«Կարդացել եմ ՖԲ-ում»` տհաճ փաստեր մեդիա-բրենդերի քայքայման մասին - Mediamax.am

exclusive
92149 դիտում

«Կարդացել եմ ՖԲ-ում»` տհաճ փաստեր մեդիա-բրենդերի քայքայման մասին


Լուսանկարը` REUTERS


Արդյո՞ք մարդիկ հիշում են նորությունների բրենդը, երբ սոցիալական մեդիայի կամ որոնման համակարգերի միջոցով են կարդում դրանք:

 

Reuters-ի Լրագրության հետազոտության ինստիտուտի Digital News Report 2017 հետազոտությունը պարզել է, թե սոցիալական ցանցերի եւ նորությունների ագրեգատորների աճի հետեւանքով ինչպիսի փոփոխություններ է կրել առցանց սպառման տիրույթը: Մեդիամաքսը որոշ փաստեր է ներկայացնում հետազոտությունից:

 

1. Օգտատերերի կեսից պակասն է կարողացել հիշել որոնողական համակարգերից կամ սոցիալական մեդիայից կարդացած կոնկրետ նյութի մեդիայի բրենդի անունը: Բրենդի ճիշտ վերագրումը տվել է որոնման համակարգերից եկած օգտատերերի

37%-ը եւ սոցիալական մեդիայից եկածների 47%-ը: Ուղիղ եղանակով կամ այլ կայքից եկածների 81%-ը կարողացել է հստակ նշել այն մեդիան, որտեղ կարդացել է այս կամ այն նյութը:

 

2. Օգտատերերի մոտ կեսն ու երկու երրորդն են կարողացել հիշել ուղին, որով գտել են նորությունը (սոցիալական մեդիա՝ 67%, որոնման համակարգեր 57%): Սա ամրապնդում է միտքը, որ պլատֆորմներն ավելի շատ օգուտ են ստանում, քան նրանք, ովքեր արտադրում են այդ բովանդակությունը:

 

3. Նորությունների որոշ բրենդերի ստեղծած բովանդակությունն ավելի լավ է հիշվում: Սոցիալական մեդիայով տարածման դեպքում Guardian-ի (69%), BuzzFeed-ի (68%) եւ BBC-ի (59%) պատմությունները ճիշտ նույնականացվել են բրենդի հետ շուրջ երկու անգամ ավելի հաճախ, քան Independent-ի (35%), Mirror-ի (27%) եւ Sun-ի (29%) դեպքում:

Լուսանկարը` REUTERS

Որոնման համակարգերով կարդացված նորությունների դեպքում BBC-ն (61%), Guardian-ը (58%) եւ Telegraph-ն (41%) իրենց արտադրած պատմությունների հետ ճիշտ են իդենտիֆիկացվել ավելի շատ, քան Express (20%)-ը, Mirror (19%) եւ Independent-ը (19%):

 

4. Այս տարբերությունները մասամբ կարող են բացատրվել բրենդի հանդեպ ընթերցողների հավատարմությամբ: Օգտատերերը սոցիալական ցանցերի եւ որոնման համակարգերի միջոցով ավելի հակված են հիշել բրենդը, երբ կարդում են պատմություն նորությունների հիմնական աղբյուրից: Իրականում, ուղիղ եւ միջնորդավորված այցերի միջեւ տարբերությունը վերանում է, երբ կոնկրետ դիտարկվում են հավատարիմ ընթերցողները: Կարեւոր գործոններից մեկն է նաեւ բրենդի տեսքը երրորդական հարթակներում, այսինքն, ինչպես են առանձնանում ոճային բաղադրիչները (օրինակ՝ լոգոն):

 

5. Մեկ այլ գործոն, որն ազդում է ճիշտ նույնականացման վրա, բովանդակության տեսակն է: Սոցիալական մեդիայով տարածված նորությունների բրենդն ավելի շատ է հիշվում, երբ թեման բարդ է՝ քաղաքականություն (57%) եւ միջազգային նորություններ (46%), ավելի քիչ՝ ապրելակերպի ու զվարճանքի թեմաների դեպքում, ինչպես օրինակ՝ սպորտի (35%) եւ հայտնիների (31%) մասին նորությունները:  

 

6. Բրենդի ճիշտ նույնականացումը Facebook-ում գտած բովանդակության հետ զգալիորեն ավելի ցածր է՝ 44%, քան Twitter-ում՝ 55%: Հավանաբար, պատճառն այն է, որ Twitter-ի օգտատերերն ավելի ակտիվ են ներգրավված եւ ավելի շատ են հետաքրքրվում նորություններով:

 

7. Երիտասարդները (18–24տ.), ավելի մեծ տարիքային խմբերի համեմատ (55+), մոտ երկու անգամ ավելի հաճախ են ճիշտ նույնականացնում բրենդը, երբ նորությունը տարածվում է սոցիալական ցանցերում:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին