exclusive
3264 դիտում

Միկոյանը, Նիքսոնը եւ ստրկացված ժողովուրդները


Միկոյանի եւ Նիքսոնի հանդիպումը Վաշինգտոնում 1959թ. հունվարին
Միկոյանի եւ Նիքսոնի հանդիպումը Վաշինգտոնում 1959թ. հունվարին

Լուսանկարը` AP


2017 թ. հունվարին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծեց մոտ 12 միլիոն էջ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԿՀՎ-ի գործունեությանը 1940-1990 թթ: Գաղտնազերծված փաստաթղթերը որոշ չափով լույս են սփռում Սառը պատերազմի տարիներին ԿՀՎ-ի գործունեության վրա: Նյութերն ուսումնասիրելիս՝ Մեդիամաքսը գտավ Անաստաս Միկոյանի գործունեությանը վերաբերող մի շարք հետաքրքիր փաստաթղթեր եւ որոշեց «Միկոյանը ԿՀՎ աչքերով» հատուկ նախագիծ պատրաստել: Մեդիամաքսը նախագիծը ներկայացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ:

***

1959 թ. հուլիսին կայացավ ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի պաշտոնական այցը Խորհրդային Միություն, որը համընկավ ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Արեւելյան Եվրոպայի եւ Խորհրդային Միության «Ստրկացված ժողովրդների մասին» բանաձեւի ընդունման հետ, որը նախագահ Դուայթ Էյզենհաուերի կողմից ստորագրվելուց հետո դարձավ 86-90 դաշնային օրենք:

Բանաձեւը քննադատում էր  «1918 թ.-ից սկսած ռուսական կոմունիզմի իմպերիալիստական եւ ագրեսիվ քաղաքականությունը, որը ստեղծել է Միացյալ Նահանգների անվտանգության եւ աշխարհի բոլոր ազատ մարդկանց համար անմիջական սպառնալիք հանդիսացող հսկայական կայսրություն»: Բանաձեւում նշվում էին մի շարք երկրներ, որոնց ազգային անկախությունը հպատակվել էր կոմունիստական Ռուսաստանի ուղիղ կամ միջնորդավորված ագրեսիայի միջոցով (հիշատակվում էր նաեւ Հայաստանը):

Մոսկվայում բանաձեւի ընդունումը որակեցին որպես գիտակցված սադրանք՝ հարմարեցված ամերիկացի փոխնախագահի այցին: Նիքսոնի բոլոր զրույցները խորհրդային ղեկավարների հետ սկսվում էին այս թեմայից: Բացառություն չէր նաեւ Նիքսոնի հանդիպումը Միկոյանի հետ:

Հանդիպման սկզբում Միկոյանը բարձրացրեց «Ստրկացված ժողովուրդների մասին» բանաձեւի հարցը, նշելով, որ այն մշակվել էր փոխնախագահի մոսկովյան ընդունելությունը վատացնելու նպատակով: Դրան Նիքսոնն առարկեց, նշելով, որ բանաձեւի ընդունման ժամանակը չէր կարող վերահսկվել նախագահի կողմից: Նա ասաց, որ Կոնգրեսը ներկայացուցչական մարմին է եւ հաճախ է ընդունում բանաձեւեր, որոնց մեջ արտացոլված են ամերիկյան բնակչության ներկայացուցիչների հայացքներն իրենց նախկին հայրենիքում տիրող իրավիճակի մասին, հավելելով, որ չի հասկանում, ինչու է դա այդքան լրջորեն ընկալվում Մոսկվայում:


Նիքսոնը նշեց, որ այսպես կոչված իմպերիալիստներից եւ գաղութատերերից ժողովրդներին ազատագրելու Խրուշչովի կոչը շատ ավելի ռազմատենչ էր: Ի պատասխան Միկոյանը նկատեց, որ Խորհրդային Միությունը հպարտ է, որ հանդիսանում է ճնշված ժողովրդների ազատագրման առաջնորդը, որին դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ն եւ իրենց դաշնակիցները, ինչին ամերիկյան փոխնախագահը հակադարձեց, ասելով, որ ազատագրման կոչը աշխարհի մի հատվածում չի կարող համարվել խաղաղության շարժում, եթե նմանատիպ կոչը աշխարհի այլ հատվածում դիտարկվում է որպես խաղաղության դեմ շարժում:

Խոսվեց նաեւ առեւտրի մասին, եւ Միկոյանը մեղադրեց ԱՄՆ Պետդեպարտամենտին առեւտրային ոլորտում վարվող «սառը պատերազմի» մեջ: Անդրադառնալով ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին, որոնք Խորհրդային Միությունը ներկայացնում են որպես հավանական թշնամի ՝ նա ասաց, որ եթե ամերիկյան քաղաքականության հիմքում ընկած է այդ սկղբունքը, ապա մշակութային փոխանակումների անցկացումն անիմաստ է, եւ Խորհրդային Միությանը հարկավոր է պատրաստվել պատերազմի: Միկոյանն ամերիկյան կողմին մեղադրեց նաեւ վարկերի տրամադրման հարցը քաղաքական խնդիրների (ինչպիսիք են Բեռլինի եւ Թայվանի հիմնախնդիրները) հետ կապելու, ինչպես նաեւ կոնկրետ գործարքներից ամերիկացի գործարարների ձեռնպահ մնալու մեջ:

ԱՄՆ փոխնախագահը նշեց, որ նախագահը չի կարող վարկ տրամադրել առանց Կոնգրեսի համաձայնության, որը երբեք այն չի տա՝ վստահ չլինելով, որ միջոցները կծառայեն Միացյալ Նահանգների շահերին: Նիքսոնի կարծիքով՝ առեւտրային հարցերը լուծելու համար հարկավոր է ավելի լավ քաղաքական մթնոլորտ, եւ եթե ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ն քաղաքական հարցերի հետ մեկտեղ շարունակեն օբյեկտիվորեն քննարկել միջազգային առեւտուրը, ապա դրա ընդլայնումը հնարավոր կդառնա:

Կարդացեք նաեւ Ինչպես էր Խրուշչովն առաջարկում Միկոյանին «Սիբիր ուղարկել» հոդվածը:

Կարդացեք նաեւ Միկոյան` «մեր գովազդը ձեր գովազդից վատն է» հոդվածը:

Կարդացեք նաեւ Միկոյանը՝ «սուտն ու ճշմարտությունը խառնելու հանճարը» հոդվածը:

Կարդացեք նաեւ Միկոյանը Լոս Անջելեսում `«Դոկտոր Ժիվագոն» եւ IBM 709 համակարգիչը հոդվածը:

Կարդացեք նաեւ Միկոյանի անսպասելի ամանորյա այցը ԱՄՆ հոդվածը:

Նախագծի գործընկերն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am