Արմինե Մուրադյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

1402 դիտում

Արմինե Մուրադյան. «Անհավանական բարի պատմությունը»


Լուսանկարը`


Շատերն են լսել Մեծն շանսոնյեի և նրա ֆրանսահայ ընկերների բարեգործությունների մասին, բայց ես, երևի, այն եզակիներից եմ եղել, ով անձամբ իր մաշկի վրա է զգացել այդ ամենը:

 

1988-ի ավերիչ երկրաշարժի մասին լուրն անմիջապես լսելով՝ Ազնավուրն իր ընկերների հետ ժամանեց Հայաստան: Նրա այցը փրկություն էր ամբողջ հայ ժողովրդի համար:

 

Աղետի գոտին տեսնելուն պես նա բոլորին խոստացավ իր ուժերի ներածին չափով օգնել հայ ժողովրդին: Ազնավուրը ոչ միայն իր խոստումը կատարեց, այլև սփյուռքի հայությանը համախմբեց և բազմակողմանի օգնություն ցուցաբերեց իր հայրենակիցներին։ Նրա և ֆրանսահայ բարերարների կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։            

 

Հազարավոր ֆրանսահայեր իրենց «համեստ» լուման էին ներդնում այդ գործում: «Sos Arménie» կազմակերպության շնորհիվ բազմաթիվ երեխաներ մեկնում էին Ֆրանսիա՝ բուժման նպատակով: Իհարկե, 90-ականների սկզբներին միայն երազանք կարող էր լինել գնալ Ֆրանսիա և հատկապես բուժում ստանալ, լիովին ապաքինված վերադառնալ հարազատ օջախ:

 

Ես այն եզակի և հաջողակ երեխաների շարքում էի, որոնց բախտ վիճակվեց 1992թ-ի դեկտեմբերի 30-ին մեկնել Ֆրանսիա՝ Նիցցա:

 

Լույսերի մեջ ողողված քաղաք, ամանորյա հրավառություններ, ուրախ դեմքեր... մի պահ մտածեցի, որ հեքիաթում եմ հայտնվել, որովհետև նման չէր ավերակ դարձած, մթության մեջ հազիվ մոմերի լույսով երևացող քաղաքիս: Այնտեղ բնակվեցի մի շատ ուրախ, կյանքով լեցուն ֆրանսահայ կնոջ տանը: Ամեն օր գնում էինք Միջերկրական ծովի ափ, քայլում, երկար զրուցում, իսկ երեկոյան՝ վայելում հրաշք քաղաքի ողջ հմայքը: Հաճախ էր հարցնում, թե ինչպես են Հայաստանում մարդիկ տնակներում ապրում, ինչ օգնություն են ստանում: Ես այդ ժամանակ չէի հասկանում այդպիսի հարցերն ինչի՞ համար էին տրվում:

 

Մի երեկո Շաքեն ինձ պատմեց, որ ինքը և իր ընկերները բնակարաններ են վաճառել, իսկ ողջ հասույթը՝ փոխանցել  Հայաստանին: Ես իսկապես ապշեցի, երբ իմացա այդ ամենի մասին:

 

Ահա և եկավ սպասված օրը՝ 1993թ-ի հունվարի 28-ը, ինձ համար ճակատագրական օր: Այդ օրն ինձ վիրահատեցին և ես բոլոր առողջ մարդկանց պես ունեցա առողջ, բաբախող սիրտ՝ ի շնորհիվ Աստծո օրհնության և բժիշկների բարձր վարպետության: 3 ամիս հետո լիովին ապաքինված վերադարձա տուն:

 

Աննկարագրելի էր իմ ու ընտանիքիս անդամների՝ հատկապես ծնողներիս հուզմունքն ու ուրախությունը:

 

Նույնիսկ մոմի լույսն էր բոցկլտում. ասես նա էլ էր ուրախացել իմ վերադարձից : Այդ երեկո ես հասկացա, թե որքան մարդիկ են ինձ օգնել և իմ կողքին եղել:

 

Երբեք առիթ չեմ ունեցել իմ երախտիքի խոսքն ասելու այն մարդկանց, ովքեր այս ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ մեջ իրենց մասնակցությունն են ունեցել: Այսօր՝ ուղիղ 25 տարի անց, ուզում եմ շնորհակալություն հայտնել և խոնարհվել այն մարդկանց առաջ, ովքեր այս բարի գործի մեջ իրենց «փոքրիկ  լուման» են ներդրել: Իհարկե, շատերը հիմա ցավոք ֆիզիկապես մեզ հետ չեն՝ մայրս, Շառլ Ազնավուրը, Նորք Մարաշ բժշկական կենտրոնի մանկական կարդիոլոգ Կոնստանտին Տեր-Ոսկանյանը և շատ ուրիշներ, բայց ես հղում եմ իմ խորին երախտիքի խոսքերը՝

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, որ եղել եք իմ կյանքի կարևոր պահերի կերտողները, ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈ՜ՒՆ...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին