Դաշնամուր «կրթողները» - Mediamax.am

exclusive
7485 դիտում

Դաշնամուր «կրթողները»

Առանց այս մարդկանց` դաշնամուր լարողների, անկախ դաշնակահարի հմտությունից ու վարպետությունից, ստեղծագործությունը չի կարող գույն ու սահունություն ունենալ:

Ժան Քալաշյանը
Ժան Քալաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիմոն Հայրապետյանը
Սիմոն Հայրապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարպետ Խաչիկը
Վարպետ Խաչիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիլլի Մարտիկյանը
Վիլլի Մարտիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ինչի՞ մասին եք մտածում, երբ համերգասրահում նստած վայելում եք դաշնակահարի նվագը: Երեւի, ոչ այն մարդու մասին, ով մի քանի ժամ առաջ լարել է այդ նույն դաշնամուրը: Առանց այս մարդկանց` դաշնամուր լարողների, անկախ դաշնակահարի հմտությունից ու վարպետությունից, ստեղծագործությունը չի կարող գույն ու սահունություն ունենալ: Սակայն համերգասրահների բեմերից հեղինակների եւ կատարողների անունների կողքին այս մարդկանց անունները երբեք չեն հնչում:

 

«Մարդապատում» նախագծի հեղինակներ Մարիամ Լորեցյանն ու Լենա Գեւորգյանն այս անգամ հանդիպել են մեր քաղաքում ապրող չորս դաշնամուր լարողների հետ, ովքեր խոստովանել են, որ դաշնամուրներն` իրենց երեխաներն են, ում մասին նրանք հոգ են տանում, խնամում եւ ձայն տալով «կրթում» են:

 

Ժան Քալաշյան

Երաժիշտ, պրոդյուսեր, դաշնամուրի մասնագետ

 

Ժան Քալաշյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Հինգ տարեկանից երաժշտությամբ եմ զբաղվել: 6-րդ դասարանում էի, ջութակի էի գնում, մի լավ  երաժիշտ կար` Զարեհ Սողոմոնյան, նա նաեւ դաշնամուր էր լարում ու լավ նվագում էր, ընկերներով հետեւում էինք նրա աշխատանքին: Այդպես նայելով` շատ բան սովորեցի:

 

Որքան գիտեմ, մեր քաղաքի առաջին դաշնամուր լարողներից էր Վանյա Շահատունին: Նա Լենինգրադում էր սովորել եւ շատ հաճախ մեր տուն էր գալիս երկրորդ թողարկման «Երեւան» դաշնամուրը լարելու համար: Անդադար խանգարում էի նրան, հարցուփորձ էի անում, ինձ հետաքրքիր էր ամեն մանրուք: Նրանից էլ շատ բան եմ սովորել:

 

Երբ ընդունվեցի երաժշտական ուսումնարան, մեր երիտասարդական քեֆերի, երեկույթների գումարները հենց դաշնամուր լարելով էի աշխատում:

 

Մեր առաքելությունը` գործիքը գործարանային վիճակից հասցնել ավելի լավ վիճակի: Յուրաքանչյուր դաշնամուր լարող իր ձեռագիրն ունի, հնարավոր է գործիքի ձայնից հասկանալ` ո՞վ է լարել:

 

Հաճախ շփվում եմ գործիքներիս հետ, եթե մեկը կողքից նայի` կասի խենթություն է, բայց նրանք այդ շփման կարիքն ունեն եւ հետո իրենց շնորհակալություն են հայտնում:

 

Զբաղվում եմ նաեւ դաշնամուրների ու ռոյալների վերականգնման աշխատանքներով: Հաճախ գործիքը այնքան վատ վիճակում է լինում, կարծես պարզապես մի տուփ լինի: Նման գործիքներն ինձ խոնարհված եկեղեցիներ են հիշեցնում. պատկերացնում եք, թե ինչ ուշադրությամբ, վեհությամբ, հարգանքով եմ մոտենում դրանց: Երբեմն գործիքը վերականգնելուց հետո այնքան հարազատ է դառնում, որ դժվարությամբ ես վերադարձնում պատվիրատուին:

 

Այսքան տարի լինելով այս գործում, դաշնամուրի կողքը որեւէ վատ մարդ չեմ հանդիպել: Նույնիսկ եթե մարդը վատն է, չար է, կեղծավոր է` գործիքի կողքին գեղեցկանում ու բարիանում է: Դաշնամուրը մաքրման առաքելություն է կրում իր մեջ:

 

Վարպետ Խաչիկ

Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի մասնագետ

 

Վարպետ Խաչիկը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

1966 թվականից աշխատում եմ որպես դաշնամուրի լարող` դպրոցն ավարտելուց հետո միանգամից ընդունվել եմ դաշնամուրի ֆաբրիկա, մոտ երեք ամիս աշակերտել եմ այնտեղ: Դեպի Չարբախ տանող ճանապարհին «Բելարուս» խանութ կար, դաշնամուրի գործարանը հենց դիմացն էր` հիմա այդ ֆաբրիկայից միայն պատերն են մնացել:

 

Ապրում եմ իմ դաշնամուրներով, առանց գործիքների կյանքս չեմ պատկերացնում: Անգամ գիշերը մտածում եմ` ի՞նչ անեմ, ո՞նց անեմ, որ լավ աշխատի, որ վերականգնվի, որ ձայնը ճիշտ հնչի: Անդադար ապրումների մեջ եմ: Դաշնամուրների հետ մի անտեսանելի կապ կա` պիտի ապրես ու շնչես դրանցով, այլապես` ոչինչ չի ստացվի:

 

Դաշնամուր լարելը`մասնագիտություն չէ, արվեստ է: Պատրաստման պրոցեսը` արհեստ է, լարումը` արվեստ, որովհետեւ հոգի ես դնում դաշնամուրների մեջ:

 

Դաշնամուրները իմ երեխաներն են, նրանց կյանք եմ տալիս, լեզու եմ տալիս ու գրագետ դարձնում: Հաճելի է չէ՞ շփվել կրթված, գրագետ մարդկանց հետ, նույնն էլ գործիքն է, նա էլ է «խոսում»: Նրա ձայնի մաքրությունը հենց քո միջոցով է «տեղն ընկնում»:

 

Դաշնակահարները թող չնեղվեն, բայց առանց մեզ նրանք զրո են: Սա ջութակ չէ, որ հենց երաժիշտն էլ լարի, հազարավոր մասերից բաղկացած ու բարդ մեխանիզմ ունեցող նուրբ գործիք է:

 

Շատ ցավալի է, որ հիմա մեր անունը որեւէ տեղ չի նշվում, դժվա՞ր է համերգի ժամանակ կատարողի, հեղինակների հետ մեկտեղ ներկայացնել նաեւ դաշնամուր լարողներին: Հեղինակը ստեղծում է մեղեդին, իսկ ո՞վ է տալիս այդ մեղեդու գույները:

 

Դաշնամուր լարել սովորեցնելու որեւէ կառույց չկա, ժամանակին Լենինգրադում համապատասխան ուսումնական հաստատություն կար: Ցավալի վիճակ է, ոչ ոք չի ուզում սովորել: Մի քանի տարի առաջ հայտարարություն էի փակցրել կոնսերվատորիայում, որ պատրաստ եմ սովորեցնել բոլոր հմտություններին, բայց նույնիսկ մեկ հոգի դուռս չբացեց: Մեռնող մասնագիտություն է:

 

47 տարի է դաշնամուր եմ լարում, մեկ վայրկյան անգամ չեմ հոգնում, մեծագույն հաճույք եմ ստանում: Միայն մեկ կարեւոր բանաձեւ կա` եթե տրամադրություն չունես, դաշնամուրին չպետք է մոտենաս:

 

Վիլլի Մարտիկյան

Ռեստավրատոր, դաշնամուրի մասնագետ

 

Վիլլի Մարտիկյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

2007 թվականին մեկնեցի Ֆրանսիա, որտեղ սովորեցի վերականգնել դաշնամուրներ ու ռոյալներ, որի մեջ մտնում էր նաեւ գործիքի լարումը:

 

Մինչ Ֆրանսիա մեկնելս երաժշտական կրթություն էի ստացել, հարվածային գործիքներ նվագող եմ, բայց ընտրություն կատարեցի դեպի գործիքների ռեստավրացիոն աշխատանքը:

 

Դաշնամուր լարելու համար նախ համբերություն է պետք: Բայց ամենից կարեւորը «ականջ» ունենալն է:  Յուրաքանչյուր լարող իր ձեռագիրը, մատուցման ձեւն ունի:

 

Մի ժամանակ կար, երբ կոնսերվատորիայից համարյա դուրս չէի գալիս, գործիքներն էի վերանորոգում, դաշնամուրները լարում: Ընկերներս կատակում էին, որ վերջը հենց դաշնամուրի հետ եմ ամուսնանալու: Հիմա, փառք Աստծո, արդեն ընկերուհի ունեմ:

 

Ինքս ինձ երբեմն համեմատում եմ բժշկի հետ, որովհետեւ երբեմն փրկում եմ գործիքները «մահից»: Վառելափայտ հիշեցնող գործիքը քո ձեռքերի օգնությամբ «վերածնվում է» ու շարունակում ծառայել մարդկանց: Հենց դա է ամենամեծ շնորհակալությունը, որ ստանում եմ աշխատանքից:

 

Սիմոն Հայրապետյան

Դաշնամուրի մասնագետ, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի կոնտրաբասահար

 

Սիմոն Հայրապետյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Չորս տարեկանից երաժշտության աշխարհում եմ: Դաշնամուրի մասնագետ դարձել եմ հորս շնորհիվ, նա եւս երաժիշտ էր: Դաշնամուր լարելը արհեստ է, բայց այսօր այն  նաեւ արվեստ է համարվում:

 

Յուրաքանչյուր մասնագիտության մեջ կարեւորը սերն է, եթե գործդ հաճույքով ես անում, անպայման արդյունքի կհասնես: Եթե դաշնամուրը սիրով չլարենք, հանդիսատեսը դա զգալու է:

 

Դաշնամուրը շնչավոր առարկա է, զգայուն եւ նուրբ: Այն քիչ է արտահայտվում, ավելի զուսպ է, բայց հաստատուն եւ ամուր կամք ունի:

 

Դաշնամուր լարելը ծանր մասնագիտություն է, որովհետեւ անմիջական կապ ունի ձայների հետ, որոնք անմիջապես ուղեղի վրա են ազդում: Եթե միայն լարող լինեի, չէի հոգնի ու կցանկանայի միշտ էլ «օգնել» երաժշտական գործիքներին, բայց քանի որ նաեւ կոնտրաբասահար եմ, ամեն վայրկյան երաժշտության մեջ եմ եւ, երբեմն, լռության կարիք եմ զգում:

 

Լենա Գեւորգյան (տեքստ)

Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին