Արծվիկ Մինասյան. “Մեր ամուսնության պատմությունը նման է հնդկական կինոյի” - Mediamax.am

persona
9623 դիտում

Արծվիկ Մինասյան. “Մեր ամուսնության պատմությունը նման է հնդկական կինոյի”

Արծվիկ Մինասյանը
Արծվիկ Մինասյանը

Լուսանկարը`


Արծվիկ Մինասյան

 

Փաստեր`

 

•    Արծվիկ Մինասյանը 40 տարեկան է, ծնվել է Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: Ամուսնացած է: Ունի երեք զավակ:

 

•    Սովորել է ԵՊՀ Տնտեսագիտության, այնուհետեւ` Իրավաբանության ֆակուլտետում:

 

•    Արծվիկ Մինասյանն ու իր կինը համակուրսեցիներ են եղել:

 

•    1998-ից դասախոսում է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում:

 

•    2005-2007թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

 

•    2007թ. մայիսին ԱԺ պատգամավոր է ընտրվել:

 

Արծվիկ Մինասյանի անձնական արխիվից

 

- Պարոն Մինասյան, այս պահին Ազգային ժողովը գտնվում է արձակուրդում:  Ինչո՞վ եք նախընտրում զբաղվել այս ընթացքում:

 

- Որպես կանոն, պատգամավորի աշխատանքն առավել հագեցած է լինում ոչ նստաշրջանի ընթացքում: Այս ժամանակահատվածում պատգամավորը սովորաբար զբաղվում է քաղաքացիների դիմումներով, օրենսդրական նախաձեռնությունների մշակմամբ:

 

Աշխատանքից հետո ժամանակս տրամադրում եմ երեխաներիս, հեռուստացույց եմ դիտում, գիրք ընթերցում: Տանը երեխաներս, որպես կանոն, ինձ դիմում են մաթեմատիկայի տնային առաջադրանքների հարցերով: Փորձում եմ այնպես անել,  որ երեխաներս մտածելու ունակությունը զարգացնեն, ոչ թե զուտ այդ օրվա դասերը պատրաստեն:

 

Կոլեկցիոներ չեմ, բայց սիրում եմ հուշանվերներ բերել այն երկրներից, որտեղ լինում եմ:

 

«Երբեք չեմ մտածել քաղաքում ապրելու մասին»

 

- Երբ զանգահարեցի Ձեզ պայմանավորվելու հարցազրույցի համար, ասացիք, որ շաբաթ-կիրակի գյուղ եք մեկնելու: Հաճա՞խ եք լինում Ձեր հայրենի գյուղում:

 

- Ես ծնվել եմ Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում, հետո տեղափոխվել ենք Բաղրամյանի շրջան: Իմ հայրենի գյուղ գնալը, հատկապես երկրորդ գյուղը, ուր այժմ  մայրս է ապրում, ինձ համար ամենամեծ զգացումն է: Ծնողի համար զավակին տեսնելը ամենամեծ բերկրանքն է, իսկ զավակի համար ծնողին այցելելը` ամենամեծ ձգտումը:

 

Արծվիկ Մինասյանի անձնական արխիվից

 

Մեր ընտանիքը բազմազավակ է: Ես մեր ընտանիքի տասներորդ զավակն եմ: Դա նշանակում է, որ ցանկացած միջոցառում կամ այց մորս վերածվում է մի մեծ տոնախմբության:

 

Երջանկությունը, երևի թե, հենց դրա մեջ է, երբ արյունակիցները կարողանում են ժամանակ գտնել եւ հավաքվել: Իմ հայրական տունն այն վայրն է, ուր շատ եմ ձգտում լինել: Գաղտնիք բացեմ. երբեք չեմ մտածել քաղաքում ապրելու մասին: Միշտ մտածել եմ, որ պետք է մնամ գյուղում եւ փորձեմ այնտեղ օգտակար լինել: Բայց ստացվեց այնպես, որ մնացի Երեւանում: Հիմա, երբ հետ եմ նայում, զգում եմ, որ մայրաքաղաքում մնալը գուցե ավելի օգտակար է եղել իմ գյուղի համար:   

 

- Իսկ գյուղում հողագործությամբ զբաղվո՞ւմ եք:

 

- Անպայման: Առաջ ավելի շատ էի զբաղվում, հիմա ավելի քիչ ժամանակ եմ ունենում: Երբ 10-րդ դասարանն ավարտում էի, ինքս իմ առջեւ պայման դրեցի, որ մեկ շաբաթում պետք է փորեմ մեր տնամերձ հողամասը, ծառ տնկեմ, հետո խոտ հնձեմ:

 

- Իսկ առհասարակ ինչպե՞ս եք անցկացնում շաբաթ-կիրակին:

 

- Շատ կուզեի, որ հանգստյան օրերս ավելի շատ կարողանայի անցկացնել ընտանիքիս, ընկերներիս հետ բնության գրկում: Որպես կանոն, երբեք չեմ ձգտում միայնակ մնալ: Միշտ փորձում եմ այնպես անել, որ շատ մարդ լինի շուրջս:

 

«Վաշինգտոնի հյուրանոցում էլեկտրական ջեռոցի միջոցով խորոված էինք պատրաստում»

 

- Դուք այն քիչ պատգամավորներից եք, ովքեր բավականին հարուստ ակադեմիական ձեռքբերումներ ունեն, դասախոսում եք ԵՊՀ-ում: Դասախոսի, թե՞ պատգամավորի ամբիոնն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ:

 

- Երբ ավարտեցի ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետը, անմիջապես դասախոսական աշխատանքի անցա եւ զուգահեռաբար սկսեցի աշխատել պետական համակարգում: Ուսանողական սեղանից միանգամից դասախոսական ամբիոնի մոտ կանգնելը հետաքրքիր զգացողություն էր: Դասախոս լինելը պահանջում է լսարանին էներգիա փոխանցելու կարողություն, էներգիա, որը պետք է մի կողմից հետաքրքրություն առաջացնի լսարանում, մյուս կողմից էլ` քեզ բավականություն պատճառի:

 

Արծվիկ Մինասյանի անձնական արխիվից

 

Երբեք չեմ պարտադրել ուսանողներիս կարդալ ու անգիր անել, փորձել եմ խրախուսել քննարկումները: Ցավոք, դասախոսները հաճախ մտնում են լսարան ոչ թե շփվելու եւ մտածողություն զարգացնելու նպատակով, այլ “պարտք կատարելու” կամ ինքնահաստատվելու:

- Դուք ուսանել եք Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Նյու-Յորքում: Ի՞նչ հետաքրքիր ուսանողական արկածներ եք ունեցել այդ քաղաքներում:

- Շատ լավ պատմություններ կան կապված թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի հետ: Մոսկվայում սովորում էինք այլ երկրներից ժամանած ուսանողների հետ: Հիշում եմ, որ լեզու չգտանք չինացիների հետ, ովքեր ռուսերեն չգիտեին, մենք էլ` չինարեն:

 

Վաշինգտոնում սովորում էինք երկու հայերով: Ապրում էինք Վաշինգտոնի M Street-ի վրա գտնվող հյուրանոցում: Մի օր ընկերս որոշեց հյուրանոցում, էլեկտրական ջեռոցի միջոցով խորոված պատրաստել: Այն ժամանակ, երբ խորովածը շարեցինք եւ դրեցինք սարքի մեջ, միացավ հակահրդեհային համակարգը, որի ձայնն անջատելու համար ջեռոցը տարանք լողասենյակ: Մի կերպ ձայնը կտրեցինք: Բայց մեր համարի դուռն արդեն ծեծում էին հյուրանոցի անվտանգության աշխատակիցները: Երբ նրանք տեսան, թե ինչ ենք անում, սկսեցին բարձր ձայնով բացատրել, որ չի կարելի: Մենք հրավիրեցինք նրանց ներս` համտեսելու հայկական կոնյակն ու խորովածը, ինչին նրանք հաճույքով համաձայնեցին:

 

Ավելի ուշ մեզ միացան ԱՊՀ երկրների ներկայացուցիչները: Երկար նստեցինք  սեղանի շուրջ, իսկ վերջում նույն անվտանգության աշխատակիցներն իրենց գլխարկները մոռացան մեր համարում: Այդ օրվանից հետո նրանց չտեսա հյուրանոցում: 

- Փաստորեն, խմիչքին լավ եք վերաբերվում:

 

- Խմիչքին լավ եմ վերաբերվում, ուսանող տարիներին շատ էի խմում, հիմա՝ ավելի քիչ, հիմնականում օղի կամ կոնյակ: Վստահ եմ, որ կոնյակի մշակույթը մեր երկրում զարգացման լավ հիմքեր ունի: 

 

«Կնոջս հետ առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ իրար ասելու ինչ-որ բան ունենք»

 

- Ինչպե՞ս ծանոթացաք Ձեր տիկնոջ հետ:

 

- Ես ու կինս սովորել ենք նույն կուրսում` ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում: Առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ մենք իրար ասելու ինչ-որ բան ունենք (ժպտում է): Բայց շփման իմ առաջին առաջարկը մերժում ստացավ ապագա կնոջս կողմից: Շփում հաստատելու մյուս հնարավորությունն ընձեռվեց միայն 2-3 տարի հետո, եւ այն կարող է հնդկական ֆիլմի սցենար հիշեցնել:

 

Արծվիկ Մինասյանը կրտսեր որդու հետ (Արծվիկ Մինասյանի անձնական արխիվից)

 

Երբ առաջին անգամ հարցրեցի ապագա կնոջս, թե կարող է ընկեր ունի եւ այդ պատճառով է մերժում ինձ, նա պատասխանեց “այո”: Մենք սովորում էինք նույն կուրսում, բայց “ընկերն” այդպես էլ չէր երեւում:

 

Հետո ստացվեց այնպես, որ պետք է մեկնեի Սիրիա: Գնալուցս մեկ օր առաջ հավաքվել էինք ընկերներով: Հաջորդ օրն առավոտյան Բաղրամյան-Օրբելի փողոցների հատվածում հանդիպեցինք մեր մեկ այլ համակուրսեցուն: Քայլելով զրուցում էիք, երբ ձայն լսեցինք. Աստղիկն էր` ապագա կինս: Համակուրսեցիս ասաց. “Վայ, Աստղիկին փախցնում են”: Ընկերներով վազեցինք ձայնի ուղղությամբ, եւ   այդ երիտասարդները, տեսնելով մեզ, դիմեցին փախուստի: Դրանից հետո ես Աստղիկի հետ լուրջ զրույց ունեցա եւ առաջարկեցի, որ իրեն ուղեկցեմ տուն, մինչեւ վտանգն անցնի: Փաստորեն այնպես ստացվեց, որ այդ վտանգը մինչ օրս էլ չի անցել (ժպտում է):

 

Մեր հարսանիքը կայացավ 1994թ. սեպտեմբերի 17-ին: Նոր էր զինադադարը կնքվել, մեր գյուղը տվել էր տոկոսային առումով ամենաշատ զոհերը: Գյուղում մինչ այդ միջոցառում չէր եղել, բայց մեր հարսանիքի օրն ամբողջ գյուղը ուրախանում, պարում էր: Այդ օրը համարում եմ կյանքիս ամենամեծ տոնախմբությունը, երբ ուրախանում էին բոլորը:  

- Ո՞րն է կատարյալ ընտանիքի Ձեր մոդելը, եւ ինչ հիմնական սկզբունքներով եք առաջնորդվում երեխաների դաստիարակության հարցում: 

 

- Միշտ ձգտել եմ ունենալ մեծ ընտանիք: Հատկապես եռասերունդ ընտանիքի մոդելի կողմնակից եմ, երբ մի հարկի տակ բնակվում են երեխան, իր ծնողը եւ ծնողի ծնողները: Գուցե սա որոշ երիտասարդ ընտանիքների համար դժվարություններ է ստեղծում, բայց պատասխանատու վերաբերմունքի տեսանկյունից ամենալավ մոդելն է, ուր զուգակցվում են թե մանկական միամտությունը, թե հասունությունը եւ թե իմաստնությունը` ի դեմս տատիկ-պապիկների: Սա մի երեւույթ է, որն ապահովում է ընտանիքի ամրությունը: Եթե կա փոխադարձ ըմբռնում, ապա ընտանեկան հոգսը չի դիտվում որպես պարտականություն:

 

Ինձ համար ամենաթանկն եղել է հորս խորհուրդը, ով ասել է. “Երբեք մի ամաչիր, որ իմ որդին ես”: Նույնը հիմա փորձում եմ փոխանցել երեխաներիս: Շատ եմ կարեւորում երեխաներիս մեջ պատասխանատվության եւ ազնվության սերմանումը: Եթե այս երկու բանը ինձ հաջողվի անել, կնշանակի, որ հասել եմ իմ նպատակին:

 

Արծվիկ Մինասյանի անձնական արխիվից

 

Ավագ դուստրս` Աիդան (16 տարեկան է), ցանկանում է աշխատել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը, որպեսզի այնտեղ հայկական շահը լավ ներկայացվի: Մեծ տղաս`Սեյրանը (14 տարեկան), սովորում է ֆիզմաթ դպրոցում: Ուրախ եմ, որ ընտրեց այդ ուղղությունը, կարծես, ձգտում է շարունակել իմ ճանապարհը: 

Փոքր տղաս` Գարիկը (9 տարեկան), սովորում է դպրոցում: Վատ չի սովորում, շատ է սիրում ֆուտբոլ խաղալ: Ուզում է դառնալ Հայաստանի հավաքականի դարպասապահը:

 

Ուրախ եմ, որ երեխաներս կարողացել են ճիշտ ընկալել ծնողի սերը եւ իրենց պատասխանատվությունը դեպի ծնողը, ընտանիքը:  

 

«Ուզում եմ Նոր տարում դժգոհ կամ հոգսաշատ մարդ չտեսնել»

 

- Մեր զրույցը տեղի է ունենում Ամանորի նախաշեմին: Երեխաներն արդեն հասցրե՞լ են կողմնորոշվել, թե ինչ են ցանկանում Ձմեռ Պապիկից:

 

- Ձմեռ Պապիկին նամակներ գրում է փոքր տղաս: Նա թեեւ գլխի է ընկնում, որ Ձմեռ Պապին իրականում մենք ենք, բայց նվերը ստանալու համար նամակ է գրել` իր համար խնդրելով «Լեգո», քրոջ համար` գլխարկ, եղբոր համար` սպորտային հագուստ:

 

- Ի՞սկ Դուք?

 

- Անկեղծ ասած, ես Նոր տարուց ակնկալում եմ առողջություն մորս համար: Նա 83 տարեկան է: Շատ եմ ուզում, որ առողջ եւ երկար ապրի: Երբ նա մեր կողքին է, մենք բոլորս երեխա ենք: Նաեւ ուզում եմ նոր տարում դժգոհ կամ հոգսաշատ մարդ չտեսնեմ:

 

«Երջանկությունը լիարժեք է, երբ շրջապատված ես այն մարդկանցով, որոնցով ուզում ես շրջապատված լինել»

 

- Որո՞նք են այն որակները, որոնք առավել շատ եք գնահատում տղամարդկանց մեջ:

 

- Ճշմարտախոսությունը, ազնվությունը եւ վճռականությունը:

 

- Ի՞սկ կանանց:

 

- Ազնվությունը, գեղեցիկին ձգտելու մշտական ցանկությունը եւ նվիրվածությունը սեփական սիրուն:

 

- Ո՞րն է երջանկության Ձեր ընկալումը:

 

- Երջանկությունն յուրովի է ընկալվում, ընդհանուր բանաձեւեր չկան: Երջանկությունը լիարժեք է, երբ շրջապատված ես այն մարդկանցով, որոնցով ուզում ես շրջապատված լինել, այլ ոչ թե ստիպված ես ընդունել խաղի այնպիսի կանոններ, որոնց պետք է հարմարվես: 

 

- Ի՞նչն եք առավել գնահատում Ձեր ընկերների մեջ:

 

- Ազնվությունը, անկեղծությունը, նվիրվածությունն ու վստահությունը:

 

- Ո՞րն է Ձեր գլխավոր թերությունը:

 

- Դյուրահավատությունը եւ պարզությունը:

 

- Ո՞րն է կյանքի Ձեր կարգախոսը: 

 

- Միշտ պայքարել:

Արծվիկ Մինասյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին