Ինչպե՞ս կառուցել մեդիա-բրենդը - Mediamax.am

exclusive
4450 դիտում

Ինչպե՞ս կառուցել մեդիա-բրենդը


Մայք Վիլերս-Սթյուարտը
Մայք Վիլերս-Սթյուարտը

Մայք Վիլերս-Սթյուարտը (Mike Villiers-Stuart) հեռուստատեսային բրենդինգի խորհրդատու է, թրեյներ: Նա հեռուստատեսային 30 տարվա փորձ ունի եւ այժմ վերապատրաստումներ է իրականացնում տարբեր երկրների հեռուստաընկերությունների համար`բրենդի առաջխաղացման թեմայով:

 

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում Մայք Վիլերս-Սթյուարտը նախորդ շաբաթ Երեւանում հանդես էր եկել «Հեռուստատեսային բրենդինգի սկզբունքները եւ բրենդի տարածումը» դասախոսությամբ` ներկայացնելով BBC-ի, ITV-ի, Al Jazeera-ի հաջողության պատմությունները:

 

Մեդիամաքս-ի թղթակցի հետ Մայք Վիլերս-Սթյուարտը խոսել է մեդիա-բրենդի կառուցվածքի, սկզբունքների, տարածման ու հաջողության մասին:

 

- Ինչպե՞ս կառուցել մեդիա-բրենդը:

 

- Նախ եւ առաջ, պետք է նպատակ ունենալ, կառուցել լսարանն այդ նպատակի շուրջ, որոշել  հաղորդակցության ոճը` ում հետ պետք է հաղորդակցվել, ընտրել լեզուն, որը պետք է օգտագործել, հետազոտություն կատարել եւ վեր հանել հետեւյալ հարցերը` ի՞նչու եք ընտրել այդ լսարանը, ի՞նչ եք ուզում նրանց հաղորդել եւ այլն, ապա գործի անցնել: Շատ կարեւոր է, որ այս գործով զբաղվեն մարքեթոլոգները, տնօրենները պետք է թուլ տան, որ մարքեթինգային թիմն իր վրա վերցնի առաջնորդի գործառույթը. նրանք ավելի լավ են տիրապետում հաջողության հասնելու եւ բրենդից եկամուտ ստանալու գործին: Բրենդի կառուցման առաջնային բաղադրիչներից է նաեւ լոգոյի ստեղծումը:

- Ո՞րոնք են մեդիա-բրենդինգի հիմնական սկզբունքները:

 

- Հետեւողականությունը. ամեն տեղ բրենդի լոգոն նույնը պետք է լինի, պետք է զգույշ լինել նաեւ լոգոյի օգտագործման հարցում եւ այն դնել այնպիսի բովանդակության վրա, որը կհամապատասխանի ձեր լսարանին: Օրինակ` ճիշտ չի լինի, եթե Al Jazeera-ն իր լոգոն տեղադրի այնպիսի միջոցառման պաստառի վրա, որը հովանավորվել է ալկոհոլային խմիչք արտադրող ընկերության կողմից: Բրենդը պետք է օգտագործեք ձեր բովանդակության նկատմամբ սեփականատիրություն սահմանելու համար:

 

- Կա՞ տարբերություն հեռուստատեսության եւ էլեկտրոնային լրատվամիջոցների բրենդինգի միջեւ:

 

- Չեմ կարծում. հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր կամ էլեկտրոնային լրատվամիջոցների բրենդինգի համար կիրառվում են հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները: Դրանք պարզապես տարբեր ապրանքներ են:

 

- Ինչպիսի՞ն կարող է լինել ինքնագովազդի դերը մեդիա-բրենդինգում:

 

- Ցանկացած ինքնագովազդ պետք է ունենա սեփական փիլիսոփայություն եւ հետեւողականություն: Փրոմոուշնը կարող է շատ լավ ազդեցություն ունենալ, եթե այն արվի ճիշտ ժամանակին եւ ոչ մեծ տեւողությամբ: Օրինակ` հեռուստատեսության դեպքում անոնսից կամ գովազդից հետո մի քանի վայրկյանով էկրանին կարող է  հայտնվել ալիքի տարբերանշանը:

 

- Ի՞նչ հաճախականությամբ պետք է ռեբրենդինգ արվի:

 

- Դա կախված է տարբեր հանգամանքներից: Ամեն դեպքում, ռեբրենդինգը պետք է զգուշորեն արվի: Օրինակ` լոգոն լիովին փոխելը ճիշտ չէ. այն մնում  է տվյալ բրենդի սպառողի հիշողության մեջ, փոխելու դեպքում ժամանակ է պետք սպառողին նոր լոգոյի հետ ծանոթացնելու համար:

Մայք Վիլերս-Սթյուարտի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին