Ընդհանրապես, օրակարգ չկա”, - հայտարարեց ռուս համանախագահը:

 

• Փետրտարի 11-ին Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարեց, որ պաշտոնական Բաքուն “զրոյից” է սկսում ղարաբաղյան կարգավորման բանակցությունները:

 

• Հայաստանի ԱԳՆ արձագանքն այդ հայտարարությանը. «Եթե Ադրբեջանը ցանկանում է զրոյից սկսել բանակցային գործընթացը, ապա նա պետք է դիմի բացառապես Ստեփանակերտին, եթե վերջինս, իհարկե, համաձայնվի դրա հետ”:

 

Մարտ

 

• Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ “վերջին 12 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի դրական քայլ չի նախաձեռնել”: “Մինսկի խմբի այսօրվա դիրքորոշումը չի կարող դրական դեր խաղալ, քանի որ այն արտահայտվում է ոչ թե խնդրի լուծմամբ, այլ դրան հետեւելով”, - հայտարարեց Ադրբեջանի նախագահը:

 

• Իլհամ Ալիեւը հերքեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածությունների մասին պնդումները: “Որեւէ պայմանավորվածություններ չկան: Դա ընդամենը հայկական կողմի հերթական հորինվածքն է”, - հայտարարեց նա: “Եթե նման պայմանավորվածություն կա, ապա թող հայերը պաշտոնապես հայտարարեն դրա մասին եւ հրապարակեն մամուլում: Ես խորհուրդ կտայի նրանց հրաժարվել այդ ստից: Այսօր աշխարհը թափանցիկություն է պահանջում: Անհնար է գաղտնի պահել ցանկացած համաձայնություն, նույնիսկ` գաղտնի համաձայնություն: Ես խոսել եմ Մինսկի խմբի համանախագաըհների հետ, եւ կոչ եմ անել նրանց խորհուրդ տալ այդ մարդկանց Հայաստանում հրաժարվել ստից, քանի որ դա պատիվ չի բերում բանակցություններին մասնակցող ոչ մի կողմին”, - ասաց Իլհամ Ալիեւը:

 

• Հայաստանի ԱԳՆ կոչ արեց պաշտոնական Բաքվին “պահմտոցի չխաղալ”, եւ “հստակ եւ ազնիվ հայտարարել”, որ չի ցանկանում ուշադրություն դարձնել վերջին տարիների ղարաբաղյան կարգավորման բանակցությունների արդյունքներին: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի նախագահի առաջարկին` “հրապարակել փաստաթղթերը, եթե այդպիսիք քան”, ապա, ինչպես նշեց Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, “գրավոր փաստաթղթերը կազմվել են ոչ թե մեր, այլ Մինսկի խմբի կողմից, եւ եթե ադրբեջանական կողմը շահագրգռված է դրանց հրապարակման մեջ, ապա թող դիմի միջնորդներին”:

Մեր ընտրանին