Հարցումների «խոհանոցը»` մաս 1 - Mediamax.am

exclusive
3003 դիտում

Հարցումների «խոհանոցը»` մաս 1

Ժամանակ առ ժամանակ`առավել հաճախ նախընտրական շրջանում, հանրությանն են ներկայացվում հասարակական կարծիքի ուսումնասիրություններ, որոնք երբեմն շփոթմունք են առաջացնում հենց հասարակության շրջանում:

Գեւորգ Պողոսյանը:
Գեւորգ Պողոսյանը:

Լուսանկարը` PanArmenian Photo:


Ժամանակ առ ժամանակ`առավել հաճախ նախընտրական շրջանում, հանրությանն են ներկայացվում հասարակական կարծիքի ուսումնասիրություններ, որոնք երբեմն շփոթմունք են առաջացնում հենց հասարակության շրջանում: Ի՞նչ է կատարվում սոցիոլոգիական ընկերություններում գունավոր գրաֆիկներով տվյալների հրապարակելուց առաջ: Զրուցելով Հայաստանում սոցհարցումներ իրականացնող խոշոր կազմակերպությունների հետ, Մեդիամաքս-ը փորձել է պարզել, թե ինչպե՞ս են նրանք հավաքագրում եւ մշակում տեղեկատվությունը, եւ ինչպե՞ս են պատրաստվում վերականգնել վստահությունը սոցհարցումների նկատմամբ:

 

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիա

 

Հիմնադրման տարեթիվը

 

Ասոցիացիան սկզբնապես Խորհրդային սոցիոլոգիական ասոցիացիայի հայկական մասնաճյուղն է եղել (1983-ից): 1992թ. առանձնացել է եւ դարձել Հայկական սոցիոլոգիական ընկերակցություն: 1992-ից Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի ազգային անդամ է:

 

Հիշարժան հետազոտություններ

 

Համաշխարհային արժեքների հետազոտություն (World values survey) 45-50 երկրների մասնակցությամբ եւ Եվրոպական արժեքների հետազոտություն (European values study):

 

Հետազոտությունների քանակը մեկ տարում

 

Վերջին տարիներին`10-15, մինչեւ ճգնաժամը` 34-40:

 

Անսպասելի ցուցանիշներ

 

«Հայի ճակատագիրը Հայաստանում» հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայաստանցիների մեծամասնությունը անհաջողություն է համարում հայ ծնվելը, առավել եւս` Հայաստանում: Միգրացիայի վերաբերյալ հետազոտությունից էլ պարզ է դարձել, որ բնակչության 40%-ը պատրաստ է հեռանալ երկրից եւ մշտական բնակություն հաստատել արտասահմանում:

 

Սուղ ժամկետներ

 

Երբ ողջ հետազոտությունը տեւում է 3-4 օր:

 

Տարբեր հետազոտություններից պարզ է դարձել

 

Հայաստանը մի քանի մակրոցուցանիշներով աշխարհում եզակի երկրիր է` բնակչությունը 3 մլն է, իսկ սփյուռքը` 8 մլն, ազգաբնակչության 35%-ը ապրում է մայրաքաղաքում եւ 97%-ը ազգությամբ հայ է:

 

Հետազոտությունների ուղղվածությունը

 

Սոցիալական, քաղաքական եւ մարքեթինգային:

 

Առաքելությունը

 

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի (ՀՍԱ) հիմնական առաքելությունը, բացի սոցհետազոտությունների իրականացումից, նաեւ սոցիոլոգիական կրթությունն է եւ սոցիոլոգիայի քարոզչությունը` գիտական աշխատանքների տպագրություն, գիտաժողովների կազմակերպում, մասնակցություն միջազգային համաժողովներին եւ այլն: Ասոցիացիան նաեւ անդամակցում է Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիային եւ ESOMAR-ին:

 

****

 

Ասոցիացիայի իրականացրած հետազոտությունների ճնշող մեծամասնությունը մարքեթինգային են`ալկոհոլային խմիչքների, սուրճի, հյութերի, ծխախոտի, կոսմետիկայի շուկաների ուսումնասիրություններ: ՀՍԱ նախագահ Գեւորգ Պողոսյանի խոսքերով, իրենց պատվիրատուները միջազգային կոնցեռներն են, քանի որ տեղի արտադրողներին որպես կանոն չի հետաքրքրում մարքեթինգը:

 

Մարքեթինգային հետազոտությունները ներառում են սպառողական վարքագծի ուսումնասիրություններ, թե ինչ տեղի կունենա, երբ բարձրացվի կամ իջեցվի ապրանքի գինը, փոփոխվի ապրանքանշանի գույնը, ձեւը, դասավորությունը խանութում եւ այլն:

 

«Այս հետազոտությունները սոցիոլոգիայի մի մասն են, սակայն ես դրանք միշտ առանձնացնում եմ, որովհետեւ կոմերցիոն նպատակներ են հետապնդում, ի տարբերություն սոցիալական ոլորտի ուսումնասիրությունների, որոնք բարձրացնում են հասարակությանը հուզող խնդիրները»,-Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Գեւորգ Պողոսյանը` նշելով, որ կոմերցիոն բնույթի տեղեկատվություն հրապարակել չի կարելի:

 

Գեւորգ Պողոսյանը:

Լուսանկարը` Photolure:

 

Ասոցիացիան մի շարք հետազոտություններ է իրականացրել Եվրամիության, Համաշխարհային բանկի, UNDP-ի, UNICEF-ի համար, որոնք եղել են սոցիալական խնդիրների մասին` երիտասարդների հեռանկարները Հայաստանում, գենդերային խնդիրները, երեխաների վիճակը ընտանիքներում, միգրացիա, թրաֆիքինգ եւ այլն: Հետազոտությունները սովորաբար ֆինանսավորվում են դրամաշնորհների ձեւով կամ պայմանագրային սկզբունքով:

 

Ստացված արդյունքները գրեթե միշտ տարբեր լեզուներով տպագրվում են հաշվետվությունների, գրքերի, հոդվածների ձեւով կամ տեղադրվում են կայքերում: «Որպես կանոն, պայմանագրում մի կետ ենք ավելացնում, որ արդյունքները պետք է հրապարակվեն: Բոլորս գիտենք, որ ինֆորմացիան նրանն է, ով վճարում է դրա համար, բայց մենք տեղեկացնում ենք, որ ուզում ենք այն օգտագործել գիտական հոդվածների համար»,- ասել է Գեւորգ Պողոսյանը:

 

Ինչո՞ւ չեն ընդունում կուսակցությունների պատվերները

 

Ընկերության քաղաքական հետազոտությունների 99%-ը պատվիրվում են արտասահմանյան կազմակերպությունների կողմից` հիմնականում նախընտրական շրջանում: 

 

«Կուսակցությունների համար սկզբունքորեն չենք իրականացնում հարցումներ, որպեսզի պահպանենք մեր անկախությունը: Ոչ միայն կվտանգենք մեր հեղինակությունը, այլեւ պատվերներ չենք ստանա դրսից: Եթե կախվածության մեջ ընկնենք որեւէ քաղաքական ուժից, ապա այնպիսի լուրջ կազմակերպություններ, ինչպիսիք են The Gallup Organization-ը, Populus-ը, չեն ցանկանա մեզ հետ համագործակցել: Իսկ այդ համագործակցությունը շատ կարեւոր է եւ շահեկան»,-տեղեկացրել է ասոցիացիայի նախագահը:

 

Գեւորգ Պողոսյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

Գեւորգ Պողոսյանի կարծիքով, սոցիոլոգիան մեր երկրում մեծամասամբ վարկաբեկվել է քաղաքական հարցումների պատճառով, քանի որ տվյալների հրապարակումից հետո ընդդիմության ներկայացուցիչները սկսում են հայտարարություններ անել, որ տվյալները կեղծված են, եւ դա իր ազդեցությունն է ունենում հասարակական կարծիքի վրա:

 

«Ցանկացած չընտրված կուսակցություն երկու տեսակի մեղադրանք ունի. առաջին`սոցիոլոգները կեղծ տվյալներ են տարածել եւ երկրորդ`հաշվիչ հանձնաժողովները սխալ հաշվարկ են արել: Անկեղծ ասած, չեմ կարող հավատալ, որ հավաքում են ձայների 60%-ը, սակայն վերջում այդ ձայները դառնում են 10%»,-ասել է նա:

 

Ասոցիացիան այս անգամ նույնպես The Gallup Organization-ի հետ համատեղ 2013թ. նախագահական ընտրություններից առաջ կիրականացնի 3 հարցում, իսկ ընտրությունների օրը` Exit Poll:  Առաջին արդյունքները հրապարակվել են դեկտեմբերի 20-ին, մյուս նախընտրական հարցումների տվյալները կհրապարակվեն հունվար ամսին եւ ընտրությունների նախօրեին:

 

Ինչպե՞ս վերականգնել վստահությունը սոցհարցումների նկատմամբ

 

ՀՍԱ նախագահը պատմել է, որ 90-ականների սկզբին սոցիոլոգիական հետազոտությունները լուրջ արձագանք էին ստանում թե՛ հասարակության, թե՛ իշխանությունների շրջանում, սակայն, երբ հետագայում հայտնվեցին հարցումներ իրականացնող տարբեր ընկերություններ, հետաքրքրության անկում նկատվեց եւ վարկաբեկվեց սոցիոլոգիական ինֆորմացիայի արժեքը:

 

ՀՍԱ-ի գրասենյակում

Լուսանկարը` ՀՍԱ արխիվից:

 

«Հարված հասցվեց գիտության զարգացմանը: Քննադատությունը առողջ չէր, նրանք չէին մատնանշում հետազոտության որեւէ ընթացակարգ, որտեղ բացթողում կար, այլ ողջ հետազոտությունը «բլեֆ» էին համարում»,-նշել է նա:

 

Նրա կարծիքով, իրավիճակը սկսեց շտկվել, երբ Հայաստան մուտք գործեցին սոցհարցումներ իրականացնող միջազգային հայտնի կազմակերպություններ:

 

«Երբ հարցումներ ենք անում նման հեղինակավոր կառույցների հետ, պատասխանատվությունը սկսում է կիսվել: Այդ կազմակերպություններն այնքան լուրջ են, որ որեւէ կուսակցության ցուցանիշի համար երբեք չեն վտանգի իրենց հեղինակությունը: The Gallup Organization-ը միլիոնների բյուջե ունի, Հայաստանում ինչքա՞ն գումար պետք է նրանց առաջարկեն որեւէ ցուցանիշ փոխելու համար: Իմ կարծիքով, այս կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանում փոքր-ինչ վերականգնվել է սոցիոլոգիայի հեղինակությունը»,-ասել է Գեւորգ Պողոսյանը:

 

Հարցումների հանդեպ վստահության մակարդակը ընկնում է նաեւ տարբեր կազմակերպությունների կողմից ոչ հավաստի տվյալների հրապարակման արդյունքում: Այդ պատճառով եվրոպական մի շարք երկրներում բնակչության զանգվածային հարցումներ թույլատրվում են միայն արտոնագիր ունեցող կազմակերպություններին: Իսկ լիցենզավորում ստանում են միայն այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են բարձր չափանիշներին:

 

«Ֆրանսիան, Գերմանիան ընտրել են այս ճանապարհը, քանի որ խաբեբաները շատ են: Եթե արտոնագիր չունեցող ընկերությունը հարցում է իրականացրել, ապա նրա տվյալները ոչ մի լրատվամիջոց չի հրապարակի: Ժամանակին ես դեմ էի լիցենզավորմանը, քանի որ հարց էր` ու՞մ կտրվի լիցենզիա: Պարզ է, որ կտրվի այն ընկերություններին, որոնք իշխանությանը մոտ են կանգնած: Միշտ դեմ եմ արտահայտվել, սակայն հիմա սկսել եմ կարծիքս փոխել»,-ասել է Գեւորգ Պողոսյանը:

 

Քանի՞ Gallup կա Հայաստանում

 

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան քաղաքական հետազոտություններ իրականացնելիս համագործակցում է The Gallup Organization-ի հետ: Միեւնույն ժամանակ, Հայաստանում քաղաքական եւ այլ բնույթի հարցումներ իրականացնում է The Gallup International Association-ի հայկական մասնաճյուղը, իսկ արդյունքները հրապարակվում են միեւնույն Gallup բրենդի ներքո: Հարց է առաջանում` ո՞րն է ողջ աշխարհում մեծ հեղինակություն ունեցող «իսկական» Gallup-ը:

 

Գեւորգ Պողոսյանը:

Լուսանկարը` PanArmenian Photo:

 

Ջորջ Գելափի անունը կրող ինստիտուտը (The Gallup Organization) ստեղծվել է 30-ականներին Միացյալ Նահանգներում: Ժամանակի ընթացքում այն ընդլայնվել է եւ ստեղծել մասնաճյուղեր Եվրոպայում: Գեւորգ Պողոսյանը պատմել է, որ 70-ականներին Եվրոպայում ստեղծված կազմակերպությունները միավորվել են եւ ստեղծել The Gallup International Association-ը: Այն խզել է կապերը The Gallup Organization-ի հետ եւ սկսել է գործել որպես առանձին կազմակերպություն` մասնաճյուղեր բացելով Ասիայում: Երկու կազմակերպությունների միջեւ դատական գործընթաց է սկսվել բրենդի համար, որը շարունակվում է առ այսօր:

 

«Հայաստանում հետազոտություն իրականացնելիս Gallup-ը պարտադիր ապահովում է մեթոդաբանությունը: Մենք կարող ենք որոշակի առաջարկություններ անել, որոնք իրենք կարող են ընդունել համատեղ քննարկումներից հետո միայն: Չի եղել մի դեպք, երբ նրանց հետ հետազոտություն անենք եւ ներկայացուցիչները չայցելեն Հայաստան: Նրանք ներկա են գտնվում դաշտային աշխատանքների ընթացքում, որպեսզի վերահսկեն ընթացքը: Ստուգում են բոլոր լրացված հարցաթերթերի 20%-ը հետզանգերի միջոցով, մի մասն էլ` հետայցերով: Շատ ուշադիր են, որպեսզի իրենց բրենդը ոչինչ չստվերի»,-ասել է ՀՍԱ նախագահը:

 

ՀՍԱ-ն եւ Gallup-ը սովորաբար համատեղ են կազմում հարցաթերթը, քանի որ տեղանուններից, կուսակցությունների եւ քաղաքական գործիչների անուններից բացի կան նաեւ տեղային առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել: Միեւնույն ժամանակ Gallup-ի կողմից տարբեր երկրներում կիրառվող չափումներում նույն հարցադրումներն են լինում, որպեսզի հետագայում համեմատելու հնարավորություն լինի:

 

Հարցումների գների եւ ուսուցիչ-հարցազրուցավարների մասին

 

Գեւորգ Պողոսյանի խոսքերով, սոցհարցումը շատ թանկ «հաճույք է»: «Այնքան թանկ է, որ ոչ մի հայաստանյան սոցիոլոգիական ընկերություն իր միջոցներով հարցում անցկացնել չի կարող: Խոսքը գնում է հազարավոր դոլարների մասին, իհարկե, եթե լուրջ հետազոտություն է իրականացվում: Թղթի վրա թվեր նկարելը այնքան էլ թանկ չի լինի»,-ասել է նա:

 

Սոցհետազոտությունների իրականացման համար սոցիոլոգները կիրառում են տարբեր մեթոդներ: Կախված հետազոտության թեմայից`դեմ առ դեմ հարցումները կարող են փոխարինվել խորին հարցազրույցներով, ֆոկուս խմբային քննարկումներով կամ հեռախոսային հարցումներով:

 

«Վերջերս ամենաժամանակակից մեթոդներով հեռախոսային հարցում ենք իրականացրել, սակայն ես այնքան էլ կողմ չեմ այդ մեթոդին: Կողմ եմ այն դեպքում, երբ կարճ է տեւում հարցումը: Ամեն դեպքում կովկասյան ժողովուրդները անձնային շփում են սիրում: Երբ տեսնում են բարետես աղջիկ է այցելել, սիրով ներս են հրավիրում եւ խոսում հետը: Նաեւ կասկածամիտ են, երբեմն հեռախոսային հարցումների ժամանակ հարցնում են` արդյոք մենք КГБ-ից չենք»,-ասել է ՀՍԱ նախագահը:

 

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ շատացել են մերժումները. 10 տնային տնտեսություններից 5-ը հրաժարվում է պատասխանել հարցերին:

 

ՀՍԱ հարցազրուցավարների մեծ մասը կանայք են, մեծամասամբ` դպրոցի ուսուցչուհիներ:

 

«Ուսուցչուհիները միշտ բաց են շփման համար եւ շատ պատասխանատու են, նրանց վստահում ենք, քանի որ տանը չեն նկարում հարցաթերթը եւ բերում: Ուսանողների չենք ընդունում, քանի որ համոզվեցինք, որ խարդախություն են անում: 20 տարիների ընթացքում եկանք այն համոզման, որ ամենալավ հարցազրուցավարները միջին տարիքի կանայք են: Ուսուցիչների աշխատավարձն այնքան էլ բարձր չէ, եւ մեր տրամադրած աշխատավարձը շահագրգռող հանգամանք է»,- ասել է Գեւորգ Պողոսյանը:

 

Նա նաեւ ասել է, որ վերջերս իմացել են, թե իրենց անունից հարցումներ են անցկացնում այլ կազմակերպություններ, եւ տեղեկացրել, որ իրենց բոլոր հարցազրուցավարներն ունեն հատուկ անցաթուղթ` լուսանկարով, կնիքով եւ ստորագրությամբ:

 

«Հարցումների «խոհանոցը»» հատուկ նախագծի երկրորդ մասը կարդացեք վաղը:

 

Մարիամ Մանոյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին