Մեդիան ԱլԳ երկրներում. խնդիրներն ու կանխատեսումները - Mediamax.am

39961 դիտում

Մեդիան ԱլԳ երկրներում. խնդիրներն ու կանխատեսումները


Յոհանես Հանը
Յոհանես Հանը

Լուսանկարը` Photolure


Նախորդ շաբաթ Ռիգայում տեղի ունեցավ «Մեդիայի դերն Արեւելյան գործընկերությունում» ԶԼՄ-ների կոնֆերանս, որն առաջինն էր իր տեսակի մեջ:

Կոնֆերանսի բացմանն իրենց ելույթներով հանդես եկան Եվրահանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը, Հարեւանության քաղաքականության եւ  ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգան եւ այլք։

 

Միջոցառման նպատակն էր քննարկել Արեւելյան գործընկերության անդամ երկրներում մեդիա միջավայրը, տենդենցներն ու մարտահրավները, կառավարության դերը՝ ազատ մեդիա ունենալու հարցում, ինտերնետի եւ սոցիալական մեդիայի զարգացման ազդեցությունն ու հետեւանքները մեդիա միջավայրի վրա: 

 

Կոնֆերանսին մասնակցում էին Արեւելյան գործընկերության անդամ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեդիա փորձագետներ, ոլորտի մասնագետներ եւ խորհրդատուներ:

 

Իրավիճակի ու կանխատեսումների մասին

 

Կոնֆերանսի ընթացքում ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը 2014 թվականը բացասական որակեց  ԶԼՄ-ների ու մարդու իրավունքների համար, իսկ այս տարվա համար նկատեց, որ ընթացքն ավելի վատն է:

 

ԶԼՄ-ների տնտեսական ու քաղաքական կախվածությանն անդրադարձավ Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգը՝ այն  լուրջ սպառնալիք համարելով  ժողովրդավարության կայացման եւ զարգացման համար: «Այդ կախվածությունն առավել նկատելի է օլիգարխների կողմից կառավարվող երկրներում»,- նշեց Վայրա Վիկե-Ֆրայբերգը:

 

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մամուլի ազատության համար բարդ ժամանակներ ու ոչ խոստումնալից ապագա կանխատեսեց: Անդրադառնալով Արեւելյան գործընկերության երկրներում գործող լրատվամիջոցներին՝ նա նշեց, որ այստեղ մամուլի ազատությունը հաճախ է խախտվում, եւ ահազանգեց իր գլխավոր մտահոգությունը՝ «այս երկրներում մամուլը երբեմն քարոզչամիջոցի է վերածվում»: Դունյա Միյատովիչը ԶԼՄ-ների ազատության բացասական ֆոն նկատեց  Հայաստանում, Բելառուսում եւ Ադրբեջանում, իսկ Մոլդովայում, Վրաստանում  եւ Ուկրաինայում՝ մասնակի ազատություն: Վերջինս վրդովվեց հատկապես Ադրբեջանում տիրող իրավիճակի կապակցությամբ, ուր մեկ տասնյակից ավել լրագրողներ անազատության մեջ են:

 

«Իրերը պետք է իրենց անուններով կոչենք ու դադարենք համագործակցությունն այն երկրների հետ, որտեղ խախտվում են մարդու իրավունքները»,- ասաց Դունյա Միյատովիչը:

 

Համաժողովի ընթացքում քննադատություն հնչեց ոչ միայն Ադրբեջանի հասցեին, ուր «ոտնահարվում են լրատվամիջոցների ազատությունն ու մարդու իրավունքները», այլեւ Ռուսաստանի, ուր «մամուլը կերպարանափոխվում է՝ ծառայելով պետական քարոզչությանը»: Քննադատությունից զերծ չմնաց նաեւ Վրաստանը՝ ազգային փոքրամասնությունների հանդեպ վարվող քաղաքականության համար, իսկ Հայաստանում մտահոգիչ էր լրատվամիջոցների ոչ անկախ լինելու հարցը:   

 

Ազատ ու պրոֆեսիոնալ մամուլի կարեւորության մասին

 

Եվրահանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ  ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նշեց,  որ «մամուլի ազատությունը, հասարակության տեղեկացված լինելը ժողովրդավար պետության հիմնարար սկզբունքներից մեկն է»:

 

«Մենք հավատում ենք, որ ազատ ու պրոֆեսիոնալ մամուլը հաջողված հասարակության հիմքերից մեկն է: Ազատ մեդիան ձեր երկիրը դարձնում է ուժեղ.  այն երկրում, ուր տեղեկատվությունը բացակայում է, խեղաթյուրված է կամ կեղծ, այնտեղ ժողովրդավարության համակարգերը թուլացած են»,- ասաց եվրահանձնակատարը:

 

Յոհաննես Հանը նկատեց՝ ԵՄ հարեւանությունում գործող մեդիան այսօր խոշոր մարտահրավերների առջեւ է. «Անկախ ԶԼՄ-ները ֆինանսապես գոյատեւելու խնդիր ունեն: Տարբեր ձեւաչափի oնլայն եւ սոցիալական մեդիաները մեծ ներդրում ունեն  ժողովրդավարության զարգացման գործում, սակայն ոչ բոլոր աղբյուրներն են պրոֆեսիոնալ եւ վստահելի: Ահա թե  ինչու մենք պետք է շարունակենք լրագրողների վերապատրաստումն ու մեդիա սպառողի գրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը»:

 

Յոհաննես Հանի փոխանցմամբ, կառավարությունները պարտավոր են ապահովել անվտանգ միջավայր, ուր լրատվամիջոցներն ազատ արտահայտվելու իրավունք կունենան՝ զուգահեռաբար ապահովելով նաեւ քաղաքացիների ազատ խոսքի ու տեղեկացած լինելու իրավունքը:

 

Նա անդրադարձավ  նաեւ հեռուստատեսության դերին. «Արեւելյան գործընկերության անդամ երկրներում բնակչության 80 տոկոսը տեղեկատվություն է ստանում հեռուստատեսության միջոցով: Այստեղ կարեւոր է պրոֆեսիոնալ եւ անկախ կարգավորողի դերը: Ուզում եմ ընդգծել անկախ հանրային հեռարձակողի կարեւորությունը: Այս առումով հուսադրող օրինակներ տեսանք Ուկրաինայում»,-ասաց նա:

 

Կազմակերպիչները խոստացան, որ կոնֆերանսը շարունակական բնույթ է կրելու՝ փորձելով հնարավոր ճանապարհներ գտնել Արեւելյան գործընկերության ադամ երկրներում ազատ ու պրոֆեսիոնալ մեդիայի ստեղծման ու կայացման, դրա դերի բարձրացման ուղղությամբ:

 

Սիրանուշ Եղիազարյան

Ռիգա-Երեւան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին