Հարցումների «խոհանոցը»` մաս 5 - Mediamax.am

exclusive
5897 դիտում

Հարցումների «խոհանոցը»` մաս 5

2006թ.-ից գործել է որպես հետազոտական խումբ, 2008-ից գրանցվել է որպես «ԱյՓիԷսՍի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ (IPSC - Institute for political and sociological consulting):

Հովհաննես Գրիգորյանը
Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` «Այ Փի Էս Սի»:

Հովհաննես Գրիգորյանը
Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` «Այ Փի Էս Սի»:

Լուսանկարը` «Այ Փի Էս Սի»:


«Այ Փի Էս Սի» Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ

 

Հիմնադրման տարեթիվը

 

2006թ.-ից գործել է որպես հետազոտական խումբ, 2008-ից գրանցվել է որպես «ԱյՓիԷսՍի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ (IPSC - Institute for political and sociological consulting):

 

Ամենամասշտաբային հետազոտությունը

 

Հեռախոսային հարցումներ Հայաստանի ողջ տարածքով` 26 000 հոգու հետ:

 

Հետազոտությունների քանակը մեկ տարում

 

35-40 հետազոտական նախագիծ:

 

Տարբեր ժամանակներում հարցման ենթարկվածների թիվը

 

Մոտ 200 000 մարդ:

 

Սուղ ժամկետներ

 

Պատվեր ստանալուց մինչեւ արդյունքներ հանձնելը տեւել է 42 ժամ, երբ ընկերությունը հարցման է ենթարկել 1200 մարդու:

 

Անսպասելի ցուցանիշ

 

ՁԻԱՀ-ի մասին հետազոտության ժամանակ սահմանամերձ գյուղերում հարցված կանանց մեծ թիվն է, ովքեր գիտեն, որ իրենց արտագնա աշխատանքի մեկնած ամուսիններն իրենց դավաճանում են եւ դա նորմալ են համարում` միաժամանակ անընդունելի համարելով դավաճանությունը կնոջ կողմից:

Ի՞նչ են հետազոտում եւ ի՞նչ եղանակով

 

«Այ Փի Էս Սի» Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) իրականացնում է սոցիոլոգիական եւ մարկետինգային հետազոտությունններ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների, բիզնեսի, քաղաքականության, կառավարման համակարգի, կրթության, առողջապահության, հեռահաղորդակցության եւ մի շարք այլ ոլորտներում:

 

Ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին քաղաքական հատվածի եւ միջազգային կազմակերպությունների կողքին, որպես սոցիոլոգիական հետազոտությունների պատվիրատու, ձեւավորվել է բիզնես-սեգմենտը, որը չի հանդուրժում ոչ պրոֆեսիոնալ հետազոտական աշխատանք:

 

Հովհաննես Գրիգորյանի կարծիքով` հենց բիզնես-հանրությունը կարող է խթանիչ գործոն հանդիսանալ սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվող կազմակերպությունների աշխատանքի որակի բարձրացման համար:

 

Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` «Այ Փի Էս Սի»:

 

«Ինչպես մնացած բնագավառներում, այստեղ նույնպես լավ աշխատանքն ավելի բարձր է գնահատվում, քան վատը: Հետազոտությունների շուկան ձեւավորվում է մրցակցային առաջարկի հիման վրա: Եթե կա բծախնդիր պատվիրատու, ապա ոլորտի համապատասխան ներկայացուցիչները սկսում են մրցակցել՝ ավելի որակյալ ծառայություն մատուցելու համար», - ասել է նա:

 

IPSC ընկերությունը, գործունեություն ծավալելով հետազոտությունների եւ խորհրդատվությունների ոլորտում, առաջին հերթին առնչվում է հենց պատվիրատուների եւ նրանց կարիքների հետ, ինչպես դա ընդունված է խորհրդատվական ծառայությունների ոլորտում: Այլ կերպ ասած` հենց պատվիրատուն է հանդիսանում հետազոտության արդյունքների սեփականատերը, եւ ինքն է որոշում` հրապարակե՞լ ստացված տվյալները, թե ոչ:  Հետազոտական ընկերության պատասխանատվությունն է հետեւել, որպեսզի հրապարակված տեղեկատվությունը լինի ճշգրիտ եւ համապատասխանի իրականությանը:

 

Հովհաննես Գրիգորյանի խոսքերով՝ հետազոտությունների ոլորտի առանձնահատկությունը նրանում է, որ որակի չափանիշներին համապատասխանության գործառույթը կատարում է ոչ այնքան հանրությունը, որքան մրցակիցները եւ ոլորտի մասնագետները, որոնք «խոշորացույցով են զննում» հրապարակված բոլոր ցուցանիշները եւ համապատասխանաբար մեկնաբանում եւ քննադատում են դրանք:

 

«Ընդհանրապես, ցանկացած կարծիքի ուսումնասիրություն եւ հետազոտություն պետք է համապատասխանի որոշակի չափանիշների: Առաջին հերթին, այն պետք է ծախսային առումով արդարացված լինի, այսինքն` արդյունքները պետք է հավաքագրվեն առավել ռացիոնալ ընտրանքի եւ մեթոդաբանության կիրառմամբ: Երկրորդ, այն պետք է ապահովի հարցվողների տեղեկատվության գաղտնիությունը. մենք իրավունք չունենք հրապարակել անհատական կարծիքներ. դրանք նշվում են միայն ընդհանրացված տեսքով: Ավելին, լրացված հարցաթերթերի տեսքով տեղեկատվությունը չի տրամադրվում պատվիրատուներին: Վերջիններս կարող են գալ եւ տեսնել հարցաթերթը, սակայն չեն կարող այն իրենց հետ դուրս բերել գրասենյակից, քանի որ դրանց մեջ կան կոնտակտային տվյալներ, ինչպես նաեւ հնարավոր է լինի տեղեկատվություն օրինակ՝ քաղաքական նախապատվությունների կամ եկամուտների վերաբերյալ: Երրորդ, ցանկացած բնույթի եզրակացություն պետք է արվի միայն հետազոտական տվյալների հիման վրա ու հիմնավորած լինի», - ասել է նա:

Ո՞րն է հարցի ճիշտ ձեւակերպումը

 

Որպես կանոն, հետազոտական ընկերությունը պատվիրատուներից խնդրում է տրամադրել այն նպատակներն ու խնդիրները, որոնք ցանկանում է պարզել հետազոտության արդյունքում: Այդ տեղեկատվության հիման վրա ընկերության մասնագետները ձեւակերպվում են համապատասխան հարցեր, որոնց հիման վրա էլ կազմվում են հարցաթերթերը:

 

«Իհարկե, կան պատվիրատուներ, հատկապես միջազգային կազմակերպությունները, որոնք մեզ տրամադրում են մշակված հարցաթերթեր: Շատ դեպքերում դրանք լինում են որակյալ, քանի որ փորձարկված են տարբեր երկրներում: Երբեմն, սակայն, կարիք է լինում հարցադրումները փոխել եւ հարմարեցնել մեր իրականությանը: Լինում է նաեւ, երբ ոչ այնքան պրոֆեսիոնալ հարցաշար է ներկայացվում պատվիրատուների կողմից: Նման դեպքերում մենք տեղեկացնում ենք, որ նման ձեւակերպում ունեցող հարցերի դեպքում նրանք կարող են ստանալ թյուր ինֆորմացիա: Սովորաբար մեզ հաջողվում է նրանց համոզել եւ լրամշակել հարցաթերթերը», - պատմել է ընկերության տնօրենը:

 

Լուսանկարը` «Այ Փի Էս Սի»:

 

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է լինել այնպիսի նախագիծ, որից ընկերությունը կհրաժարվի, Հովհաննես Գրիգորյանն ասել է. «Նույնն է, ինչ վիրաբույժին հարցնեք` կա՞ այնպիսի հիվանդ, որին չէիք վիրահատի: Իհարկե, լինում են դեպքեր, երբ հետազոտական ծրագիր իրականացնելը նպատակահարմար չի լինում` կախված հետազոտության նպատակներից, պատվիրատուի ոչ պրոֆեսիոնալ համառությունից, ստացվող արդյունքների ամբողջական հրապարակման նկատմամբ ճնշումներ գործադրելու մտադրությունից: Բնականաբար, մեզ համար անցանկալի է, երբ մեր հետազոտության արդյունքները սխալ մեկնաբանություն են ստանում»: 

 «Մոգական» ընտրանք

 

Հետազոտությունների ոլորտում «ընտրանք» ասելով հասկանում ենք մարդկանց այն խումբը, որոնց հետ իրականացվում են հարցումներ: Որպես կանոն, հետազոտությունների ընտրանքը շատ փոքր է լինում՝ համեմատած երկրի բնակչության քանակի հետ: Նույնիսկ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում պրոֆեսիոնալ հարցումներն անցկացվում են 1000-1500, որոշ դեպքերում` 2000 մարդու շրջանում:

 

«Իրականում մարդկանց խմբերը հակված են նույն կերպ մտածել: Մարդկային մտածողության տիպերն ու կատեգորիաներն անսահմանափակ չեն, եւ անհրաժեշտություն չկա չափելու, թե ինչ են մտածում բոլորը: Կարելի է հարցնել սահմանափակ թվով մարդկանց՝  կազմելով ներկայացուցչական ընտրանք: Ընտրանքը կազմելիս հաշվի են առնվում այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են` սեռը, տարիքը, կրթությունը, բացի այդ, կախված հետազոտության թեմատիկայից, ընտրվում են նաեւ այլ պարամետրեր: Օրինակ` կյանքի որակն ուսումնասիրելիս տարբերակվում են գյուղական ու քաղաքային բնակչություն եւ այն», - ասել է Հովհաննես Գրիգորյանը:

 

Ընտրանքը հաշվարկվում է համապատասխան վիճակագրական գործողությունների արդյունքում: «Ընտրանքի հաշվարկումը բավականին հետաքրքիր եւ մանրակրկիտ գործընթաց է: Այն մեր աշխատանքի «ամենամոգական» պահն է: Եթե հետազոտության ընթացքում ընտրանքային բոլոր քայլերը լավ պահպանվում են, ապա վստահաբար կարելի է ասել, որ ստացված արդյունքները կլինեն ընտրանքային սխալի սահմաններում», - նշել է նա:

 

Ընտրանքային սխալը ստացված արդյունքներից հնարավոր շեղման ցուցանիշն է: Սովորաբար այն լինում է ±3-5%-ի սահմաններում: Երբ հարցման արդյունքում ստացվում է քաղաքական գործիչների հետեւյալ նախընտրական վարկանիշները` A-43% եւ B-45%, իսկ ընտրանքային սխալը ±3%-ի սահմանում է, ապա դա իրականում նշանակում է, որ A թեկնածուն կարող է հավաքել 40-46% ձայն, իսկ B թեկնածուն՝ 42-48%, եւ իրականում A թեկնածուն հավաքի ավելի շատ ձայներ, քան B-ն, ինչի դեպքում մասնագիտական առումով հետազոտական արդյունքը շարունակում է ճշգրիտ լինել:

Ինչպիսի՞ն է սոցհարցումների ապագան

 

Հարցման որակը մեծամասամբ կախված է հարցազրուցավարների աշխատանքից: Մասնագիտական գրականության մեջ նշվում է, որ լավագույն հարցազրուցավարները 20-30 տարեկան առանց բարձրագույն կրթության կանայք են, ցանկալի է` ամուսնացած, քաղաքականապես եւ սոցիալապես ոչ այնքան ակտիվ: IPSC ընկերության հարցազրուցավարները 18-35 տարիքային խմբում են, նրանց 80%-ը կանայք են:

 

«Երբ հարցազրուցավարը սոցիալապես ակտիվ է եւ ունի կայուն քաղաքական դիրքորոշում, նա կարող է ազդել ստացվող արդյունքների վրա: Լինում են դեպքեր, երբ հարցազրուցավարը անհամաձայնություն է ունենում հարցվողի հետ եւ արտահայտում է դա, ինչը բավականին սխալ մոտեցում է: Այդ իսկ պատճառով անցկացնում ենք վերապատրաստումներ`փորձելով ուշադրություն դարձնել ցանկացած մանրուքի վրա», - տեղեկացրել է ընկերության տնօրենը:

 

Լուսանկարը` «Այ Փի Էս Սի»:

 

Ընկերությունը հարցազրուցավարների համար պատրաստել է մոտ 200 էջանոց ուղեցույցներ եւ թրեյնինգների նյութեր: Հովհաննես Գրիգորյանի կարծիքով, հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը ոչ միայն կախված է հարցերի ճիշտ եւ չեզոք ձեւակերպումներից եւ մեթոդների ճիշտ ընտրությունից, այլ նաեւ այնպիսի հանգամանքներից, ինչպիսիք են օրինակ` մարդկանց առջեւ հարցազրուցավարի ներկայանալը, զրույցը վարելու կարողությունը եւ այլն:

 

«Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվել է փոխել վերաբերմունքը հարցազրուցավարի աշխատանքի հանդեպ: Դրան նպաստել է նաեւ այն, որ մեր ընկերությունում հարցազրուցավարի աշխատանքը օրավարձի տեսանկյունից ավելի բարձր է գնահատվում, քան շատ այլ աշխատանքներ», - ասել է նա:

 

Հարցազրուցավարների աշխատանքի որակն ստուգվում է զանգերի, զուգայցերի, հետայցերի եւ GPS համակարգի միջոցով: Ընկերության տնօրենի խոսքերով` իրենք երբեմն խնդիրներ են ունենում նախկինում փորձ ունեցող հարցազրուցավարների հետ, քանի որ նրանք սովոր են լինում «նկարել», կեղծել տվյալները եւ մնալ անպատիժ ու չբացահայտված:

 

«GPS համակարգի միջոցով հնարավոր է վերահսկել, թե որտեղ է գտնվում հարցազրուցավարը եւ որքան ժամանակ է տեւում հարցումը: Մի քանի տարի առաջ այս համակարգի օգտագործումն անհնար էր, սակայն տեխնոլոգիաների զարգացմամբ հնարավորություն է ստեղծվում իրականացվող հետազոտությունների որակի ավելի համակարգված ստուգում ապահովել: IPSC ընկերությունն այժմ աշխատանքներ է իրականացնում CAPI (Computer Assisted Personal Interviewing) համակարգի ներդրման ուղղությամբ, երբ հարցազրուցավարը հարցումն իրականացնում է պլանշետի կամ նոթբուքի միջոցով՝ հարցման արդյունքները թվային տեսքով անմիջապես գրանցելու համար: Այս համակարգի շնորհիվ հնարավոր կլինի ավտոմատացնել աշխատանքը, ժամանակ խնայել եւ իրականացնել գրեթե կատարյալ վերահսկողություն: Իհարկե, հանրության մի զանգվածի համար նորագույն տեխնոլոգիաներով զինված հարցազրուցավարը կարող է այլմոլորակային թվալ, սակայն այս խնդիրը ժամանակի հետ կլուծվի»,-ասել է Հովհաննես Գրիգորյանը:

 

Լուսանկարը` «Այ Փի Էս Սի»:

TNS -ի հետ համագործակցության մասին

 

TNS Opinion միջազգային հետազոտական ընկերության հետ IPSC-ն համագործակցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) hամար խորհրդարանական ընտրություններից առաջ հարցումներ իրականացնելիս:

 

Հովհաննես Գրիգորյանի խոսքերով` համագործակցությունը հաջող է ընթացել, քանի որ TNS-ը ողջ աշխարհում հսկայական ցանց ունի եւ շատ լավ գիտակցում է հարցաթերթերի եւ ընտրանքի հաշվարկման տեղայնացման հետ կապված խնդիրները: Նա նշել է, որ TNS-ի հետ ունեցել են գործընկերային հարաբերություններ, որոնց արդյունքում իրենց աշխատանքի չափանիշները համապատասխանեցնելով TNS միջազգային չափանիշներին, հնարավորություն է ընձեռվել համագործակցել նաեւ մի շարք այլ ծրագրերի շրջանակներում:

 

«TNS-ը եկամուտների մասին հարցն այսպես է ձեւակերպում`«Եկամտային սանդուղքի ո՞ր աստիճանի վրա եք ձեզ պատկերացնում» եւ հարցվողին առաջարկում է աստիճանի վրա ցույց տալ իր դիրքը: Եվրոպական երկրներում այս հարցադրումը լավ է աշխատում: Սակայն համոզված չեմ, որ եկամուտները պարզելու նման մոտեցումը կաշխատեր մեր երկրում: Մեր խորհրդային եւ հետխորհրդային մտածողությունից ելնելով` կա մի օրինաչափություն. մարդիկ հակված են ավելի պակաս ասել իրենց եկամուտները, սակայն երբեք չեն ընդունի, որ սանդուղքի ցածր աստիճանի վրա են գտնվում», - ասել է Հովհաննես Գրիգորյանը:

 

Լուսանկարը` «Այ Փի Էս Սի»:

 

Ընդհանրապես, զանգվածային հետազոտությունների անցկացումը, որպես ինտելեկտուալ գործունեության ոլորտ, բավականին հետաքրքիր է, քանի որ գործ ունի մարդկային մտածողության, դրա փոփոխության եւ այն պայմանավորող բազմաթիվ գործոնների հետ: IPSC ընկերության մասնագետների համար միշտ հետաքրքիր է ուսումնասիրել հանրության վերաբերմունքը այս կամ այն հարցի շուրջ, այդ վերաբերմունքի փոխակերպումը զանազան գործոնների, այդ թվում` զանգվածային լրատվամիջոցների ազդեցության ներքո:

 

Հարցումների «խոհանոցը» նախագծի նախորդ մասերը կարդացեք այստեղ:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին