“Լրաբեր”-ը շուտով հանդես կգա նոր դիմագծով - Mediamax.am

exclusive
10711 դիտում

“Լրաբեր”-ը շուտով հանդես կգա նոր դիմագծով


“Լրաբեր” լրատվական վերլուծական ծառայության ղեկավար Շավարշ Գեւորգյանը
“Լրաբեր” լրատվական վերլուծական ծառայության ղեկավար Շավարշ Գեւորգյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հ2 հեռուստաընկերության "Լրաբեր” լրատվական ծառայությունը շուտով հանդես կգա նոր տեսքով: Մեդիամաքս-ի թղթակցին այդ մասին պատմել է "Լրաբեր” լրատվական վերլուծական ծառայության ղեկավար Շավարշ Գեւորգյանը:

““Լրաբեր”-ը շատ շուտով լուր սպառող հեռուստադիտողին ներկայանալու է նոր դիմագծով` պահպանելով հին ավանդույթները: Մենք երկար իրադարձությունը կարճ ներկայացնելու նոր մշակույթ ենք փորձել ներմուծել հայկական հեռուստատեսային լրատվական դաշտ, որը կամ չի եղել, կամ էլ շատ վաղուց է եղել”,- Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է  “Լրաբեր” լրատվական վերլուծական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանը:

 

Շավարշ Գեւորգյանի փոխանցմամբ, “Լրաբեր”-ը  կներկայանա նոր դեկորացիայով, հաղորդման նոր գլխագրով ու նոր երաժշտությամբ, որն ուղեկցելու է այդ գլխագիրը. “Մեծ ներդրումներ ենք արել, որոշել ու պատվիրել ենք դրանք աշխարհի առաջատար մասնագետներին. գլխագիրը պատվիրվել է Միացյալ Նահանգներում, դեկորացիայով զբաղվել է ֆրանսիացի շատ հայտնի դիզայներ: Փոփոխություններ են լինելու նաեւ հաղորդավարների իմիջի մեջ: 7 տարի անց “Լրաբեր”-ի եթեր եմ վերադառնում նաեւ ես, նոր անուններ էլ կան` Տաթեւիկ Վարդեւանյանը եւ Հարություն Մինասյանը`մարզական մեկնաբան, նրանք եւս տեղավորվել են դասական լրատվության “ամպուլայի” մեջ”,-նշել է լրատվական ծառայության ղեկավարը:

 

“Հերթական անգամ փորձում ենք նորովի ներկայանալ մեր հեռուստադիտողին: Աշխարհագրական առումով էլ որոշակի շեշտ կա, քանի որ մենք հանրապետական սփռման հեռուստաալիք ենք, մարզային նյութերը մեր եթերում մեծ տեղ ունեն: Նոր ուղղվածություն ենք որդեգրել` նոր դիմագծով՝ դեմքով դեպի մարզերը: Մենք աշխատում ենք երեւանյան մեր նստավայրից, բայց ոչ միայն Երեւանից. օրվա լրատվական իրադարձություններին անդրադառնում ենք` սփռվելով ամբողջ Հայաստանով մեկ, գումարած Լեռնային Ղարաբաղն ու Ջավախքը: Ունեք հանրապետությունով մեկ սփռված բավական մեծ եւ լուրջ թղթակցական ցանց. մարզեր կան, որտեղ 2-3 առանձին թղթակցական խմբեր են, որոնք մրցակցում են, թե ով ավելի շուտ և լավ այս կամ այն իրադարձությունը կլուսաբանի “Լրաբերի” համար”:

 

“Մեր մեդիա դաշտը փոքր-ինչ հագեցած է,  բնակչության միավորի հետ համեմատած հեռուստաընկերությունների թիվը,  ըստ իս, շատ մեծ է, ուստի պետք է կտրուկ տարբերվելու, առանձնանալու քայլեր արվեն, դա է պատճառը, որ մենք որոշեցինք նորովի, նոր դիմագծով ներկայանալ` հավատարիմ մնալով “Լրաբեր” լրատվական բրենդին, որը, իմիջիայլոց, ամենահայտնի բրենդն է Հայաստանի լրատվական դաշտում. դա միայն ես չեմ ասում”, - ասում է Շավարշ Գեւորգյանը:

 

 

Նա նշել է, որ “Լրաբեր”-ն իր ավանդույթների կողքին լրատվական դաշտ է բերել նաեւ նոր բառամթերք. “Մենք ենք, որ կոտրել ենք կարծրատիպերը. կարծում եմ, վարակիչ դառնալով դաշտի մյուս գործընկերների համար: Միգուցե, առաջին հայացքից մի փոքր տարօրինակ է հնչում, բայց լրատվության լեզուն եւ դասագրքային մայրենին պետք է ու պարտավոր են տարբերվել”:

 

“Լրաբեր”-ում կշարունակի աշխատել նույն թիմը: Որոշ կարեւորագույն օղակներ, որոնք ունեին վերապատրաստման կարիք, մեր զրուցակցի փոխանցմամբ,  վերապատրաստվել են Ռուսաստանում եւ Եվրոպայում:

 

Ուշադրություն են դարձնելու նաեւ հաղորդավարների տեսքին. “Իմիջով կզբաղվի հեղինակավոր ու հայտնի մասնագետ Կարինե Դնոյանը, իսկ գրիմով`Երեւանի առաջատար վիզաժիստ Քրիստինե Բունիաթյանը: Վերջիններս “Լրաբեր”-ի հաստիքային աշխատակիցներն են: Մեր հաղորդավարները միշտ առանձնացել են իրենց կոկիկությամբ, հիմա դրան առավել ընդգծված ուշադրություն ենք դարձնելու, հաղորդավարի արտաքին տեսքը պետք է առնվազն չվանի հեռուստադիտողին, եթե չասեմ` շոյի նրա աչքը”:

 

“Լրաբեր”-ի տաղավարի գույներում եւս ստեղծագործական կազմն աշխատել է չծանրաբեռնել հեռուստադիտողի տեսողական զգայարանը. “Դոմինանտ կլինի սպիտակը, որի վրա կլինի լրատվությանը հարիր կարմիրը, որն ուշադրությունը հրավիրելու հատկություն ունի”:

 

“Աշխարհի լրատվական միտումները երաժշտության մասով գնում են դեպի դրամատիզմ, ոչ միայն մատուցվող լրատվությունն է այսօր դրամատիկ պահանջված, այլեւ դրան ուղեկցող երաժշտությունը՝ աուդիո-վիզուալ կոմպլեքսը: Մենք էլ գնացել ենք աշխարհի տենդենցներին համընթաց, մեր գլխագրի երաժշտությունը եւս դրամատիկ է”, - ասում է Շավարշ Գեւորգյանը:

 

Նոր է նաեւ “Լրաբեր”-ի և ստուդիական, և արտագնա տեխնիկան: 2011-ի տարվա արտադրանք ցուցահանդեսներից գնել ենք տեսախցիկներ, որոնցով աշխատում են աշխարհի առաջատար հեռուստաընկերությունների լրատվականները: Յուրաքանչյուր տեսախցիկի մեկ կոմպլեկտի արժեքը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը:

 

Նոր կյանք է ստացել Հ2-ի www.tv.am  կայքը, որը շուտով կներկայանա մեր ինֆորմացիա սպառողին: Այստեղ լուրեն ավելի շուտ կլինեն, քան թողարկումը, մյուս ինֆորմացիոն կայքերից տարբերությունը կլինի այլընտրանքը՝ ասվածի հավաստումը` վիդեո տարբերակի առկայությունը: “Լրաբեր”-ն առանձնանում է նաեւ 0 9000 9000 ձայնային տիրույթով, որն այլընտրանք է բոլոր տեսակի ԶԼՄ-ներին, օրինակ, եթե ձեռքին տաք չկա ինտերնետ կամ հեեռուստացույց: Ձայնային տիրույթը ևս առաջարկում է ծանոթանալ օրվա լրատվական իրադարձություններին ավելի շուտ, քան դրանք կհայտնվեն հեռուստաեթերում եւ 0 8000 8000 թեժ գծով, որը թույլ է տալիս այս կամ այն արտակարգ պատահարի ականատես հեռուստադիտողին դառնալ նյութի հերոս, մեր ակամա թղթակիցն ու, ինչու չէ, վճարվել աշխատանքի դիմաց:

 

Փոխվում են ժամանակները, փոխվում է ժամացույցը, բայց “Լրաբերի” եթեր դուրս գալու ժամերն անփոփոխ են”,-հավելել է “Լրաբեր” լրատվական վերլուծական ծրագրի ղեկավարը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին