Անդրանիկ Նիկողոսյանի 12 կայքերի առեղծվածը - Mediamax.am

exclusive
8480 դիտում

Անդրանիկ Նիկողոսյանի 12 կայքերի առեղծվածը


Անդրանիկ Նիկողոսյան
Անդրանիկ Նիկողոսյան

Օգոստոսի վերջին տասնօրյակից սկսած մամուլում շրջանառվեցին լուրեր այն մասին, թե Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի /ՀՄԵԿ/ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը 12 կայք է գնել, որոնց թվում է neonews.am-ը:

Լուրը հաստատեց ՀՄԵԿ նախագահն ու խոստացավ, որ մինչեւ սեպտեմբերի առաջին տասնօրյակը կխոսի 12 կայքերի մասին, կհրապարակի դրանց անունները: Մինչ Նիկողոսյանը պատրաստվում է խոսել, մամուլում շարունակում են նոր լուրեր պտտվել` Անդրանիկ Նիկողոսյանը գնել է “Դե Ֆակտո” ամսագիրը, neonews.am-ը հնարավոր է ոչ թե գնել, այլ խլել են, որտե՞ղ է  կայքի  բաժնետեր եւ գործադիր տնօրեն Էդգար Հելհելյանը եւ այլն:

 

Մեդիամաքսի թղթակիցը գնված կայքերի, դրա նպատակի ու մամուլում շրջանառվող լուրերի մասին խոսել է Անդրանիկ Նիկողոսյանի հետ:

 

“Կայքերը 12-ից ավելին են լինելու, թիվը գնալով կաճի”,- Մեդիամաքս-ին հայտնեց Անդրանիկ Նիկողոսյանը` հավելելով, որ ՀՄԵԿ-ի տարիների գործունեության ընթացքում հավաքվել էր երիտասարդ լրագրողների մեծ թիմ, որը ցանկանում էր լքել Հայաստանն ու գործունեություն ծավալել արտերկրում. “Կայքերը գնելու հիմնական խնդիրն ու նպատակը եղել է այն, որ երիտասարդները համախմբվեն, մնան Հայաստանում եւ ունենան կայուն աշխատանք: Առաջարկը եղել է երիտասարդների կողմից, եւ ես կարողացել եմ իրագործել դա ու շատ երիտասարդների պահել այստեղ”:

 

Իրականում գործող կայքերի թիվը 3-ն է`neonews.am, gazeta.am, interpress.am, որոնցից համեմատաբար ակտիվ է առաջինը: Նիկողոսյանն ասում է, որ մյուս կայքերը դեռ “կատարելագործվում են”, դրանց անունները կհրապարակվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում` նոր բացվող “Ռոսիա” մամուլի ակումբի առաջին ասուլիսում, սպասվում է նաեւ կայքերի շնորհանդես, որի ընթացքում մանրամասն կներկայացվեն գործունեության սկզբունքները.

 

“Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, լրատվական գործունեությանը չեմ միջամտելու, կայքերը գնելիս չեմ ուսումնասիրել վարկանիշը, ոչ էլ եկամուտ եմ ակնկալում: Հիմա մեր լրագրողական թիմն ունի շատ հետաքրքիր գաղափարներ տարբեր ոլորտների վերաբերյալ, մենք պետք է միայն լավ ու իրական լրատվություն մատուցենք, հստակ քայլերով առաջ ենք գնալու”, ասում է նա:

 

Մեդիամաքս-ի հարցին, թե որակյալ լրատվություն հաղորդելու համար ճի՞շտ չէր մտածել ոչ թե քանակի, այլ որակի մասին, ՀՄԵԿ նախագահը պատասխանեց. “Մեր թիմը բավական մեծ է ու դեռ մեծանալու է: Հիմա ունենք  65-ից ավել լրագրողներ ու խմբագիրներ, որոնք աշխատելու են ճիշտ ու դրական լրատվություն մատուցել: Մենք երիտասարդներին այստեղ պահելու եւ աշխատատեղեր տրամադրելու խնդիր ունեինք”:

 

Խոսելով նախընտրական շրջանում լրատվական մեծածավալ գործունեություն սկսելու մասին` ՀՄԵԿ նախագահն ասաց. “Եթե ավելի անկեղծ, ես չեմ կարծում, թե Հայաստանում կա որեւէ լրատվական կայք, որը կապ չունի ընտրությունների հետ կամ անկախ իր գործն է անում: Ես կուսակցության անդամ չեմ եղել, դեռ չեմ պատրաստվում լինել, կամ էլ քաղաքականությամբ զբաղվել, իմ դիրքորոշումն արդեն հայտնի է. թե քաղաքական ինչ տեսանկյունից կդիտարկվի դա հետագայում, փառք Աստծո, ունենք բավական շատ լրատվական կայքեր ու պատրաստ ենք ինքներս մեզ պաշտպանել”:

 

“Գրում են, թե neonews.am-ն առել եմ Էդգար Հելհելյանից: Ես Էդգար Հելհելյանին ճանաչում եմ բավական երկար ժամանակ: Երբ 2008-ի մարտի 1-ից հետո ստեղծվել էր երիտասարդական շարժում, Էդգարը դրա ակտիվ անդամներից էր, շատ լավ, հայրենասեր մարդ: Ի՞նչ է արել դրանից հետո Էդգար Հելհելյանը, ինչո՞վ է զբաղվել կամ ո՞ւր է հիմա, ես տեղյակ չեմ: Ես կայքն առել եմ ոչ թե Էդգար Հելհելյանից, այլ այն մարդուց, ում Հելհելյանը վաճառել էր”, ասել է ՀՄԵԿ նախագահը:

 

“Գրել էին նաեւ, որ ես գնել եմ “Դե ֆակտո” ամսագիրը. սա խեղաթյուրված տեղեկություն է, ես կապ չունեմ այդ ամսագրի հետ, ավելին ասեմ, ես ունեմ “Դե ֆակտո” ՓԲԸ, որի տերն եմ. այն գործում է Ռուսաստանում, իրականացնում հասարակական-քաղաքական գործունեություն...  Ուղղակի մենք ավելի ծանրակշիռ գործունեությամբ ենք զբաղվում,  փորձում ենք մեծ ուշադրություն չդարձնել այն թյուրիմացություններին, որ գրում է մամուլը”: Մեր զրուցակիցն ասում է, որ գնել է նաեւ երեք ամսագիր, որոնց մասին կխոսի կայքերի շնորհանդեսի ժամանակ:

 

Կայքերի քանակի եւ դրանց որակի մասին խոսեցինք տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ով նշեց, որ հայկական լրատվական կայքերի քանակն օրեցօր աճ է գրանցում, իսկ որակը` ոչ. “Սա գերհագեցած շուկա է, որտեղ մրցակցություն է գնում արագության, ոչ թե ճշգրիտ տեղեկատվություն տարածելու համար: Շաբաթական 2-3  նոր ցանցային լրատվամիջոց է բացվում, ինչը մի կողմից  պայմանավորված է նրանով, որ ցանցը, վերջապես, հասավ Հայաստան, մյուս կողմից էլ  նախընտրական շրջան է... Սա ժամանակավոր փուլ է”:

 

Փորձագետը 12 կայք պահելու համար անհրաժեշտ համարեց լրագրողական մեծ թիմ, իսկ արտաքին եւ ներքին քաղաքական դաշտում կարեւորեց ոչ թե կայքերի մեծ քանակը, այլ հեղինակավոր լինելը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին