Հասմիկ Վարդանյան. «Անհավանական բարի պատմությունը» - Mediamax.am

828 դիտում

Հասմիկ Վարդանյան. «Անհավանական բարի պատմությունը»


Լուսանկարը`


Անհավանական պատմություններն են կերտում մի սյուժե, որի անունն է կյանք: Հերոսները հասարակ մահկանացուններն են, որոնց առաքելությունն է ապրել և արարել: Իմ հյուսված կյանքի էջերը թերթելիս ակամայից հիշում եմ մանկությունս. մեր թթենին, խաղողի վազը, նկուղը`զարդարված տատիկիս պատրաստած զարմանահրաշ ստեղծագործություններով: Հիշում եմ ինձ ծառերի վրա բարձրանալիս:

 

Ամառային տոթ օր էր: Հովն ընկնելուն պես, վերցրեցի սիրելի գրքերիցս մեկն ու բարձրացա թթենու վրա: Արևն այրում էր ալ այտերս: Մերթ նայում էի երկնքին, մերթ լսում էի մեր հավերի երաժշտական համերգը, մերթ շարունակում ուսումնասիրել Տվենի աշխարհը: Երկնքում նկարում էի արքայազնին, աղքատ տղային: Պոկում էի թթենու տերևները և դրանցով փակում էի աչքերս`կիզիչ արևից թաքնվելու համար: Երազում էի, չէ՞ որ մանկության արմատները երազներն են, իսկ տերևները` երեխաները: Չգիտեմ ինչպես, սակայն խոշոր աչքերիս կոպերը թրթռացին և հանկարծակի քնեցի հսկայական թթենու վրա: Երազում ծանոթացա հսկաների ու թզուկների հետ, Քաջ Նազարի հետ: Ճախրում էի գույնզգույն գորգի վրա:

 

Արդեն ուշ էր: Մեր թաղամասում բոլորը փնտրում էին Հասմիկին: Մայրս կարծում էր, թե էլի ինքնագլուխ գնացել եմ մոշ հավաքելու: Լսում էի ինչ-որ ձայներ, սակայն խորն էի քնած և չէի արձագանքում: Հանկարծ զգացի, որ թռչող գորգից վայր ընկա` հայտնվելով Վազգեն պապիկիս ձեռքերի վրա: Նա ինձ փրկեց ընկնելուց: Երբ բարձրացանք տուն, պապիկս ասաց.

 

- Դու մեծ մարդ կդառնաս, փոքրի´կ ավազակ: Հիշի´ր, որ կյանքում գիտելիքն է զենքը: Պատրաստ եղիր վայրէջքների ու վերելքների: Չկորցնե´ս բարությունդ: Հա, մեկ էլ թթենին բարձրանալիս կկանչես երկուսով բացահայտենք Տվենին:

 

Դժվար է գյուղում ապրած, աշխատանքի մեջ թաթախված աղջնակին մտածել, որ սարերից այն կողմ կա մի բանալի, որով բացվում են արտասովոր կյանքի դռները և այդ բանալին գիտելիքն է: Ափսոս, որ բանալին ձեռքումս է այժմ, բայց այն մարդը, ով ինձ ոգեշնչել է էլ ավելի իմանալ այս մեծ աշխարհի մասին, կողքիս չէ: Մի մարդ, ով կերտել է կյանքիս ամենաբարի պատմությունները, ում աչքերը քեզ տանում էին բարության թանգարան:

 

Ի´մ կապուտաչյա պապիկ, գիտեմ, որ դու լազուրից հիանում ես ինձնով: Ես կատարում եմ քո երազանքը, սնվում եմ գիտելիքով: Այժմ էլ թթենու վրա նստած նայում եմ դեպի երկինքը կապույտ և այնտեղ ջանում եմ գտնել նրա բարի դիմագծերը, դաշտային աշխատանքից ծանրացած կոպերը, իմ կյանքահեքիաթի հերոսին`պապիկիս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին