1955 թվական. Ուլբրիխտը խմբագրում է Միկոյանի բերած դիրեկտիվը - Mediamax.am

exclusive
6459 դիտում

1955 թվական. Ուլբրիխտը խմբագրում է Միկոյանի բերած դիրեկտիվը


Միկոյանի եւ Ադենաուերի հանդիպումը 1958 թվականին
Միկոյանի եւ Ադենաուերի հանդիպումը 1958 թվականին

Լուսանկարը` ՏԱՍՍ


2017 թ. հունվարին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծեց մոտ 12 միլիոն էջ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են ԿՀՎ-ի գործունեությանը 1940-1990 թթ: Գաղտնազերծված փաստաթղթերը որոշ չափով լույս են սփռում Սառը պատերազմի տարիներին ԿՀՎ-ի գործունեության վրա: Նյութերն ուսումնասիրելիս՝ Մեդիամաքսը գտավ Անաստաս Միկոյանի գործունեությանը վերաբերող մի շարք հետաքրքիր փաստաթղթեր եւ որոշեց «Միկոյանը ԿՀՎ աչքերով» հատուկ նախագիծ պատրաստել: Մեդիամաքսը նախագիծը ներկայացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ:

 

***

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից  հետո գերմանական հիմնախնդիրը համաշխարհային քաղաքականության ամենակարեւոր հարցերից մեկն էր։ Արդյո՞ք Գերմանիան պետք է լինի միացյալ, բայց չեզոք պետություն (սա Խորհրդային միության մոտեցումն էր), թե բաժանված, սակայն ընդգրկված ռազմական դաշինքներում (ԱՄՆ-ի եւ ԳՖՀ կանցլեր Ադենաուերի մոտեցումը): Հաղթող գերտերությունների դիրքորոշումներից բացի ԳՖՀ եւ ԳԴՀ կառավարությունների քաղաքականությունը սկսեց գերմանական հարցի լուծման վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ։

 

Խնդրի լուծման վերջին փորձերից էր 1954 թ. հունվարի վերջին Բեռլինում կայացած խորհրդաժողովը , երբ մի կողմից առաջ քաշվեց գերմանական հարցը հավաքական եվրոպական անվտանգության համակարգի հետ կապելու միտքը, որը կարող էր փոխարինել ՆԱՏՕ-ին (Մոլոտովի առաջարկը), մյուս կողմից՝ Գերմանիայի անհապաղ միավորումը համագերմանական ընտրությունների անցկացման միջոցով (Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իդենի առաջարկը): Այդ նախաձեռնություններից եւ ոչ մեկը չընդունվեց: Ադենաուերի՝ Արեւմուտքի հետ ինտեգրման վերջնական քաղաքական գծի կանխարգելմանն ուղղված Մոսկվայի մի քանի այլ փորձեր նույնպես հաջողություն չունեցան:

 

Արդյունքում 1955 թ. փետրվարի վերջին ԳՖՀ-ն վավերացրեց այսպես կոչված Փարիզյան համաձայնագրերը, որոնց հիմնական կետերից մեկը երկրի անդամակցությունն էր ՆԱՏՕ-ին: Խորհրդային Միությանը անհրաժեշտ էր արձագանքել այդ իրավիճակին, եւ պատասխան քայլ դարձավ Վարշավայի պայմանագրի կազմակերպության ստեղծումը: Միաժամանակ, Խորհրդային Միությունը դիվանագիտական մանեւրի հնարավորություն ստացավ, եւ որոշվեց այդ պահն օգտագործել ԽՍՀՄ-ի եւ ԳՖՀ-ի միջեւ հարաբերությունների բարելավման համար: Ինչ-որ առումով դա Մոսկվայի համար մեղմացրեց ՆԱՏՕ-ին ԳՖՀ-ի անդամակցելու հետեւանքները:

 

1955 թ. մարտի սկզբին ԳԴՀ մեկնեց Անաստաս Միկոյանը, ով կտրուկ քայլերի պատրաստ Բեռլինի կառավարության համար համապատասխան դիրեկտիվներ էր բերել: Ամերիկյան հետախուզությունը վերլուծել էր իրավիճակը եւ Պետդեպարտամենտին ներկայացրել ուշագրավ փաստեր այցի մասին:

Արեւելյան Բեռլին եւ Լայպցիգ այցելության շրջանակներում Անաստաս Միկոյանը Կրեմլից քաղաքական դիրեկտիվներ էր բերել ԳԴՀ կառավարության համար: Միկոյանը զգուշացրեց Գերմանիայի Միացյալ սոցիալիստական կուսակցությանը (ԳՄՍԿ) ձեռնպահ մնալ Բոննի կողմից Փարիզյան համաձայնագրերի վավերացման դեմ անհապաղ պատասխան քայլեր ձեռնարկելուց: 

 

Սակայն ԳՄՍԿ առաջին քարտուղար Վալտեր Ուլբրիխտը եւ նրա շրջապատը, վախենալով կորցնել սեփական դիրքերը, ինքնակամ փոխել էին Միկոյանի կողմից նախապես հաստատած դիրեկտիվը, Արեւմուտքի համար ավելի անընդունելի  դարձնելով հայտարարությունը:

 

Լայպցիգից Բեռլին վերադառնալուց հետո խորհրդային դեսպանատան առաջին խորհրդական Օռլովը տեղեկացրել էր Միկոյանին նրա բերած դիրեկտիվի մեջ արված փոփոխությունների մասին: Միկոյանն էլ հայտարարեց, որ դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Ուլբրիխտի համար:

 

1955 թ. սեպտեմբերին կայացավ ԳՖՀ ղեկավար Կոնրադ Ադենաուերի այցը Մոսկվա, որի շրջանակներում ստորագրվեց համաձայնագիր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, ինչը որոշ առումով նպաստում էր եվրոպական մայրցամաքում ուժերի հավասարակշռության պահպանմանը եւ նվազեցնում էր Սառը պատերազմի «տաքանալու» ռիսկերը: Այդպիսով, Գերմանիայի տարածքում տարբեր հասարակական եւ տնտեսական կառուցվածք ունեցող երկու պետությունների գոյությունը դարձավ իրականություն, իսկ Գերմանիայի միավորումը՝ հեռավոր ապագայի գործ:

 

Կարդացեք նաեւ Միկոյան. «Քաշմիրի հարցը մեր գործը չէ» հոդվածը:

Կարդացեք նաեւ 1960 թվական՝ Միկոյանը ծանոթանում է Ֆիդելի եւ Չե Գեւարայի հետ հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Ռոքֆելերը՝ Միկոյանին. Իմ ընտանիքը պատերազմ չի ցանկանում հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանը, Նիքսոնը եւ ստրկացված ժողովուրդները հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Ինչպես էր Խրուշչովն առաջարկում Միկոյանին «Սիբիր ուղարկել» հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյան` «մեր գովազդը ձեր գովազդից վատն է» հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանը՝ «սուտն ու ճշմարտությունը խառնելու հանճարը» հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանը Լոս Անջելեսում `«Դոկտոր Ժիվագոն» եւ IBM 709 համակարգիչը հոդվածը:

 

Կարդացեք նաեւ Միկոյանի անսպասելի ամանորյա այցը ԱՄՆ հոդվածը:

 

Նախագծի գործընկերն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին