ԵԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանում լրագրողների դեմ հարձակումներով - Mediamax.am

21867 դիտում

ԵԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանում լրագրողների դեմ հարձակումներով


Լուսանկարը` http://www.osce.org/


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկել լրագրողների հանդեպ ոտնձգություններ կատարած անձանց եւ վերջ դնել անպատժելիության մթնոլորտին:

Ահազանգերի համաձայն, սեպտեմբերի 19-ին Ղազախստանում հայկական համայնքի ղեկավարը Երեւանում կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ խլել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի ձայնագրիչը, երբ վերջինս մոտեցել է նրան: Այնուհետ, համայնքի ղեկավարը հանձնարարել էր իր անվտանգության աշխատակիցներին հեռացնել լրագրողին: Անվտանգության աշխատակիցները խլել են լրագրողի հեռախոսը, երբ վերջինս փորձել է լուսանկարել իր հանդեպ վերաբերմունքը:

 

«Ես մտահոգված եմ Հայաստանում լրագրողների նկատմամբ ոտնձգությունների վերջին դեպքերի կապակցւթյամբ: Հուսով եմ, որ լրագրողի հանդեպ բռնության այս դեպքը պատշաճ կերպով կուսումնասիրվի իրավապահ մարմինների կողմից»,- գրել է Դունյա Միյատովիչը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հասցեագրված նամակում:

 

ԵԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ Ա1+-ի լրագրող Մարինե Խաչատրյանի եւ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի հանդեպ հարձակումների փաստին:

 

«Ես կոչ եմ անում իշխանությունների պատշաճ ժամկետում անդրադառնալ այս հանցագործություններին: Անպատժելիությունը հանգեցնում է ավելի մեծ բռնության ալիքի եւ բացասական է անդրադառնում ազատ մամուլի եւ ազատ արտահայտման վրա»,- ասել է Միյատովիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին