Լիլիթ Բլեյան. հեղինակ-կատարող vs. լրագրող - Mediamax.am

exclusive
4374 դիտում

Լիլիթ Բլեյան. հեղինակ-կատարող vs. լրագրող


Լիլիթ Բլեյանը
Լիլիթ Բլեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Բլեյանը
Լիլիթ Բլեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Բլեյանը
Լիլիթ Բլեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Բլեյանը
Լիլիթ Բլեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Բլեյանը
Լիլիթ Բլեյանը

Լուսանկարը` Լ. Բլեյանի արխիվից

Լիլիթ Բլեյանը
Լիլիթ Բլեյանը

Լուսանկարը` Լ. Բլեյանի արխիվից


Ատամհատիկին, դպրոցում ու անգամ ավարտական դիպլոմը ձեռքին՝ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ մասնագիտություններից որն է իրենցը: Պատահում է, որ երկար տարիներ մի ոլորտում աշխատած մասնագետը հանկարծ բացահայտում է իր «ուրիշ ես»-ը ու չի վախենում հետեւել դրան: Այդ «ես»-երն իրար լրացնում կամ հակասում, օգնում կամ բացառում են: Նա, ում հաջողվել է գտնել թաքնված «ես»-ը, իրեն ավելի ամբողջական, իրացված ու երջանիկ է զգում:

 

Լիլիթ Բլեյանը դիպլոմով իսպաներենի ուսուցիչ է: Երկար տարիներ զբաղվել է լրագրությամբ, հիմա էլ ժամանակ առ ժամանակ ներգրավվում է տարբեր նախագծերում, բայց միայն որպես նախկին լրագրող: Մի քանի տարի առաջ հասկացավ, որ երջանիկ է, երբ երգեր է գրում ու կատարում դրանք: Սկսել է նաեւ կինոսցենարներ գրել:

 

Ուսուցիչը, որ դարձավ լրագրող ու երգեց

 

Ես համալսարանում իսպաներեն եմ ուսումնասիրել, ուսուցիչ եմ, բայց երբեք դպրոցում չեմ աշխատել: 1996-ին պատահաբար իմացա, որ Ա1+ հեռուստաընկերությունը դասընթացներ է կազմակերպել հեռուստատեսության աշխատողների համար: Մասնակցեցի, ընտրեցին, հրավիրեցին աշխատանքի: Հիմնականում 18-19 տարեկան երեխեք էինք, միանգամից ընկանք լուրերի հորձանուտի մեջ: Առաջինն էինք, որ դեպքի վայրից ուղիղ եթեր էինք մտնում: Մեզ շատ հասուն էինք զգում: Մինչեւ 2000 թվականն աշխատեցի լրատվական բաժնում, եւս երկու տարի հեղինակային հաղորդումներ արեցի: Աղջկաս ծնվելուց հետո երկար ընդմիջում վերցրեցի բոլոր գործերից:

Լիլիթ Բլեյանը Լիլիթ Բլեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2010-ին ձայնագրեցի առաջին երգը՝ «Սպասող գնացքներ»-ը, ու կյանքը փոխվեց, միանգամից սիրունացավ:  Չէի մտածում, որ կշարունակեմ երգեր ձայնագրել, բայց տեսա, որ մարդիկ արձագանքում են, սիրում, սպասում: 2011-ին թողարկեցի առաջին ալբոմը՝ «Ուրիշ քաղաքում», որում ընդգրկված էին հայերեն երգեր: Երկու իսպաներեն երգ էլ վերջին վայրկյանին հասցրեցի «խցկել», որովհետեւ միշտ ուզում էի իսպաներեն երգել: Դրան զուգահեռ Ա1+-ում երկու նախագիծ էի անում. գնում էի ձայնագրության, հետո՝ ուղիղ եթերի: Մի պահ հետաքրքիր էր, բայց հետո սկսեցի այլ կերպ նայել ու հասկացա, որ եթե առնվազն փորձում ես քեզ պրոֆեսիոնալ զգալ, պիտի մասնագիտանաս, ավելի լուրջ աշխատես ինքդ քեզ վրա:

 

Երբ մասնագիտությունները ճյուղավորվում են, դժվար է միաժամանակ ներդրվել մի քանի տեղ ու միաժամանակ լինել պրոֆեսիոնալ: Երաժշտական բազային կրթություն ունեմ, ջութակ եմ նվագել, երգեր եմ գրել ու երգել, բայց դա բավարար չէր: Որոշեցի իմ ժամանակի մեծ մասը տրամադրել երգերին, ու չեմ զղջում:

 

Հաղթեց ստեղծելու երազանքը

 

Ինչ-որ պահի հասկացա, որ ներսումս կոնֆլիկտ կա: Որպես պատասխանատու մարդ եւ լրագրող՝ պետք է խորությամբ ուսումնասիրեի այն թեմաները, որոնց մասին խոսում եմ ստուդիայում, պետք է բավարար տեղեկացված լինեի այն մարդկանցից, որոնց հյուրընկալում էի: Կան հյուրեր ու թեմաներ, որոնք այնքան էլ իմ սրտով չեն, եւ ես իմ ժամանակն ավելի հաճույքով կծախսեմ բոլորովին այլ տեղում: Որոշեցի իրականացնել ինչ-որ բան ստեղծելու երազանքս:

Լիլիթ Բլեյանը Լիլիթ Բլեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սկսեցի շատ ավելի լուրջ վերաբերվել ներքին զգացողություններիս:Սովորաբար մենք տրվում ենք ժամանակին, իրադարձությունների ընթացքին, չենք հասցնում ինքներս մեզ լսել: Մեզ համար երկրորդական են մեր իրական ցանկությունները, ներքին ազդակները: Ծնվում ենք կարծրատիպերի, պայմանականությունների, տարբեր կլիշեների աշխարհում, ու անգամ ամենաազատ մարդիկ, իրենցից անկախ, ժամանակի ընթացում ենթարկվում են դրանց: Նույնիսկ չենք կարեւորում ինքներս մեզ, իսկ դա ամենավատ բանն է, որը կարող է տեղի ունենալ մեզ հետ եւ որը տեղի է ունենում միշտ կամ գոնե մինչեւ մի փուլ, երբ կարողանում ենք ազատվել կյանքի պարտադրանքներից (գուցե ոմանց համար դրանք այնքան էլ վատը չեն):

 

Կյանքը մեզ տալիս է ստանդարտ փաթեթ, ինչպես խանութում ինչ-որ բան գնելիս: Վերցնում ես ու չես «խորանում», թե ինչ նրբություններ կան, քո հագով է, թե՝ ոչ: Վերցնում ես, հետո սկսում քեզ դրա հետ համեմատել:

 

Երաժշտությամբ իրականությունը փոխելու մասին

 

Որոշեցի ստեղծել իրադարձություններ, ոչ թե լուսաբանել դրանք: Առաջ ես էի հարցեր տալիս, հիմա՝ ինձ են տալիս: Բոլորովին ուրիշ պահանջներ, ուրիշ աշխատանք է: Պիտի ինքդ քեզ նորից ճանաչես, կողքից նայես, հասկանաս քո արածը, որպեսզի այդ հարցերի պատասխանն ունենաս:

 

Ես մի քիչ բծախնդիր եմ տեքստի, բառերի, նոտաների հետ աշխատանքում: Ցավոք, այդ բծախնդրությունը մեծ մասամբ չտեսա հայաստանյան լրագրության մեջ: Իսկ երաժշտության, երգերի դեպքում փոխզիջման չեմ գնում, չեմ հարմարվում, չեմ համակերպվում բացթողումների հետ: Եթե բառի հետ կոնֆլիկտ ունեմ, մինչեւ 100 տոկոսով չհարթեմ, իմ սրտով չլինի, գործն ավարտած չեմ համարում: Ամեն երաժշտություն չէ, որ լսում եմ: 3 նոտայից հետո կամ անջատում եմ կամ լսում մինչեւ վերջ, նույնը՝ գիրք կարդալիս կամ ֆիլմ դիտելիս: Ինձ համար իմ ժամանակը կարեւոր է. եթե զգում եմ, որ իմը չէ, միանգամից թողնում եմ: Եթե զգում եմ, որ մի ամբողջ լրատվական դաշտ իմը չէ, ես այնտեղ քիչ անելիք ունեմ:

Լիլիթ Բլեյանը Լիլիթ Բլեյանը

Լուսանկարը` Լ. Բլեյանի արխիվից

Երբ լրագրող էի, կար խնդիր՝ պիտի համակերպվես, ընդունես, գնաս զիջումների, էլ չասած, որ անընդհատ մերկ ձեռքերով բախվում ես իրականության հետ: Դա ինձ դուր չէր գալիս, եւ ես շատ լուրջ կոնֆլիկտ ունեցա իրականության հետ: Երբ ուզում ես փոխել իրականությունը, այն միշտ ուժեղ է դուրս գալիս, ու լրագրողը պարտվում է: Հատկապես եթե նրբազգաց ես եւ բաց ներվով ես ընկալում իրադարձությունները, չես հասցնում ադապտացվել, անընդհատ «տալիս է գլխիդ», փորձում է քեզ փոխել, եւ ստիպված ես իրականությունն ընդունել այնպես, ասես ինքն է քո տերը, ինքն է քո գործողությունները որոշողը:

 

Իսկ երգ գրելը, ստեղծագործական պրոցեսն ինձ համար երջանիկ փուլ է: Ես կարող եմ փախչել, մտնել իմ քարանձավը եւ ստեղծագործել: Այստեղ իրականությունն է ինձ ենթարկվում:

 

Լրագրությունն  ու երաժշտությունն իրար օգնեցին

 

Չի բացառվում, որ ամեն բառի հանդեպ պատասխանատվությունը գալիս է լրագրությունից: Բառերի հետ աշխատանքի առումով լրագրությունից մեծ պաշար եմ կուտակել: Հատկապես ուղիղ եթերում նույնիսկ մի սխալ բառի իրավունք չունես: Իսկ երբ երգ ես գրում, այն դառնում է ավել լայն լսարանի սեփականությունը, ասես՝ քո մերկ երեխային անտառ ուղարկես: Դու նրա համար պետք է պաշտպանություն ապահովես. պետք է երգն առավելագույն ամբողջական, ստացված լինի՝ էնպիսին, ինչպիսին հնչում էր, երբ դեռ գլխումդ էր:

Լիլիթ Բլեյանը Լիլիթ Բլեյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երաժշտությունը լրագրությանը մասնագիտորեն չի օգնել, բայց օգնել է ավելի հետաքրքիր դարձնել կյանքը, ավելի լայն նայել աշխարհին, ճանաչել այն երաժշտությունը, որը մեզ մոտ շատ ճանաչված չէ, օգնել է ճանաչել մարդկանց:

 

Օբյեկտիվ լրագրողն ու սուբյեկտիվ ստեղծագործողը

 

Ես շատ եմ լսել, որ լրագրողը պետք է օբյեկտիվ, անաչառ լինի, փորձի իր անձը մի կողմ դնել ու սեփական պրիզմայով չնայել: Ես դա երբեք չեմ պատկերացրել, թեեւ հասկանում եմ, որ պետք է պահել լրագրության կանոնները: Երբ սկսում ես երգեր գրել, դառնում ես աշխարհի ամենասուբյեկտիվ մարդը: Ստեղծագործողը չի կարող չլինել սուբյեկտիվ: Ընդ որում՝ ամեն պահի կա վտանգ, որ նա կփոխի իր կարծիքը երեւույթի մասին, որովհետեւ հանկարծ կգտնի եւս մի տեսանկյուն:

 

Ինձ ասում են՝ «Դուք գրում եք երգեր քաղաքի մասին»: Մեծ հաշվով՝ ես քաղաքի մասին չեմ գրել. քաղաք չկա, կա մարդը: Երբ լրագրողն է գրում քաղաքի մասին, դա լրիվ ուրիշ է: Եթե ես նորից սկսեմ ակտիվ զբաղվել լրագրությամբ, երեւի կլինեմ ամենադաժանը: Այլեւս չեմ կարողանում շատ երեւույթների առնչվել: Կամ պիտի մոռանամ դրանց գոյության մասին, կամ պիտի մերկության մինչեւ վերջին աստիճան, մկանաթելեր փորփրեմ, որ հասկանամ:

Լիլիթ Բլեյանը Լիլիթ Բլեյանը

Լուսանկարը` Լ. Բլեյանի արխիվից

Այն մեսիջը, որ ես ուղարկում եմ երգերի տեսքով, պետք է շատ ազնիվ լինի: Տարիներ հետո դրանք լսելիս ես պիտի հիշեմ՝ ինչ էի զգում այդ շրջանում, ինչ էի ապրում, ինչ էր ինձ հետ կատարվում: Լրագրողը, ցավոք սրտի, այդ ամենից մեծ հաշվով զրկված է, որովհետեւ եթե հեղինակային, ստեղծագործական աշխատանք չի անում, դառնում է իրադարձությունների արձանագրողը, ազատությունից զրկված է: Այստեղ է կոնֆլիկտը. երգ գրելիս պարտադիր պետք է ինքդ քեզ օգտագործես որպես պրիզմա, ֆիլտր, իսկ լրագրության մեջ դա երբեմն խանգարում է: Ու այդ պատճառով եթե լրագրություն վերադառնալու առիթ լինի, երկար կմտածեմ:

 

Կինոյի համար երգեր գրելու մասին

 

Միշտ շատ եմ սիրել կինո եւ ուզել եմ կինոսցենար գրել: Դա էլ է ազատություն, ստեղծում ես: Այս պահին Ա1+-ի հրավերով աշխատում եմ Երեւանին նվիրված մի ֆիլմի սցենարի վրա, ինձ համար բոլորովին նոր ֆորմատի, շատ հետաքրքիր աշխատանք է։ Բայց ժամանակատար պրոցես է: Հասկացել եմ, որ ինձ ավելի լավ եմ զգում փոքր մասշտաբի գործեր անելիս: Ինձ համար իդեալականը երգի ձեւաչափն է, իմ համբերությունը հենց այդքան է հերիքում: Եթե կարողանայի կինոյի համար երգեր գրել, ինձ համար կլիներ շատ սիրուն ու ցանկալի զարգացում:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին