Երեւանում մեկնարկել է Երիտասարդ լրագրողների միջազգային մրցույթը - Mediamax.am

76144 դիտում

Երեւանում մեկնարկել է Երիտասարդ լրագրողների միջազգային մրցույթը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում անցկացվում է Երիտասարդ լրագրողների VI միջազգային մրցույթը, որը կրում է «Կովկասյան տարածաշրջանի խաղաղ ապագան. ընդհանուր պատմություն եւ այժմեականություն» խորագիրը:

Մրցույթի նպատակն է նպաստել բարիդրացիական հարաբերությունների եւ բարեկամության զարգացմանը Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ժողովուրդների միջեւ ՝ տարածաշրջանի երկրների միջեւ տարաբնույթ կապերի խրախուսման միջոցով զանգվածային տեղեկատվության ոլորտում:

 

Մրցույթի նպատակներից է նաեւ բարձրացնել տարածաշրջանի ԶԼՄ-ների հետաքրքրության Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների, ընդհանուր պատմության, համատեղ տնտեսական եւ մարդասիրական նախագծերի նկատմամբ:

 

Այսօր լրագրողներին ներկայացնելով մրցույթի մանրամասները՝  «Ռուսաստանի հանրային հեռուստատեսության» պատմահրապարակախոսական ծրագրերի տնօրինության տնօրեն Լեոնիդ Մլեչինն ասել է, որ լրագրողական նյութերն ընդունվում են երեք անվանակարգերում՝  «1945-2015. Մեր ընդհանուր հաղթանակը», «Եվրասիական ինտեգրացիա – ճանապարհ դեպի խաղաղություն  եւ զարգացում» եւ «Կովկաս – բարիդրացիական հարաբերությունների հարթակ»:

 

Լեոնիդ Մլեչինը նշել է, որ մրցույթը բաց է երիտասարդ լրագրողների համար, որոնք աշխատում են տպագիր մամուլում, ռադիոյում, հեռուստատեսությունում եւ նոր մեդիաներում:

 

«Բոլոր աշխատանքները, որոնք պատրաստվել են եւ կպատրաստվեն այս տարվա մայիսի 1-ից մինչեւ այս տարվա հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, կուսումնասիրվեն ժյուրիի կողմից: Մրցույթի հաղթողները կստանան արժեքավոր մրցանակներ եւ ուղեւորություն Մոսկվա այս տարվա նոյեմբերին»,- ասել է Լեոնիդ Մլեչինը: 

 

«Ռուսաստանի հանրային հեռուստատեսության» գլխավոր տնօրենի ծառայության տնօրեն, Հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային ակադեմիայի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբելլա Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ մրցույթի հայտերն ընդունվում են մինչեւ հոկտեմբերի վերջ: Դրանից հետո 2 շաբաթվա ընթացքում ժյուրին կհրապարակի հաղթողների անունները:

 

Հայտերը ներկայացվում են Հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային ակադեմիա (Международная академия телевидения и радио, IATR):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին