Չկառուցված Երեւան. «Էրեբունի» թանգարանը ծածկի տակ - Mediamax.am

exclusive
8925 դիտում

Չկառուցված Երեւան. «Էրեբունի» թանգարանը ծածկի տակ


Մարկ Գրիգորյանի էսքիզը
Մարկ Գրիգորյանի էսքիզը

Լուսանկարը` Մ.Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանի էսքիզը
Մարկ Գրիգորյանի էսքիզը

Լուսանկարը` Մ.Գրիգորյանի արխիվից

Էրեբունի թանգարանը 1968 թվականին
Էրեբունի թանգարանը 1968 թվականին

Լուսանկարը` անհայտ հեղինակ

Էրեբունի թանգարանն այսօր
Էրեբունի թանգարանն այսօր

Լուսանկարը` Մարկ Սնեյփ

Նորման Ֆոստերի նախագծած Զվարճանքների կենտրոնը Աստանայում
Նորման Ֆոստերի նախագծած Զվարճանքների կենտրոնը Աստանայում

Լուսանկարը` designmagazin.cz

Էրեբունի թանգարան-արգելոցի տարածքում
Էրեբունի թանգարան-արգելոցի տարածքում

Լուսանկարը` Հարութ Դանիելյան


Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչպիսին կլիներ Երեւանը, եթե կյանքի կոչվեին անվանի ճարտարապետների կողմից վերջին տասնամյակների ընթացքում նախագծված շենքերն ու պողոտաները, կրթական եւ մշակութային հաստատությունները, որոնք տարբեր պատճառներով այդպես էլ մնացին գծագրերի, էսքիզների եւ մանրակերտերի տեսքով:

«Չկառուցված Երեւան»` այսպես է կոչվում Մեդիամաքսի հատուկ նախագիծը, որի «հերոսները» չկառուցված շինություններն են: Ներկայացնելով դրանք, չենք փորձում քննարկել նախագծերի արժանիքներն ու հնարավոր թերությունները: Պարզապես ընթերցողներին առաջարկում ենք պատկերացնել՝ թե ինչպիսի՞ն կլիներ Երեւանը այդ շինությունների առկայության դեպքում:

 

Նախագծի անվանումը` «Էրեբունի» թանգարան, Արին բերդը պահպանող ծածկույթ

 

Ստեղծման տարեթիվը` 1960-ականներ

 

Ճարտարապետ` Մարկ Գրիգորյան

 

Ինչո՞ւ չկառուցվեց` մրցույթում հաղթեց ներկայիս «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի նախագիծը:

 

Մարկ Գրիգորյանը թանգարանային շինությունների մեծ վարպետ էր համարվում: Նա նախագծել եւ կառուցել էր Մատենադարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: Ճարտարապետի մահից հետո նրա նախագծային էսքիզների հիման վրա կառուցվեց նաեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը:

 

1968թ. Խորհրդային Հայաստանը պատրաստվում էր նշել Էրեբունի-Երեւանի 2750-ամյակը, եւ այս առիթով իշխանությունները նպատակ ունեին թանգարան կառուցել: Մարկ Գրիգորյանը մրցույթին ներկայացրեց Արին բերդը պահպանող ծածկույթի նախագիծ՝ նպատակ ունենալով բլուրը պատել թեթեւ ու լուսավոր ծածկով:

Էրեբունի թանգարանը 1968 թվականին Էրեբունի թանգարանը 1968 թվականին

Լուսանկարը` անհայտ հեղինակ

Նախագծի համաձայն` թանգարանային նմուշները պետք է տեղադրվեին բլրի վրա, եւ լուսավոր ծածկով պատված տարածքը պետք է թանգարանի վերածվեր: Շինության կենտրոնում տեղադրվելու էր վերելակ, որը այցելուներին հնարավորություն կտար թանգարանի ամենաբարձր կետից ուսումնասիրել շրջակայքը:

 

Մարկ Գրիգորյանի նորարարական առաջարկը մերժվեց, սակայն 60-ականների համար հեղափոխական այդ գաղափարը Խորհրդային Հայաստանից դուրս մեծ արձագանք գտավ:

 

Պատմում է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ լրագրող Մարկ Գրիգորյանը

 

Պապիկս որոշել էր այս նախագծով իր ժամանակի ճարտարապետներից մեկ քայլ առաջ ընկնել՝ նման բան աշխարհում դեռ չկար:

 

Նախագիծը հետաքրքրություն առաջացրեց, եւ պապիկիս հրավիրեցին ներկայացնել այն Մեքսիկայում կայանալիք թանգարանների համաշխարհային համաժողովին: Սակայն նա արտասահման մեկնելու իրավունք չուներ, քանի որ «ժողովրդի թշնամու» զավակ էր:

 

Խորհրդային Միությունից այդ կոնգրեսին մասնակցելու հրավեր էին ստացել պապիկս եւ Իրինա Անտոնովան, որը մի քանի տասնամյակ Ալ. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրենն էր:

 

Երբ կոնգրեսի կազմակերպիչներն իմացան, որ պապիկիս արգելված է արտասահման մեկնել, նրան ներառեցին համաժողովի կազմկոմիտեում, որպեսզի իշխանությունները չկարողանան մերժել նրան: Ի վերջո, պապիկիս թույլատրեցին Մեքսիկա մեկնել, սակայն հրաժարվեցին ճանապարհածախս տրամադրել:

 

Իր ծանոթությունների շնորհիվ Մարկ Գրիգորյանը Պետկրկեսից 230 ԱՄՆ դոլարի չափով գումար ստացավ, մեկնեց Մեքսիկա եւ ելույթ ունեցավ համաժողովում:

Մարկ Գրիգորյանի էսքիզը Մարկ Գրիգորյանի էսքիզը

Լուսանկարը` Մ.Գրիգորյանի արխիվից

Նա մեծ տպավորություններով վերադարձավ, ճամփորդությունը դրական ազդեցություն ունեցավ նաեւ նրա ստեղծագործական գործունեության վրա: Նա շատ ցավում էր, որ արտասահման մեկնելու հնարավորություն չունի: Ասում էր, որ չի կարելի ճարտարապետ լինել եւ չտեսնել, օրինակ, Իտալիան:

 

Մի քանի տարի առաջ Աստանայում մի հսկայական շինություն կառուցվեց, որի հեղինակը հայտնի անգլիացի ճարտարապետ Նորման Ֆոստերն է: Այն նույնպես յուրօրինակ ծածկ է, որն իր ներսում տեղավորում է մի շարք կառույցներ՝ օպերային թատրոն, ժամանցային կենտրոն, խանութներ եւ այլն: Իհարկե, այս շինությունը շատ ավելի մեծ է, ունի շեղված առանցք եւ ավելի մոդեռնիստական է, սակայն բավական նման է դեռեւս 60-ականներին Մարկ Գրիգորյանի նախագծած թանգարանին:

Նորման Ֆոստերի նախագծած Զվարճանքների կենտրոնը Աստանայում Նորման Ֆոստերի նախագծած Զվարճանքների կենտրոնը Աստանայում

Լուսանկարը` designmagazin.cz

Հույս չունեմ, որ Էրեբունիի ծածկի նախագիծը երբեւէ իրականություն կդառնա, քանի որ ճարտարապետության համար 50 տարին հսկայական ժամանակահատված է, որի ընթացքում շատ բան է փոխվում: Սակայն կուզեի, որ երեւանցիները տեսնեին այս նախագծի արտահայտչականությունը, ստեղծագործական ազատությունն ու մտքի թռիչքը:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն այսօր

 

Թանգարանում պահպանվում են նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից եւ Շենգավիթից հայտնաբերված գտածոները: Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ Էրեբունի-Երեւանի 2750-ամյակի առթիվ:

Էրեբունի թանգարանն այսօր Էրեբունի թանգարանն այսօր

Լուսանկարը` Մարկ Սնեյփ

Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանը եւ Բաղդասար Արզումանյանը, քանդակագործն է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը: 1970թ. շենքի նախագիծն արժանացել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի:

 

2013 թվականին Էրեբունի հնավայրում իրականացված պեղումների արդյունքում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ պալատի պահպանված մասը, որը թվագրվում է ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսերից 6-րդ դարասկիզբ։

 

«Պեղումների այս փուլի շնորհիվ մենք կարողացանք գտնել շատ կարեւոր մի հարցի պատասխան. այո, Ուրարտուի կործանումից հետո մինչ Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանը այս բերդաքաղաքում կյանքը շարունակվել է։ Արդյունքների հիման վրա կարողանում ենք նաեւ ենթադրել, որ այդ ընթացքում քաղաքն ամենայն հավանականությամբ ուժեղ երկրաշարժից բավականին տուժել է։ Ինչեւէ, այս պեղումներից հետո մենք պետք է սերտորեն համագործակցենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ եւ միասին մտածենք, թե ինչպես  Էրեբունին առավել մատչելի ու ըմբռնելի դարձնենք լայն հանրությանը՝ այդ թվում նաեւ՝ Երեւանի հյուրերին»,- նշել էր հայ-ֆրանսիական հնագիտական

արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպը։

Էրեբունի թանգարան-արգելոցի տարածքում Էրեբունի թանգարան-արգելոցի տարածքում

Լուսանկարը` Հարութ Դանիելյան

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ ներկայացրել էր Էրեբունի բերդաքաղաքը նորարարական միջոցներով ներկայանալի դարձնելու Երեւանի քաղաքապետարանի ծրագիրը։ 

 

«Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ Հանդիպակաց բլրին՝ արգելոցի բուն սահմաններից դուրս, կառուցվելու է ամֆիթատրոն, որտեղից երեկոյան ժամերին հնարավոր է լինելու դիտել քաղաքի պատմության մասին լուսաձայնային եռաչափ ներկայացումներ։ Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամ է գործընկերների, ներդրողների հետ ձեռնամուխ լինելու այս մեծածավալ նախաձեռնության իրականացմանը»,- նշել էր Արամ Սուքիասյանը։

 

Մարիամ Մանոյան, Լենա Գեւորգյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին