15 տարվա միանձնություն - Mediamax.am

exclusive
9065 դիտում

15 տարվա միանձնություն


Քույր Եղիսաբեթ
Քույր Եղիսաբեթ

Լուսանկարը` Մարիամ Լորեցյան/Մեդիամաքս

Քույր Եղիսաբեթ
Քույր Եղիսաբեթ

Լուսանկարը` Մարիամ Լորեցյան/Մեդիամաքս

Քույր Եղիսաբեթ
Քույր Եղիսաբեթ

Լուսանկարը` Մարիամ Լորեցյան/Մեդիամաքս

 Քույր Տաթեւ
Քույր Տաթեւ

Լուսանկարը` Մարիամ Լորեցյան/Մեդիամաքս

 Քույր Տաթեւ
Քույր Տաթեւ

Լուսանկարը` Մարիամ Լորեցյան/Մեդիամաքս

 Քույր Տաթեւ
Քույր Տաթեւ

Լուսանկարը` Մարիամ Լորեցյան/Մեդիամաքս


Հայաստանում կանանց վանական կյանքը վաղուց էր ընդհատվել եւ միայն 2000 թվականի մայիսին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ կյանքի կոչվեց պատմական հանգամանքների բերումով ընդհատված այդ կենսական կառույցը` կանանց մենաստանը: Առաջին չորս ամսվա փորձաշրջանը ապագա միանձնուհիներն անցել են Հաղպատավանքում` տասնմեկ հոգով: Նրանցից վեցը տարբեր պատճառներով վերադարձել է աշխարհ, իսկ հինգը` տեղափոխվել Սուրբ Էջմիածին` Սուրբ Հռիփսիմե վանք: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանանց մենաստանը ավելի քան տասնչորս տարեկան է: Այժմ այն գտնվում է Սուրբ Գայանե վանքում, որտեղ իրենց ծառայությունն են բերում երկու միանձնուհիներ` քույր  Եղիսաբեթը (ավագ քույր) եւ քույր Տաթեւը:

 

«Մարդապատում» հատուկ նախագծի հեղինակներ Մարիամ Լորեցյանն ու Լենա Գեւորգյանը հանդիպել են արդեն 15 տարի ծառայող երկու քույրերի հետ եւ զրուցել աշխարհիկ կյանքի հիշողությունների, հավատքի գալու, Աստծուն ծառայելու մասին:

 

Քույր Եղիսաբեթ

Երբեւէ չեմ մտածել, որ մի օր միանձնուհի կդառնամ: Աստծուն ճանաչել եմ 1988 թվականի երկրաշարժից հետո` մեր ժողովրդի համար ամենածանր տարիներին, որոնք սակայն հոգեւոր զարթոնքի եւ արթնության սկիզբ դարձան: Իսկ վանքի մասին չէի կարող մտածել, քանի որ վանական կյանքը ընդհատվել էր խորհրդային տարիներից դեռ շատ առաջ:

 

Վանք մտնել որոշեցի խոստովանահորս հորդորով: Նա ասում էր, որ վանքն է իմ փրկության ճանապարհը եւ ոչ մի գնով չպետք է լքել այն: Ընթացքում եղել են բազում փորձություններ, պահեր, երբ ուզել եմ հեռանալ, սակայն դրանք պարզապես պահեր էին: Աստծո ողորմությամբ ամեն ինչ հարթվել է`վերգտել եմ հոգեւոր անդորրը, որն ամենաթանկն է կյանքում:

 

Հաղպատավանքում առաջին իսկ օրը ինձ ընտրեցին մայրապետ: Անփորձ էինք, վանական կյանքի դժվարություններին անծանոթ, չկար փորձառու մեկը, որ առաջնորդեր:

 

Դժգոհություններ շատ էին լինում տարբեր առիթներով, այնպես, որ մի օր հրաժարվեցի մայրապետ լինելուց: Աշխարհիկ կյանքում ապրած տարիներին ինձ թվում էր, թե նեղացկոտ չեմ, երբեք չեմ զայրանա, որեւէ մեկին չեմ կոպտի, հավասարակշռված եմ: Բայց երբ ինքդ քեզ հետ ես մնում` ամենը աչքիդ առաջ է գալիս ու հասկանում ես, որ իրականում չգիտես, թե ինչպիսին ես ու ոչինչ էլ չես կարող անել: Լավ էլ կռվում, նեղվում, բարկանում, նեղանում էի:

 

Ծննդով Աբխազիայից եմ: 13 տարեկանից ծնողներիցս հեռու եմ ապրել: Այնպես որ վանքում առանձնանալն, այդ առումով, ինձ համար դժվար չէր:

 

Մորս շատ եմ ցավ պատճառել, որի համար շատ եմ զղջում այսօր: Նա իսկական հավատացյալ էր: Երբ տեղ էի գնում, խաչակնքում էր ինձ: Ես էլ բարկանում էի, ասում էի` գործերս փչացրիր: Ու այդպես էլ լինում էր:

 

 

Քույր Եղիսաբեթ

Քույր Եղիսաբեթ

Լուսանկարը` Մարիամ Լորեցյան/Մեդիամաքս

Աշխարհում երազել եմ 11 երեխա ունենալ, բայց Աստված ինձ երեխա չտվեց: Վանական կյանքի առաջին իսկ օրը` մայիսի 11-ին` իմ ծննդյան տարեդարձին, Աստված ինձ նվիրեց 10 դուստր:

 

Ցանկացել եմ վիրաբույժ լինել, սակայն հայրս ուզում էր, որ իր ուղին շարունակեմ` անասնաբույժ դառնամ: Փառք Աստծո, որ չստացվեց ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետեւ բնավորությանս համաձայն ամբողջովին կնվիրվեի հիվանդներիս եւ գուցե Աստծուն չգտնեի:

 

Մեր կյանքը վանքում ընթանում է համաձայն սահմանված եւ հաստատված օրակարգի, ըստ որի  ունենք աղոթքի, աշխատանքի եւ հանգստի ժամեր: Օրը սկսվում է 06.30-ից: Ունենք տնտեսություն` կենդանիներ, որոնք խնամքի, երբեմն էլ բուժման կարիք են ունենում: Հիշում եմ հորս ու հասկանում, որ որոշ չափով իրականացրեցի նրա ցանկությունը:

 

 

Ես երջանիկ մարդ եմ: Նախկինում, գուցե, կար ինչ-որ բան, որ պակասում էր ինձ երջանիկ լինելու համար: Իսկ այսօր` լիարժեք երջանիկ եմ:

 

Քույր Տաթեւ

Վանական կյանքով ապրելու մասին չեմ մտածել, սակայն վանականների եւ հոգեւորականների հանդեպ միշտ խորը հարգանք եմ ունեցել: 

 

Միայն խոստովանահորս եմ ասել, թե ինչպես` շատ որոշակի զգացել եմ միանձնական կյանքի կոչումը: Կարող եմ միանշանակ վստահեցնել` այդ քայլս աշխարհիկ կյանքից փախուստ չէր:

 

 

Անգլերեն լեզվի մասնագետ եմ: Վանքում ծառայություն սկսելու պահին կյանքս այնքան լի էր: Աշխատում էի մի քանի հաստատություններում, զբաղվում էի սիրածս գործով: Թարգմանություններ էի անում, բայց միշտ մի ներքին ձայն ասում էր, որ Տերն ինձ վանական կյանքի համար է պատրաստում:

 

Վանքը` մի այլ հարթություն է: Երեխան նախ դպրոց է գնում, հետո ուսումը շարունակում բուհում: Նույնն էլ մեր դեպքում է. երբ մարդը հավատքի է գալիս, սկսում է եկեղեցի հաճախել, մասնակցել ժամերգություններին, Սուրբ Պատարագին, նրա կյանքը փոխվում է, դառնում է իմաստալից, կամաց-կամաց սկսում է ճանաչել ճշմարտությունը եւ ձգտել կատարելության, որպեսզի ազատագրվի մեղքի կապանքներից: Այնժամ հավատացյալի առջեւ բացվում է մեկ այլ ասպարեզ, որտեղ նա կարող է ամբողջապես տրվել աղոթական կյանքին եւ նվիրվել Աստծուն:  Հենց սա է ճանապարհը դեպի վանական կյանք:

 

Աստծո խոսքը միշտ կատարվում է, այնպիսի ճշգրտությամբ, որ ապշում ես: Մենք ունենք  եւ Հայրեր, եւ Մայրեր, եւ Եղբայրներ ու Քույրեր եւ ճիշտ չի լինի  ասել, որ ես թողել եմ իմ ընտանիքը`թողել եմ, բայց չեմ լքել: Թողել եմ, ինչպես կթողնեի, եթե ամուսնացած լինեի: Պարզապես գնացել եմ ինձ համար նախախնամված ճանապարհով: Սիրել եմ ծնողներիս, քրոջս, սկզբում կարոտում էի, մտահոգվում, բայց հետո հասկացա, որ աղոթքով նրանց շատ ավելի օգտակար կլինեմ, քան մարդկային միջամտությամբ:

 

 

Համարյա չի եղել այնպես, որ աշխարհիկ կյանք վերադառնալու մասին մտածեմ: Եղել են պահեր, երբ  մտածել եմ` թողնեմ ու հեռանամ: Բայց դրանք սոսկ պահեր են եղել, որոնք անցել, գնացել են:

 

Աշխարհիկ կյանքից ոչինչ չեմ կարոտում: Այսօր իմ կյանքը շատ ավելի լեցուն է: Հիմա, երբ ետ եմ նայում, հասկանում եմ` լիարժեք երջանիկ չեմ եղել: Առանց Աստծո երջանկություն չկա:

 

Այսօր երազանք չունեմ, դրա մեջ կա անբավարարվածության իմաստ: Աստված ինձ տվել է այն, ինչի մասին չէի էլ կարող երազել, քանի որ չգիտեի:  Ձգտումներ ունեմ` ուզում եմ Տիրոջը արժանի լինել:

 

 

Ձեզ թվում է, թե մենք զրկանքներով ենք ապրում, այդպես չէ՞: Բայց ` ընդհակառակը: Մարդու հոգին անսահման է, հենց այստեղ է բացվում Ճշմարտությունը`միայն լիության զգացում ես ունենում եւ հասկանում ես, որ սա է իսկական երջանկությունը:  Սա այն զգացողությունն է, որի  համար  ուզում ես առանձնանալ եւ պարփակվել արտաքին աշխարհից:

 

Մարդու թշնամիներից մեկն էլ հենց ինքն է, իր մեղքերը, տկարությունները, չարին տեղի տալու իր հակումը: Վանքում` միաբան քույրերի հետ համատեղ կյանքում շատ ավելի հստակ ես տեսնում քո սխալները: Առանձնանալով, իհարկե, թշնամուցդ չես փախչում, բայց միայն այդպես կարող ես հոգեպես զորանալ:

 

Լենա Գեւորգյան (տեքստ)

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին