33816 դիտում

Փորձագետները՝ լրագրությանն առնչվող «գաղտնի» փոփոխության մասին



Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ, այս տարեսկզբից ուժը կորցրած է ճանաչվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը, որով անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չէին տարածվում «բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա»:

Օրենսդրական այս փոփոխությունը լրագրողական հանրության շրջանում լուրջ քննարկումների առիթ էր դարձել։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիանա Դոյդոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անթույլատրելի է համարել «նման փոփոխության գաղտնի իրականացումը»:

Նրա համոզմամբ՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի վերոնշյալ փոփոխությունը տարածվում է ոչ միայն պետական մարմինների, այլեւ լրագրողների գործունեության վրա։

«Արդարադատության նախարարությունը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, կարող է լրատվամիջոց մտնել ոչ միայն բողոքի առկայության դեպքում, այլեւ սեփական նախաձեռնությամբ, որպեսզի տեսնի, թե ինչպես են պահպանվում լրագրողի կողմից ձեռք բերված անձնական տվյալները։ Շատ դեպքերում նույնիսկ պետական մարմիններում դրանք չեն պահպանվում։ Այդ դեպքում գործակալը վարույթ կհարուցի եւ 500 հազ. դրամ վարչական տուգանք կսահմանի»,- ասել է Լիանա Դոյդոյանը։

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանն էլ պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը։

«ԶԼՄ-ներին վերաբերող կարգավորումներն արդեն իսկ առկա են ԶԼՄ-ի մասին օրենքում, հետեւաբար՝ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով առաջարկվել է խնդրո առարկա նորմի ուժը կորցրած ճանաչել։ Այս դրույթի առկայությունը կամ բացակայությունը լրագրողական գործունեության իրականացման համար որեւէ բան չի փոխում, քանի որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը բլանկետային օրենք է, եւ այն ինքնին ո՛չ արգելում եւ ո՛չ էլ թույլատրում է անձնական տվյալներ մշակել, այդ թվում՝ լրագրողական նպատակով։ Այն չունի արգելող նորմ»,- ասել է նա։

Գեւորգ Հայրապետյանն ընդգծել է, որ այդ օրենքը չի ասում, որ անձնական տվյալները գաղտնիք են։

«Ցանկացած տվյալ, եթե հանրամատչելի է, չի կարող լինել գաղտնիք, անկախ նրանից, թե ինչ աստիճանի նեղ անձնական է։ Օրենքով եւս նախատեսված են անձնական տվյալների հրապարակման դեպքեր, մասնավորապես՝ հայտարարագրման ինստիտուտը, եւ այլն»,- ասել է արդարադատության նախարարության ներկայացուցիչը։  

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ տեսակետ է հայտնել, որ օրենքից հանված կետը համապատասխանում էր միջազգային նորմերին, եւ նման փոփոխություն իրականացնելու համար կարեւոր էր հանրային քննարկումների կազմակերպումը, ինչը չի արվել։

«Դա շտկելու համար կարելի է գործակալության ակտիվ մասնակցության եւ լրագրողական համայնքի ջանքերով գործընթաց նախաձեռնել այդ դրույթի վերականգման նպատակով»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am