Մարինա Դանոյան. Մեր բակի Ռեկոն - Mediamax.am

601 դիտում

Մարինա Դանոյան. Մեր բակի Ռեկոն


Լուսանկարը`


Վաղ պատանեկությանս վառ հիշողություններից է Ռեկոն, ով իր ուրույն և անփոխարինելի տեղն է գտել իմ սրտում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր բակի Ազատը օրերից մի օր գյուղից շան ձագուկ բերեց՝ տանը պահելու մտադրությամբ: Սակայն ծնողները կարծես պատրաստ չէին ձագուկին տանը ընդունել և Ազատը՝ հուսահատված, մեզ՝ բակի երեխաներիս, խորհրդակցության հրավիրեց, որպեսզի որոշենք շան հետագա ճակատագիրը: Կարճ խորհրդակցությունից հետո Բաղրամյան 70-ի մանկական խորհուրդը միահամուռ որոշեց, որ շունը կապրի մեր բակում և բոլորս հոգ կտանենք նրա մասին: Ձագուկին անվանեցինք Ռեկո և բակում մի տեղ առանձնացրեցինք նրա համար: Այսպես սկսվեց Ռեկոյի նոր կյանքը Երևանի կենտրոնական բակերից մեկում: Այսպես սկսվեց նաև մեր բակի պատմության մեջ մի նոր փուլ, որը տևեց չորս տարի: Ռեկոյի շուրջ համախմբվեց մեր ամբողջ բակը. ճաշելիս միշտ պահում էինք Ռեկոյի չափաբաժինը, բակում խաղալիս Ռեկոն դառնում էր խաղի մասնակից (հատկապես տպավորվել է, թե ինչպես էր նա ձյունառատ բակում սահնակի բռնիչը բերանի մեջ պահած՝ երեխաներով լի սահնակը բակով վազեցնում), իսկ առավոտյան նա երեխաներին դպրոց էր ուղեկցում: Լինում էին պահեր, երբ ես ինչ որ բանից շատ տխրած գալիս էի Ռեկոյին պատմում դժվարություններիս մասին. նա խելացի հայացքով ինձ էր նայում, կարծես ամեն ինչ հասկանում էր և իր բարի աչքերով սփոփում թախիծս:

 

Իսկ ինչքան էինք մենք անհանգստացել, երբ իմացանք, որ քաղաքում սկսել են պայքարել թափառական շների դեմ: Գիշերներով լսվում էին կրակոցներ և վիրավոր շների ոռնոցներ: Այդ շրջանում բակի երեխաները սովորեցրին Ռեկոյին գիշերներն անցկացնել մուտքերում և դուրս չգալ: Նրա հետ ընկերացել էին ոչ միայն երեխաները, այլ նաև մեծերը. չեմ կարող չառանձնացնել մեր բակի անասնաբույժ Նանեին, ով իր անձնական հովանու տակ էր առել Ռեկոյին,կատարել բոլոր անհրաժեշտ պատվաստումները և մշտապես հետևում նրա առողջությանը: Իսկ օրերից մի օր մեր Ռեկոն ձագեր ունեցավ՝ մեկը մեկից գեղեցիկ: Սակայն ձագերին մի մեծ փորձություն էր սպասվում. գիշերը նրանք ենթարկվեցին առնետների հարձակմանը: Երբ իմացա այդ զարհուրելի լուրը՝անմիջապես վազեցի Ռեկոյի մոտ: Նանեն արդեն հասցրել էր մշակել ձագերի վերքերը և նրանք խեղճացած պառկած էին իրենց մայրիկի գրկում: Երբեք չեմ մոռանա Ռեկոյի հուսահատ և մեղավոր հայացքը. դա հայացք էր մի մոր, ով չէր կարողացել վտանգից պաշտպանել իր ամենաթանկ էակներին: Տեսնելով այդ պատկերը՝ չկարողացա զսպել զգացմունքներս և արցունքները առատորեն աչքերիցս հոսեցին: Իսկ Նանեն հանգտացնում էր ինձ՝ ասելով, որ ձագուկների կյանքին էլ ոչինչ չի սպառնում և որ նրանք անպայման կապաքինվեն: Երբ ձագուկները որոշ ժամանակ անց առողջացան և արդեն բավականին հասուն էին մայրիկից բաժանվելու համար, մենք՝ Նանեի գլխավորությամբ, նրանց «Վերնիսաժ» տարանք և նրանց համար նոր տերեր գտանք:

 

Պատմությունս չէի հասցնի տրամաբանակամ ավարտի, եթե չպատմեի, ինչպես ավարտվեց Ռեկոյի կյանքը... Պետք է խոստովանեմ, որ հարևաններից բոլորը չէին, որ ընդունում էին Ռեկոյին, կային այնպիսինները, ովքեր փորձում էին նրանից ազատվել: Օրերից մի օր մենք գտանք Ռեկոյի անկենդան մարմինը մեր բակի տաղավարում... կային լուրջ կասկածներ, որ նրան թունավորել էր հարևաններից մեկը:

 

Դե ինչ, չարն ու բարին միշտ էլ կողք կողքի գոյատևել են, սա աշխարհի նման հին ճշմարտություն է և, ցավոք, երբեմն, ցավալի հետևանքներով: Սակայն կարծում եմ, տվյալ դեպքում բարին հաղթեց, քանի որ բակի բնակիչներից շատ շատերը և հատկապես մենք՝ երեխաներս, Ռեկոյի շնորհիվ մեկընդմիշտ ընկալեցինք և ամրապնդեցինք կյանքի կարևորագույն արժեքներ, ինչպիսիք են սերը, հոգատարությունը մեկը մյուսի նկատմամբ, կարեկցանքը, բարությունը... արժեքներ, որոնք դարձան այս պատմության մեջ ընդգրկված շատերի կյանքի մշտական ուղեկիցները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին