Լիլիթ Մանուչարյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

906 դիտում

Լիլիթ Մանուչարյան. «Անհավանական բարի պատմությունը»


Լուսանկարը`


Այս պատմությունը աննշան է՝ տիեզերական սահմանների համեմատ, սակայն շատ կարևոր՝ մի աղջկա համար, ում մեծ կանաչ աչքերի մեջ միշտ արևաղիկներն էին ճառագում։

 

Ընդամենը յոթը տարի էր, ինչ Երկիր մոլորակը, պտույտ գալով, օրեցօր ողջունում էր նրան, կամ էլ՝ շուրջ յոթը տարի էր, ինչ աղջնակը ուսումնասիրում էր լույս աշխարհը։

 

Լիլիթը փոքր էր մեծերի աչքերում, սակայն մեծ՝ սեփական գնահատմամբ։ Նրա միտքը զարթուն էր, սիրտը վայրկյանների զարկերից առաջ էր ընկնում՝ բողբոջ էր, որը պիտի ծաղկեր:

 

Լիլիթին շրջապատում էին նրա քույրիկները, երեկոյան նա շփվում էր իր հայրիկի հետ, ուներ մի քանի ծանոթ աղջիկ ու տղա, ում հետ բակում էր խաղում։ Բայց կար մեկը, առանց որի նա իրեն անսահման տխուր ու միայնակ էր զգում. մայրիկն էր այն մարդը, ում բացակայության ժամանակ Լիլիթի աչքերից, նրա ցանկությունից անկախ, սակայն զգացմունքներին համահունչ, ծանր ու աղի արցունքներ էին հորդում։ Դեմքի այդ վտառները չէին ցամաքում այնքան ժամանակ, մինչև Լիլիթը իր կողքին չզգար մայրիկի ջերմությունը։ Եվ այդ պահին նրա կարմրած աչքերի մեջ երջանկություն էր առկայծում։

 

Այդ տարի ամռանը աղջիկը իր ընտանիքի հետ եկել էր Դիլիջան՝ թարմ ու խոնավ օդ շնչելու։ Եղանակը տաք էր, խաղերը՝ անվերջ։ Ամեն բան լավ էր՝ բարի ու գեղեցիկ, բացի մի բանից՝ մայրիկն էր տխուր։ Լիլիթը գիտեր, որ նրան «մեծական» մտքեր են տանջում, որ սրտում ցավ ունի։ Բայց թե ինքն ի՞նչ կարող էր անել մայրիկի համար, որ այդ ցավերը մեղմեր՝ չգիտեր։

 

Մի առավոտ Լիլիթն արթնացավ, պատշգամբ դուրս եկավ ու նայեց հեռվում  երևացող ծառաշատ սարերին, որոնց գագաթները մարախուղի բարակ շղարշի տակ էին թաքնվել։ Որաշ ժամանակ անց եկավ աղջկա մայրիկը, կանգնեց դստեր կողքին և ասաց.

 

- Ուզում եմ եկեղեցի գնալ, կընկերակցե՞ս ինձ։

 

Լիլիթը համաձայնվեց, որովհետև հասկացավ, որ այդ պահին մայրիկի ընկերը դառնալով, նա կդառնա նաև նրա օգնականը։

 

Ու նրանք դուրս եկան տանից։

 

Ճանապարհը տևական էր,  գնում էին դեպի Ջուխտակ վանքը։ Ընթացքում մայրիկը գրեթե չէր խոսում, Լիլիթն էլ  լռությունը իր անխոս մտքերով էր լցնում։

 

Ճանապարհը զառիվեր էր, անցնում էր անտառի միջով։ Մեկ էլ հանկարծ մի այնպիսի անջրև սկսվեց, որ կավուտ հողը սկսեց պլստալ, տեղ-տեղ ծորալ ոտքերի արանքով։ Քայլքը դանդաղեց, սակայն չկանգնեց։

 

Լիլիթը մայրիկի ձեռքնը բռնած՝ մտածում էր. «Որքա՜ն լավ է, որ մայրիկիս միայնակ չեմ թողել այս դժվար պահին»։

 

Մոտ երկու ժամ անց նրանք հյութեղ խոտով ծածկված մի բացատ տեսան, որի տերն ու տիրակալը 11-րդ դարում կառուցված մի հինավուրց մատուռն էր։ Այն վստահ, բայց լքված տեսք ուներ. քիչ առաջ ճանապարհել էր իր վերջին հյուրին՝ անձրևին։

 

Մայրն ու աղջիկը մտան վանքը։

 

Դարերի աղոթքները շաղախել էին մամռոտած պատերը, խոնավության հոտը խառնվել էր այրվող մոմերի ջերմության հետ։ Թրջված հագուստը կպել էր մարմնին։

 

Լիլիթը նայեց մայրիկին: Վերջինս՝ աչքերը հառած կամարաձև պատուհանին, լաց էին լինում և կամացուկ աղոթք շշնջում։

 

Լիլիթը ևս նայեց այդ նեղլիկ պատուհանին, և կիսաբաց աչքերի ծիածանափայլի ներքո տեսավ ալ-կարմիր լուսաշիթը։ Այդ ակնթարթում նրա սիրտը լցրեցին տիեզերական զարմանքն ու անսահման երջանկությունը: Լիլիթը կրկին նայեց մայրիկին: Վերջինի աչքերում հույս էր ծնվել։

 

Մայր ու աղջիկ դուրս եկան եկեղեցուց: Անձրևը վաղուց կտրվել էր: Երկնքում պայծառ արևն էր ճառագայթում։

 

Երկուսն էլ ուզում էին խոսել, պատմել  ներսի զգացմունքների մասին։ Աղջիկը կանգ առավ ու ասաց.

- Մայրիկ, տպավորություն է, որ ես աշխարհի բոլոր-բոլոր մարդկանց անիրական սիրով եմ սիրում։ Մայրիկը մեղմորեն ժպտաց և դստերը ամուր սեղմեց կրծքին։

 

Լիլիթի սիրտը անկանոն տրոփում էր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին