exclusive
116467 դիտում

Կարեն Ճշմարիտյան. «Ի պաշտոնե ընկերանալ չեմ կարողանում»

Կարեն Ճշմարիտյանը
Կարեն Ճշմարիտյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Փաստեր.

Ծնվել է 1959թ. սեպտեմբերի 12-ին Երեւանում:

1980թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

1980-1981 եւ 1982-1985 թվականներին եղել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտ:

1980թ. աշխատել է ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման եւ նորմատիվների գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում` որպես տնտեսագետ:

1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1985-1990թթ. աշխատել է ՀԽՍՀ Պետմատում (ՀՀ նյութական ռեսուրսների նախարարություն) որպես ավագ տնտեսագետ, գլխավոր մասնագետ, ֆինանսական ենթաբաժնի պետ:

1990-1991թթ.՝ ՀԽՍՀ Պետմատի «Հայէլեկտրամեքենամեծառ» հանրապետական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ:

1991-1993թթ.՝ ՀՀ Պետմատի գլխավոր վարչության պետ:

1993-1996թթ.՝ ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ:

1996-1997թթ.՝ ՀՀ առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջիկության նախարարության արտաքին առեւտրի վարչության պետ:

1997-1998թթ.՝ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ:

1999թ. նոյեմբերից եղել է ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար:

2002թ. մարտից եղել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար:

2007թ. եւ 2012թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։

2014թ. ապրիլի 22-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարն է:

«Ստիպված ես ինքդ քեզ գերազանցել»

- Պարոն Ճշմարիտյան, նախկինում զբաղեցրել եք ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի պաշտոնը, որը հետագայում վերափոխվել է Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկն ինչպե՞ս ընդունեցիք:

- Առաջին զգացումն ահռելի պատասխանատվությունն էր: Հայտնվում ես մի իրավիճակում, որտեղ նախ պետք է վերագնահատես անցած ուղին, ինքդ գնահատես քո աշխատանքը, բացթողումները, առկա հնարավորություններն ու միջավայրը: Ստեղծված իրավիճակում ինքդ քո նկատմամբ պահանջն ավելի մեծ է լինում. ստիպված ես ինքդ քեզ գերազանցել:

Սակայն, հուսադրող էր այն հանգամանքը, որ կազմավորվում էր համախոհների եւ երկրի առջեւ ծառացած խնդիրներով մտահոգված բարձր որակի մասնագետների մի թիմ, որտեղ տեսնում ես ավելին անելու հնարավորություն, քան ինքդ միայնակ կարող ես անել: Միայն քո կարողությունները շատ քիչ են. պետք է համախոհներ եւ  աջակցություն լինի: Կար եւս մեկ կարեւոր եւ հուսադրող հանգամանք. գալիս ես հարազատ մի վայր, որտեղ աշխատել ես որպես ավագ տնտեսագետ, գլխավոր մասնագետ, ենթաբաժնի ու վարչության պետ, գլխավոր վարչության պետ, նախարարի տեղակալ... Բոլորը ճանաչել են քեզ, եւ դու էլ ես մեծ մասին ճանաչում: Փառք Աստծո, այս տարիների ընթացում նախարարության ողնաշարը պահպանվել է, իսկ տնտեսությանը ծառայելու եւ այլ հիմնական սկզբունքներ շարունակում են մնալ առաջնային:  


Կարեն Ճշմարիտյանը՝ ՀՀ նախագահի Ավստրիա կատարած այցի ընթացքում
Լուսանկարը՝ անձնական արխիվից

- Կա՞ն նախկինից քաղված դասեր, որոնք այսօր օգնում են Ձեզ աշխատանքում:

- Շատ: Դրանք հիմնականում կառավարման մեջ քաղված դասերն են: Դրանցից կարեւորը կառավարման մեջ առավել վճռական լինելն է: Սպասելու ոճն այլեւս հակացուցված է, պետք է գործել ավելի արագ, որպեսզի արդյունքն ավելի նկատելի լինի: Նաեւ չավարտված ծրագրեր կային, որոնք շարունակելու ենք:

- Եղել եք նաեւ օրենսդրի կազմում: Ո՞րն է ավելի հոգեհարազատ` օրենսդիրի՞, թե՞ գործադիրի առօրյան:

- Երկուսն էլ բավական ծանր պատասխանատվություն են ենթադրում: Թվում է, թե գործելու եւ արտահայտվելու առումով օրենսդիր մարմնում ավելի ազատ ես, բայց պատասխանատվությունը մեծ է: Ազգային Ժողովում դու այն մարդկանցից մեկն ես, որն իր մասով իրավասու է «այո» կամ «ոչ» ասել երկրի առջեւ ծառացած խնդիրը լուծելու այս կամ այն եղանակին: Սա շատ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, քան կարող է լինել գործադիրում. գործադիր մարմնում այսօր ունեցած բացը վաղը կարող ես լրացնել, իսկ օրենսդիրում դա շատ ավելի դժվար կլինի:

Ինձ համար ավելի հարազատ է գործադիր մարմինը: Իմ աշխատանքային ողջ կենսագրությունը, եթե հաշվենք 1985 թ-ից, մոտ 30 տարի է, որից 23 տարին գործադիրում եմ աշխատում: Միշտ հոգեհարազատ է այնտեղ, որտեղ ավելի մոտ ես կանգնած աշխատանքիդ իրական արդյունքին, այն ավելի շուտ ես նկատում եւ մեծ բավականություն ստանում դրանից:

«Երազանք է, որ երկրում պաշտոնի ձգտում չլինի...»

- Ի՞նչ պաշտոն կցանկանայիք ունենալ:

- Եթե ավելի փիլիսոփայորեն մոտենամ, կցանկանայի մեր երկրում այնպիսի իրավիճակ լիներ, որ ոչ ոք չձգտեր պաշտոնի: Մարդիկ ավելի շատ ձգտեին իրենց սեփական գործը ունենալ, որում կներդնեին իրենց մտավոր ու ֆիզիկական կարողություններն ու դրա դիմաց կստանային փոխհատուցում` նյութական, բարոյական, հոգեւոր: Այդ դեպքում մարդը շատ ավելի ազատ կլիներ: Սա երազանք է, որ երկրում պաշտոնի ձգտում չլինի, լինի աշխատանքի ձգտում: Իսկ ես այլ պաշտոնում ինձ չէի էլ պատկերացնի եւ մեկ այլ կառույցում աշխատելու առաջարկի դեպքում պարզապես չէի կարող...


Կարեն Ճշմարիտյանը՝ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու բացմանը
Լուսանկարը՝ անձնական արխիվից

- Ի՞նչ գործում կցանկանայիք ներդնել Ձեր մտավոր ներուժը: 

- Շատ կուզեի գիտությամբ զբաղվել տնտեսագիտության ոլորտում: Տեսականորեն շատ կցանկանայի լինել աստղաֆիզիկոս. ցավոք, արդեն ուշ է: Փոքր տարիքում ուզում էի օդաչու դառնալ: Երևի, մասնագիտական ժառանգականությունը խանգարեց օդաչու դառնալու ցանկությանս իրագործմանը: Հայրս էլ է տնտեսագետ, դասավանդել է համալսարանում, ավագ որդիս էլ է տնտեսագետ:

Ընդհանրապես, կարծում եմ, որ մասնագիտության ժառանգականությունը լավ բան է. այն տեղեկատվությունը, որ փոխանցվում է ընտանիքում, օգնում է հետագա սերունդներին ավելի լավը լինել: Խոսքը բոլոր մասնագիտությունների մասին է: Երկրի զարգացման համար մասնագիտացումը կարեւոր նախապայման է:

«Պետք չէ խաբուսիկ լինել»

- Փողկապն ի՞նչ է փոխել Ձեր կյանքում:

- Ես ընդհանրապես կառաջարկեի, որ փողկապը, որպես այդպիսին, չլիներ: Լիներ այլ dress code, որն ավելի ազատ կպահեր մարդուն: Իմ կյանքում փողկապը ոչինչ չի փոխել: Հասկանում եմ, որ դա ավելի պատասխանատու ու ձգված լինելու մշակույթ է առաջ բերում, բայց, կարծում եմ, դա արդեն հնացած տեսություն է. ժամանակակից աշխարհում փողկապը ոչինչ էլ չի փոխում:

- Ձեր պատկերացրած dress code-ն ինչպիսի՞ն պետք է լինի:

- Ամեն մեկը պետք է հագնվի իր ճաշակին եւ ներքին հոգեկերտվածքին համապատասխան, որպեսզի մարդուն ճանաչելն ավելի հեշտ լինի: Պետք չէ խաբուսիկ լինել:

Բրազիլիայի հավաքականի մոլի երկրպագությունն ու պարտության ողբերգությունը

- Ձեր նախասիրությունների մասին կպատմե՞ք:

- Մանուկ հասակից Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի մոլի երկրպագու եմ: Դպրոցական էի, երբ սենյակումս մի անկյուն տրամադրել էի «Սանթոս» ակումբի եւ Բրազիլիայի հավաքականի խորհրդանիշերին: Ուսանողական տարիներին էլ, երբ Լեհաստան էի գնացել, այնտեղից հավաքականի հետ կապված իրեր էի բերել:

Ինձ համար ողբերգություն էր Բրազիլիայի հավաքականի վերջին պարտությունը Գերմանիային: Նախագահի՝ Արգենտինա կատարած այցի ժամանակ էր, ես էլ պատվիրակության կազմում էի: Վերադարձին խաղը դիտեցինք օդանավակայանում: Այդ պարտությունը բավական ծանր էր ինձ համար:

- Իսկ Դուք ֆուտբոլ խաղո՞ւմ եք:

- Հիմա արդեն ոչ: Հիմա բիլիարդ ու շախմատ եմ խաղում: Երբեմն տղաներիս հետ համակարգչային խաղեր եմ խաղացել:

«Բազմած լուսնի նուրբ շողերին, հովի թեւին թռչելով...»

- Կարդալ սիրո՞ւմ եք: Կասե՞ք այն արտահայտությունը, որն ամենաշատն է տպավորվել Ձեր կարդացած գրքերից:

- Ճիշտն ասած, վերջին 6 ամիսներին ոչինչ չեմ հասցնում կարդալ, բացի աշխատանքի հետ կապված նյութերից: Բայց շատ եմ սիրում պոեզիա: Այս երկտողը միշտ հիշում եմ՝ «Բազմած լուսնի նուրբ շողերին, հովի թեւին  թռչելով...». սրա մեջ եւ՛ մեծ փիլիսոփայություն կա, եւ՛ երաժշտություն:

- Իսկ երաժշտություն լսո՞ւմ եք:

- Շատ եմ սիրում: Այն ազդում է մարդու ենթագիտակցության վրա եւ կարող է վատ տրամադրությունը լավացնել կամ հակառակը: Կարծում եմ, որ բոլոր երաժշտությունների սկզբնաղբյուրը ազգային երաժշտությունն է: Ե՛վ ջազ եմ լսում, եւ՛ ռոք, կարող է ժամանակ լինի, որ ճապոնական երաժշտություն լսեմ: Երաժշտության մեջ սահման չկա ինձ համար` Վիսոցկի էլ եմ սիրում, Մոցարտ էլ... Ժամերով կարող եմ դաշնամուրային երաժշտություն լսել:

50 գրամ կոնյակ կամ վիսկի եւ ոչ պաշտոնյա ընկերներ

- Պարոն Ճշմարիտյան, ի՞նչ խմիչք եք նախընտրում:

- Չկա խմիչք, որն ընդհանրապես չեմ խմում: Ե՛վ գինի կարող եմ խմել, եւ՛ շամպայն, եւ՛ լիկյոր... Նախընտրելի խմիչք որպես այդպիսին չունեմ, բայց երեկոյան սիրում եմ 50 գրամ կոնյակ կամ վիսկի խմել:

- Իսկ Ձեր ընկերներն ովքե՞ր են:

- Ես ի պաշտոնե չեմ կարողանում ընկերանալ: Ընկերներս հիմնականում իմ համադասարանցիներն են, համակուրսեցիները, մեր բակի տղաները, բանակի ծառայակիցներս:

Պատահական ծանոթություն, որն արդեն 25 տարվա պատմություն ունի

- Իսկ ինչպիսի՞ն է նախարար Ճշմարիտյանն ընտանիքում:

- Միայն կիրակիներն եմ կարողանում տրամադրել ընտանիքս, եթե, իհարկե, պաշտոնական հանդիպում չի լինում: Այդ օրն անցկացնում եմ ընտանեկան ու ընկերական միջավայրում, որտեղ աշխատանքից ու խնդիրներից չեն խոսում, իսկ խոսելու դեպքում դրական էմոցիաներն են գերիշխում:


Կարեն Ճշմարիտյանը՝ տիկնոջ եւ երեխաների հետ Բրյուսելում
Լուսանկարը՝ անձնական արխիվից

- Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ:

- Տիկնոջս հետ ծանոթացել եմ շատ պատահական, ընկերոջս տանը: Ինչ-որ ընդհանուր բան զգացվեց, որը դժվար է բացատրել... Արդեն 25 տարի է` միասին ենք:

- Ձեր երեխաների հետ հիմնականում ի՞նչ թեմաների շուրջ եք զրուցում:

- Երկու որդի ունեմ` 24 եւ 17 տարեկան: Մեծ որդիս արդեն ծառայել է բանակում եւ ավարտել է Տնտեսագիտական համալսարանը, փոքրը դեռ սովորում է դպրոցում: Հիմնականում նրանց հարցերը տեսական են լինում, երբ որեւէ տեղեկություն են փնտրում, որը գտնելու համար դիմում են ինձ: Ընդհանուր առմամբ, իրենց հարցերի պատասխաններն իրենք են փնտրում եւ գտնում:

Ասեմ, որ նրանք չեն ցանկանում պետական կառավարման համակարգում աշխատել: Դժվարանում եմ ասել պատճառը. երեւի տեսնում են իմ վիճակը եւ չեն ուզում նույն վիճակում հայտնվել (ծիծաղում է – հեղ.):

Կարեն Ճշմարիտյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am