Լայմ-ը` 12TV-ի փոխարեն - Mediamax.am

exclusive
10540 դիտում

Լայմ-ը` 12TV-ի փոխարեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս:Ապրիլի 21-ի երեկոյան 22:00-ից 12TV-ի փոխարեն հայկական հեռուստաեթերում հայտնվեց նոր հեռուստաընկերություն` Լայմ տարբերանշանով:

Լայմի եթերում այսօր կա 12 հաղորդում` շոու- բիզնեսի, երաժշտության մասին, ֆիլմեր եւ ֆուտբոլային հանդիպումների ուղիղ հեռարձակումներ: Մեդիամաքս-ի թղթակիցը նոր հեռուստաընկերության եւ դրա ծրագրային քաղաքականության մասին խոսել է հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Բագրատ Գրիգորյանի հետ:

«Մեր հեռուստաընկերությունն ունի ընդհանուր ուղղվածություն, որի մեջ մտնում է ժամանցը, երաժշտությունը, սպորտը,  կինոն, լրատվությունը` կապված շոու-բիզնեսի հետ: Քաղաքական լուրեր եւ հաղորդումներ չենք ունենալու: Լայմը եթերում կլինի շաբաթը 7 օր, օրը 24 ժամ»,- Մեդիամաքս-ի թղթակցին ասել է Բագրատ Գրիգորյանը:

 

Նա նշել է, որ կարճ ժամանակահատվածում 12 հաղորդմամբ եթեր են մտել, մշակել  3 փուլից բաղկացած ռազմավարական ծրագիր, որի առաջին` եթեր մտնելու փուլն արդեն իրագործվել է. «Մոտ մեկ շաբաթ է` եթերում ենք,  ինչ նպատակ ունեինք մեր առջեւ` ռեյտինգի հետ կապված, արդարացված է, տատանվում ենք 4-6-րդ տեղերում»:

 

Ապրանքային նշանի ընտրության հարցում հեռուստաընկերության տնօրինությունը նոր շունչ եւ թարմություն է ուզել, խորհրդանիշ ընտրել Լայմը` կանաչ կիտրոնը:

 

«Այն  կարող է իր գույնով նորություն եւ թարմություն մտցնել հայկական հեռուստաշուկա: Ուզում էինք հեռուստաընկերության անունը ոչնչի հետ չկապվի ու նման չլինի: Ամենակարեւորն այն է, որ եթերում ես ապահովենք կանաչ կիտրոնի թարմությունը»: Ռեժիսորն անդրադարձել է նաեւ հաղորդումների օտարալեզու անուններին` «Duos», «Arm top», «Inter top», «Ռետրո time», «Լայմ Tube»  եւ այլն. «Օտարալեզու անունները կապված են հաղորդումների ձեւաչափի հետ: Դեռեւս Լեզվի պետական տեսչության կողմից որեւէ խնդիր չի եղել»:

 

Ներկայումս Լայմի հեռարձակման տիրույթն ընդգրկում է Երեւանը եւ մայրաքաղաքից 30-40կմ շառավղով հեռավորության վրա գտնվող տարածքը:

 

Հաղորդավարների ընտրության հարցում տնօրինությունը առաջնությունը տվել է նոր դեմքերին:  Ինչպես նշել է Բագրատ Գրիգորյանը, հեռուստաընկերության եկամտի հիմնական աղբյուրը պետք է լինի գովազդը. «Երաժշտական տեսահոլովակները Լայմի եթերում կհայտնվեն անվճար` երաժշտական խմբագրի համաձայնության դեպքում: Վատ տեսահոլովակը գումարի դիմաց եթեր չի գնա»:

 

«Ժամանակին զուգահեռ ենք քայլելու: Նպատակ կա լինել առաջնային դիրքերում, բայց հեռուստատեսության ռեյտինգը բարձրացնելու համար ժամանակ է հարկավոր»,- ասել է Բագրատ Գրիգորյանը:

 

Սիրանուշ Եղիազարյան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին