Հարցումների «խոհանոցը»` մաս 4 - Mediamax.am

exclusive
5448 դիտում

Հարցումների «խոհանոցը»` մաս 4

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ծրագիրը հիմնադրվել է 2002 թ. օգոստոսին: Հետազոտական նախագծերը սկսվել են 2004թ.-ից: Կազմակերպությունը պաշտոնապես կգրանցվի 2013թ. հունիսին:

 Հեղինե Մանասյանը:
Հեղինե Մանասյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:


Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան (CRRC )

 

Հիմնադրման տարեթիվը

 

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ծրագիրը հիմնադրվել է 2002 թ. օգոստոսին: Հետազոտական նախագծերը սկսվել են 2004թ.-ից: Կազմակերպությունը պաշտոնապես կգրանցվի 2013թ. հունիսին:

 

Հիշարժան հետազոտություն

 

Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում իրականացվող ամենամյա «Կովկասյան բարոմետր» հետազոտությունը բազմաթիվ արձագանքներ է ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

 

Հետազոտությունների քանակը մեկ տարում

 

Նախորդ տարի` 5 ծավալուն հետազոտական նախագիծ:

 

Անսպասելի ցուցանիշ

 

Հայաստանում հարցվածների 36%-ը ցանկություն ունի մեկնելու արտերկիր: Միգրացիայի մասին հետազոտության ժամանակ զարմացրել է այն մարդկանց թիվը, ովքեր չունենալով միջոցներ`գումար, փաստաթղեր եւ ծանոթություն արտերկրում, միեւնույն է ցանկանում են հեռանալ երկրից:

 

Մասշտաբային հետազոտություն

 

Հարցումներ պոտենցիալ եւ վերադարձած միգրանտների հետ, ընտրանքը` 4000 մարդ:

 

Սուղ ժամկետներ

 

1 ամիս:

 

Առաքելությունը

 

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «ՀՌԿԿ» ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մայրաքաղաքներում հիմնադրված` ռեսուրսների եւ ուսուցման կենտրոնների ցանց է, որը նպատակ ունի խթանել քաղաքականության վերլուծությունները Հարավային Կովկասում, զարգացնել հետազոտական կարողությունները եւ ապահովել պրոֆեսիոնալ հետազոտական ռեսուրսների մատչելիությունը:

 

****

 

ՀՌԿԿ-Հայաստանը հետազոտական նախագծեր սկսել է իրականացնել 2004թ.-ից: Առաջին հետազոտությունը ներառել է միայն Երեւանը, Թբիլիսին եւ Բաքուն: Աստիճանաբար ծրագիրն ընդլայնվել է եւ սկսել իրականացնել ծավալուն հետազոտական նախագծեր:

 

Կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը Մեդիամաքս-ի հետ զրուցում ասել է, որ ֆինանսական միջոցները ստանում են Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայից:

 

«Ֆինանսավորում ստանալու համար ծրագիր է ներկայացվում, որի բաղկացուցիչներից է տվյալների հավաքագրումը: Դրանից բացի, ունենք հետազոտական դրամաշնորհների ծրագիր: Երբեմն, փորձում ենք կապել տվյալների հետ, խրախուսում ենք հետազոտողներին վերլուծել տվյալները եւ նյութեր հրատարակել»,- տեղեկացրել է նա:

 

Հեղինե Մանասյանի խոսքերով, իրենց ուշադրության կենտրոնում է այն ամենը, ինչ հասարակական զարգացումների օրվա հրամայականի հետ է կապված: «Չենք ընդունում այն պատվերները, որոնք կոմերցիոն բնույթի են, եւ ստացված տվյալները չեն հրապարակվելու: Օրինակ` բջջային օպերատորների համար մարքեթինգային հետազոտություններ չենք իրականացնում»,- ասել է նա:

 

Հեղինե Մանասյանը եւ Մարիամ Մանոյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Կենտրոնի տնօրենն ասել է, որ միջազգային կազմակերպությունները սովորաբար հետազոտության համար տրամադրում են հարցաթերթ, որը կենտրոնը տեղայնացնում է` փոփոխելով, ավելացնելով կամ պակասեցնելով հարցերը:

 

«Այնպիսի ձեւակերպումներ ենք մշակում, որոնք հոգեհարազատ են մեր ազգի ներկայացուցիչների մտածելակերպին: Համաշխարհային բանկի համար մի հետազոտության ժամանակ անհրաժեշտ էր հարցում անցկացնել տնային տնտեսության որեւէ անդամի, զբաղվածություն ունեցող անդամի եւ գործատուների հետ: Աշխատանք ունեցող մարդկանց համար նախատեսված էր առանձին հարցաշար, որը պարզում էր նրանց ուշադրության մակարդակը, գրագիտությունը, IQ-ն: Բավականին դժվար էին ընթանում հարցումները, քանի որ ոչինչ փոխել չէինք կարող. Պատվիրատուին համեմատելի տվյալներ էին պետք»,-պատմել է նա:

 

Հետազոտությունները

 

Կենտրոնը աշխատում է գտնել այնպիսի դրամաշնորհներ եւ պայմանագրեր, որոնց շրջանակներում ստացված արդյունքները կարող են դառնալ նաեւ հետազոտող համայնքի, յուրաքանչյուր հետաքրքրվածի սեփականություն: ՀՌԿԿ հետազոտությունները սովորաբար ծավալուն են, եւ դրանց հաջորդում են կոնֆերանսներ եւ հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ: Ներկայացնում ենք ՀՌԿԿ մի քանի հետազոտություններ, որոնք հիշատակվել են հարցազրույցի ընթացքում:

 

Կովկասյան բարոմետր` կենտրոնի «հիմնական եւ պարտադիր մենյուն» է, նպատակ ունի վստահելի եւ համեմատելի տվյալներ հավաքագրել Հարավային Կովկասում տնային տնտեսությունների վիճակի, քաղաքացիների տեղեկացվածության, դիրքորոշումների, վարքագծի եւ այլնի վերաբերյալ: Իրականացվում է 2004թ.-ից ի վեր: Առաջին անգամ անցկացվել է միայն հարավկովկասյան հանրապետությունների մայրաքաղաքներում: 2005թ.-ին յուրաքանչյուր երկրի մայրաքաղաքներից բացի ընդգրկել է նաեւ մեկական շրջան, իսկ 2006թ. հետո այն եղել է համազգային` ներառելով քաղաքային եւ գյուղական բնակավայրերը: Հետազոտությունը բազմաթիվ արձագանքներ է ունենում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Տարածաշրջանի մասին համեմատական ինֆորմացիա ստանալ ցանկացողները օգտվում են այս տվյալներից:

 

«Միգրացիա եւ հմտություններ»` իրականացվել է 2011 հուլիսից մինչեւ 2012 հունիս Եվրոպական կրթական հիմնադրամի պատվերով: Ընտրանքի չափը՝ 4000 (18-50 տարեկան, Երեւանում եւ մարզերում), որոնցից 2600-ը՝ պոտենցիալ եւ 1400-ը՝ վերադարձած միգրանտներ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցվածների 36%-ը ցանկություն ունի մեկնելու արտերկիր` չնայած որ չունեն միջոցներ`գումար, փաստաթղեր եւ ծանոթություն արտերկրում: Պարզ է դարձել, որ երկրից հատկապես միտված են մեկնելու բարձրագույն կրթությամբ երիտասարդ աղջիկները, եւ նույնիսկ երկու աշխատանքների առկայությունը մարդկանց հետ չի պահում արտերկիր մեկնելու մտքից:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Համաշխարհային արժեքների հետազոտություն (World values survey)`- հետազոտության 6-րդ ալիքը իրականացվել է 2011թ.-ին: 1997թ. Հայաստանը մասնակցել էր միեւնույն հետազոտության 2-րդ ալիքին: Հարցումն իրականացվել է 1100 հայաստանաբնակ չափահասների շրջանում` մի շարք հիմնահարցերի վերաբերյալ նրանց արժեքները չափող ստանդարտացված հարցաթերթով: Հարցաթերթն ընդգրկել է հարցվածների տնտեսական, քաղաքական եւ հասարակական կյանքին վերաբերող շուրջ 250 հարցեր, ինչը հնարավորություն է տալիս հայաստանյան զարգացումները համադրել աշխարհի այլ երկրների զարգացումների հետ (համաշխարհային արժեքների հետազոտության վերջին` վեցերորդ ալիքն ընդգրկել է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը ներկայացնող 97 երկիր):

 

Կոռուպցիայի հետազոտություններ` իրականացվել է 2008-2010թթ. ընթացքում ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (ՀԳՄԾ) շրջանակներում: Անցկացվել է կոռուպցիայի վերաբերյալ չորս հետազոտություն, որից երեքը տնային տնտեսություններում եւ մեկը` ձեռնարկություններում: Հարցաթերթն առաջարկվել է պատվիրատուի կողմից, սակայն կենտրոնն այն տեղայնացրել է` մի շարք լրացումներ եւ փոփոխություններ անելով: Հարցումները նպատակ են ունեցել ստեղծել գործնական տեղեկատվություն, որը հնարավոր կլինի քննարկել, վերլուծել եւ որը կօգտագործվի կառավարության, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի, ինչպես նաեւ ՀԳՄԾ-ի կողմից` պետական կառավարման ոլորտը բարելավելու եւ այդպիսով կոռուպցիայի դեպքերը նվազեցնելու նպատակով քաղաքականություններ եւ ծրագրեր մշակելու համար:

 

Նախընտրական հարցում` իրականացվել է 2011թ. նոյեմբերին, 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի պատվերով: Ինստիտուտը փորձել է պարզել հասարակական ակնկալիքները եւ մշակել քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերը` չկենտրոնանալով վարկանիշների վրա: Հարցումները վաղաժամ են անցկացվել նախընտրական թոհուբոհից զերծ մնալու նպատակով: Ստացված տվյալները հնարավորություն են տվել բացահայտել քաղաքական զարգացումների, միտումների եւ ակնկալիքների վերաբերյալ բնակչության մտահոգությունները: Հարցվածների միայն 12%-ն է պատասխանել, որ վստահում է ընտրությունների արդար եւ թափանցիկ լինելուն:

 

Ինչո՞ւ որոշ գերատեսչություններ տեղեկատվություն չեն տրամադրում

 

Կենտրոնը հարցվողներին ընտրում է պատահական ընտրանքի բանաձեւով: «Կիրառում ենք բազմաստիճան, կլաստերային ընտրանք: Հարցազրուցավարները տնային տնտեսության անդամներից պատահական հարցվողներ են ընտրում ըստ ծննդյան տարեթվերի (Քիշի աղյուսակ)», - տեղեկացրել է Հեղինե Մանասյանը:

 

Հեղինե Մանասյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Միաժամանակ նա նշել է, որ Ազգային վիճակագրական ծառայության կողմից մարդահամարային տեղամասերի ցուցակի տրամադրումը կհեշտացներ իրենց աշխատանքը:

 

«Մարդահամարի ժամանակ առանձնացվել են մարդահամարային տեղամասեր, որոնցից յուրաքանչյուրում 100 տնային տնտեսություն կա: ԱՎԾ-ում գիտեն այդ տեղամասերի համարները եւ աշխարհագրական նկարագիրը: Սա իդեալական ընտրանքի տեղամաս է: Նրանք չեն տրամադրում մեզ այդ ինֆորմացիան` այն գաղտնի համարելով»,- ասել է նա:

 

ՀՌԿԿ-ին տեղեկատվություն է տրամադրել Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը` տրամադրելով բոլոր բաժանորդների ցուցակը: «Մենք կլաստերիզացրել ենք այդ ցուցակը`ըստ գյուղերի  եւ քաղաքների, եւ կազմել ընտրանք», - ասել է Հեղինե Մանասյանը:

 

Կենտրոնը մեկ այլ խնդրով դիմել է ՊԵԿ եւ Պետական ռեգիստր` հետազոտության համար Հայաստանում առկա ձեռնարկությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, սակայն կրկին մերժում է ստացել: Պետռեգիստրից պատասխան են ստացել, որ ձեռնարկություններից յուրաքանչյուրի համար տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3 000 դրամ:

 

«Հայաստանում 52 000 ձեռնարկություն կա: Պատկերացնո՞ւմ եք՝ որքան գումար է կազմում դրանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալը», - ասել է կենտրոնի տնօրենը:

 

Կգտնվի՞ կատարյալ հարցազրուցավար

 

Հեղինե Մանասյանի համոզմամբ, հարցազրուցավարը պետք է լինի պատասխանատու, գրագետ եւ նրբանկատ եւ հետեւի սոցիոլոգիական էթիկայի կանոններին: ՀՌԿԿ-ն մշտապես վերապատրաստումներ է անցկացնում նրանց հետ եւ տրամադրում հրահանգներով թերթիկներ, որոնց պետք է հետեւեն:

 

Կենտրոնի տնօրենը կարեւորել է նաեւ արդյունավետ հաղորդակցվելու ունակությունը, քանի որ վերջին ժամանակներում շատերը չեն ցանկանում մասնակցել հարցումների: Կենտրոնը հարցազրուցավարներ ունի նաեւ Հայաստանի մարզերում:

 

Լուսանկարը` ՀՌԿԿ-Հայաստանի արխիվից:

 

Հարցազրուցավարների աշխատանքը ստուգվում է հետադարձ զանգերի (10%) եւ հետայցերի (5%) միջոցով` ռեսպոնդենտին տալով հարցաթերթի այն հարցերը, որոնք ստանդարտ պատասխաններ են պահանջում եւ որոնց պատասխանը չի կարող փոխվել ըստ տրամադրության:

 

«Մենք առանձնացնում ենք մի քանի հարցեր` ծննդյան թիվ, կրթամակարդակ, ընտանիքի անդամների թիվ, եւ այլ ցուցանիշներ եւ ստուգում ենք` ինչպե՞ս է աշխատել հարցազրուցավարը: Լինում է, որ հարցազրուցավարը մի քանի հիմնական հարց տալուց հետո մնացածն ինքն է լրացնում: Սակայն, դա վաղ թե ուշ բացահայտվում է», - ասել է ՀՌԿԿ ծրագրի ղեկավարը:

 

Հարցումների «խոհանոցը» նախագծի առաջին, երկրորդ եւ երրորդ մասերը կարդացեք այստեղ:

 

«Հարցումների «խոհանոցը»» հատուկ նախագծի եզրափակիչ մասը կարդացեք վաղը:

 

Մարիամ Մանոյան

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին