Միկոյան. «Քաշմիրի հարցը մեր գործը չէ» - Mediamax.am

exclusive
7694 դիտում

Միկոյան. «Քաշմիրի հարցը մեր գործը չէ»


Լուսանկարը` AP


2017 թ. հունվարին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծեց մոտ 12 միլիոն էջ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԿՀՎ-ի գործունեությանը 1940-1990 թթ: Գաղտնազերծված փաստաթղթերը որոշ չափով լույս են սփռում Սառը պատերազմի տարիներին ԿՀՎ-ի գործունեության վրա: Նյութերն ուսումնասիրելիս՝ Մեդիամաքսը գտավ Անաստաս Միկոյանի գործունեությանը վերաբերող մի շարք հետաքրքիր փաստաթղթեր եւ որոշեց «Միկոյանը ԿՀՎ աչքերով» հատուկ նախագիծ պատրաստել: Մեդիամաքսը նախագիծը ներկայացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ:

 

***

 

1956 թվականի ապրիլի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտ փաստաթուղթ ուղարկվեց Անաստաս Միկոյանի Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան, Բիրմա եւ Հյուսիսային Վիետնամ կատարած այցերի վերաբերյալ:

 

«Անաստաս Միկոյանը` Խորհրդային Միության արտաքին առեւտրի ղեկավարը եւ խորհրդային հիերիարխիայում երրորդ դեմքը, առեւտրային մասնագետների ուղեկցությամբ այցելեց Աֆղանստան, Պակիստան,Հնդկաստան եւ Բիրմա: Նյու Դելիում ճաշկերույթի ժամանակ արտահայտած նրա հիմնական ուղերձը ասիական երկրներին այն էր, որ  «ի տարբերություն որոշ ագրեսիվ շրջանակների կարգախոսների, Խորհրդային Միությունը առաջարկում է ոչ թե «վերազինվել», այլ «առեւտուր անել»»:

 

Միկոյանը տեխնիկական կանգառ կատարեց Աֆղանստանում, որտեղ հանդիպեց վարչապետ Դաուդ Խանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

 

Պակիստանում Միկոյանը հիմնականում քննարկում էր առեւտրային խնդիրներ: Նա քննադատեց Բաղդադի պակտը (Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ եւ Թուրքիայի նախաձեռնությամբ Մերձավոր եւ Միջին Արեւելքում ստեղծված եւ 1955-1979 թվականներին գոյություն ունեցած ռազմաքաղաքական խմբավորում), հայտարարելով, որ Խորհրդային Միությունն այն կոչնչացնի, բայց միաժամանակ նշելով, որ խորհրդային օգնությունն ու բարեկամությունը չեն պահանջում Պակիստանից հրաժարվել արեւմտյան երկրների հանդեպ ունեցած պարտավորություններից: Անդրադառնալով Քաշմիրի խնդրին՝ Միկոյանը նշեց.

«Քաշմիրի հարցը լուծելը մեր գործը չէ: Այն պետք է լուծի Քաշմիրի ժողովուրդը»:

 

Անշուշտ, նման հայտարարությունը պակիստանյան կողմն ընկալել էր առավել քան լավ, քանի որ միշտ էլ վստահ էին, որ եթե Քաշմիրի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի, ապա ճնշող մեծամասնությունը հանդես կգա Պակիստանի օգտին:

 

Խորհրդային մամուլը զարմացած էր Հնդկաստանում Միկոյանի ջերմ ընդունելության եւ երկիրը վերջերս այցելած ԱՄՆ պետքարտուղար Դալեսի սառը ընդունելության հակադրությամբ: Այցի ընթացքում Միկոյանը անկեղծորեն քննարկում էր խորհրդային տնտեսական խնդիրները եւ հնդկական խնդիրների վերաբերյալ խորհուրդներ էր տալիս: Նա հաջողություն մաղթեց Հնդկաստանին «բարեկեցության պետություն» ստեղծելու նպատակին հասնելու մեջ:

 

Միկոյանը բնութագրեց  ԽՍՀՄ-ի հովանավորած Բխիլաի մետաղագործական կոմբինատը որպես «այդ ոլորտում արեւմտյան երկրների հետ խաղաղ տնտեսական մրցակցության օրինակ»:

 

Բիրմայում Միկոյանը ստորագրեց նոր տնտեսական համաձայնագիր, որը ԽՍՀՄ-ին դարձրեց այդ երկրից բրնձի ամենախոշոր գնորդը (400.000 տոննա տարեկան՝4 տարով): Փոխարենը Խորհրդային Միությունը պարտավորվում էր մատակարարել սարքավորումներ, մեքենաներ եւ այլ ապրանքներ, ինչպես նաեւ ցուցաբերել տեխնիկական աջակցություն։ Բրնձից բացի Միկոյանը Բիրմային որպես «նվեր» առաջարկեց հոսպիտալի, թատրոնի, ինչպես նաեւ մարզադաշտ ընդգրկող սպորտա-մշակութային կենտրոնի կառուցման տեսքով։

 

Միկոյանն օգտագործեց Վիետնամ կատարած այցը հերթական անգամ հաստատելու համար Մոսկվայի երկարաժամկետ դիրքորոշումն առ այն, որ երկիրը պետք է միավորվի «ազատ ժողովրդավարական ընտրությունների միջոցով»:

 

Փաստաթղթի հեղինակները ամփոփում են, որ Միկոյանի ասիական շրջայցը նոր ազդակ հաղորդեց ասիական երկրներում ԽՍՀՄ-ի հանդեպ  վստահության ավելացման եւ «փոխշահավետ բիզնես վարելու» Մոսկվայի արշավին:

 

Միկոյանի այցը, փաստորեն, ամրապնդեց նախորդ տարում Բուլգանինի եւ Խրուշչովի այդ երկրներ կատարած այցերի արդյունքները: Հետաքրքիր է մեջբերել Միկոյանի դիրքորոշումը այդ շրջանում միջազգային առեւտրի վերաբերյալ, որը նա արտահայտել էր 1956 թ. փետրվարին՝ ԽՄԿԿ XX համագումարի ընթացքում.

 

«Երկու՝ սոցիալիստական եւ կապիտալիստական, համաշխարհային շուկաների առկայությունը ոչ միայն չի բացառում, այլ ընդհակառակը, ենթադրում է զարգացած փոխշահավետ առեւտուր բոլոր երկրների միջեւ: Այս հարցի ճիշտ ընկալումը ունի ինչպես սկզբունքային նշանակություն երկու բեւեռների համակեցության տեսանկյունից, այնպես էլ գործնական, տնտեսական նշանակություն: Մենք ելնում ենք այն բանից, որ կապիտալիստական երկրների հետ մեր առեւտուրը երկու կողմերի համար փոխշահավետ է եւ ունի օբյեկտիվ նախադրյալներ հետագա զարգացման համար»:

 

Կարդացեք նաեւ 1960 թվական՝ Միկոյանը ծանոթանում է Ֆիդելի եւ Չե Գեւարայի հետ հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Ռոքֆելերը՝ Միկոյանին. Իմ ընտանիքը պատերազմ չի ցանկանում հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանը, Նիքսոնը եւ ստրկացված ժողովուրդները հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Ինչպես էր Խրուշչովն առաջարկում Միկոյանին «Սիբիր ուղարկել» հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյան` «մեր գովազդը ձեր գովազդից վատն է» հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանը՝ «սուտն ու ճշմարտությունը խառնելու հանճարը» հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանը Լոս Անջելեսում `«Դոկտոր Ժիվագոն» եւ IBM 709 համակարգիչը հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանի անսպասելի ամանորյա այցը ԱՄՆ հոդվածը:

 

Նախագծի գործընկերն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին