Աղվան Հովսեփյան. «Կարոտն ամեն ինչի շարժիչ ուժն է» - Mediamax.am

persona
219365 դիտում

Աղվան Հովսեփյան. «Կարոտն ամեն ինչի շարժիչ ուժն է»

Աղվան Հովսեփյանը թոռնիկի հետ
Աղվան Հովսեփյանը թոռնիկի հետ

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը`


Փաստեր.

- ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ծնվել է 1953 թ-ին Երեւանում:

 

- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ է ընդունվել 15 տարեկան հասակում:

 

- Ունի երեք որդի, երկու թոռ:

 

- Վաղ հասակից զբաղվում է լուսանկարչությամբ եւ գեղանկարչությամբ:

 

- Պատանեկությունում եղել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ:

 

- «Նիգ-Ապարան» հայրենակցական միության եւ Քիքբոքսինգի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է:

 

Գործունեության սկիզբ

 

- Պարոն Հովսեփյան, Ձեր պաշտոնական կենսագրությունում նշված է, որ մասնագիտական գործունեությունը սկսել եք 1974 թվականից՝ աշխատելով Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում որպես քննիչ: Ի՞նչ հիշողություններ են մնացել այդ տարիներից: Նախկին գործընկերների հետ կապ պաշտպանո՞ւմ եք:

 

- Հիշողություններս ամենալավն են, որովհետեւ ամենաերիտասարդ տարիների մասին են: Համալսարան ընդունվել եմ 15 տարեկան հասակում: 20 տարեկան էի, երբ աշխատանքի ընդունվեցի եւ անմիջապես գործուղվեցի Կարելիա: Ի դեպ, ամբողջ Խորհրդային Միության դատախազության ամենաերիտասարդ աշխատակիցն էի: Կադրերի բաժնից շնորհավորական բացիկ ստացա, եւ երբ հետաքրքրվեցի, թե ինչով է դա պայմանավորված, պատասխան ստացա, որ համակարգի ամենաերիտասարդ քննիչն եմ:

 

Կարելիան շատ գեղեցիկ բնաշխարհ ունի, բայց նաեւ շատ դաժան աշուն եւ ձմեռ: Ձմռան ամիսներին դեպքի վայր սահնակով էինք գնում, իսկ գրիչի փոխարեն քիմիական մատիտներով էինք գրում, որը ջրոտում էինք, նոր սկսում էր գրել: Ուրիշ ոչ մի բանով գրել հնարավոր չէր, անմիջապես սառչում էր:  

 

- Սեգեժայի Ձեր գործընկերները գիտե՞ն Ձեր հաջողությունների մասին:

 

- Նրանց հետ որոշ կապեր ունեի: Երբ արդեն աշխատում էի Ղարաբաղում եւ քննչական բաժնի պետ էի, Մոսկվայում սովորեցի Դատախազության ղեկավար աշխատողների վերապատրաստման ինստիտուտում եւ այնտեղ հանդիպեցի Սեգեժայի իմ դատախազին, ով իմ ղեկավարն էր այդ տարիներին: Հետաքրքիր մի փաստ ասեմ. ճակատագրի բերումով Կարելիայի Հանրապետության գլխավոր դատախազ նշանակվել է մի հայ՝ Կարեն Կառլենի Գաբրիելյան: Այդ մասին իմացա, երբ Մոսկվայում վերջերս մասնակցում էի Ռուսաստանի դատախազության 290-ամյակին նվիրված միջոցառումներին: Նա պատմեց, որ Սեգեժայում իմ նախկին գործընկերներից մեկը՝ Սմիրնովը, նրան պատմել է, որ 70-ականներին այնտեղ մի հայ է աշխատել՝ Հովսեփյան ազգանունով: Գաբրիելյանը զանգահարել էր Հայաստանում ՌԴ զորքերի դատախազություն եւ հետաքրքրվել՝  կա՞ արդյոք նման անունով մարդ ՀՀ դատախազությունում: Եվ զինվորական դատախազը պատասխանել էր. «Այո, իհարկե, նա Հայաստանի գլխավոր դատախազն է»: Կարեն Գաբրիելյանի հետ վերջերս էլ եմ զրուցել, պայմանավորվել ենք, որ եթե ժամանակս ների, անպայման կմեկնեմ Կարելիա եւ կվերհիշեմ այնտեղ անցկացրած տարիները:

 

Ուսանողական տարիներ

 

- Փաստորեն, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում սովորելիս կուրսում տարիքով ամենափոքրն եք եղել: Ի՞նչ հիշողություններ ունեք ուսանողական տարիներից, ինչպե՞ս էին վերաբերվում Ձեզ կուրսում:

 

- Ամենահիշվող տարիներն են: Երբ հիշում ես նույնիսկ ամեն մի զրույց, զրույցի մեջ՝ ամեն մի նախադասություն:

 

- Համակուրսեցիների հետ կապեր պահպանե՞լ եք:

 

Աղվան Հովսեփյանի անձնական արխիվից

 

- Բոլորի հետ: Հետաքրքիր մի ավանդույթ ունենք. ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը ամբողջ կուրսով հանդիպում ենք:

 

 

- Ընտանիքներո՞վ:

 

- Ոչ… Բայց լավ միտք տվեցիք, հաջորդ անգամ կարելի է ընտանիքներով հանդիպել, նույնիսկ թոռներով:

 

Մանկություն

 

- Պարոն Հովսեփյան, փոքր հասակո՞ւմ էլ եք երազել դատախազ դառնալ:

 

- Ոչ, փոքր ժամանակ երազել եմ ռեժիսոր դառնալ եւ հիմա էլ չեմ հրաժարվել այդ մտքից: Իսկ մայրս միշտ նախատում էր, որ ճարտարապետ չդարձա: Արդեն գլխավոր դատախազ էի, իրավագիտության դոկտոր, բազմաթիվ պարգեւների արժանացած, թվում է թե կայացած անձնավորություն, ու երեւի յուրաքանչյուր ծնող կբավարարվեր այդքանով, բայց մայրս մինչեւ վերջ նախատում էր, որ ես ճարտարապետ չդարձա:

 

- Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք իրավաբան դառնալ:

 

- Իմ որոշման վրա լրիվ կողմնակի մարդիկ ազդեցին: 8-րդ դասարանի ամառային արձակուրդներին կոլխոզում գիշերային պահակ էի աշխատում: Այդ այգին հիմա չկա, այժմ այնտեղ Ռազմական ոստիկանությունն է, իսկ այն ժամանակ պտղատու այգիներ էին: Այդ ամիսներին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնի երեք ուսանողներ այնտեղ պատրաստվում էին քննություններին, նրանցից մեկը բարձրաձայն կարդում էր լեկցիաները, իսկ մյուս երկուսն ուշադիր լսում էին: Օգտվելով առիթից՝ ես էլ էի լսում այդ լեկցիաները եւ նրանց խոսակցությունները: Հենց այդ ժամանակ ինձ մոտ առաջացավ հետաքրքրությունն իրավաբանության նկատմամբ:

 

- Իսկ Ձեր ծնողները, փաստորեն, դեմ էին…

 

- Այո... Նույնիսկ երբ նրանց ասացի, որ ընդունվել եմ իրավաբանական ֆակուլտետ, հայրս չէր հավատում: Ընկերոջ հետ միասին գնաց պետհամալսարան, գտավ անունս ընդունվածների ցուցակում եւ դրանից հետո միայն շնորհավորեց ինձ:

 

Աղվան Հովսեփյանը մայրիկի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

 

- Բայց այդպես էլ չհամակերպվեցի՞ն այն մտքի հետ, որ իրենց ուզած ուղով չեք գնացել:

 

- Անկեղծ ասած, ես նրանց ցանկություններից շատ հեռու չեմ մնացել՝ թե ռեժիսուրայի առումով, թե ճարտարապետության: Կարելի է ասել, որ մեր «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպության բոլոր միջոցառումների ռեժիսորն ու կազմակերպիչն ես եմ:

 

Արվեստ

 

- Գիտեմ, որ արվեստի նկատմամբ սեր ունեք, հատկապես գեղարվեստի եւ լուսանկարչության:

 

- Սեր Դուք ունեք, իսկ ես կատարող եմ: Դրանք բոլորովին տարբեր հասկացություններ են:

 

- Ո՞ր տարիներին սկսվեց այդ կապը:

 

- Ամենափոքր տարիքից, դեռեւս նախադպրոցական: Հիշում եմ, որ մանկավարժ մորաքույրս էր ինձ համար նկարչական ալբոմներ, գունավոր մատիտներ գնում: Իսկ դպրոցական տարիներին «3-րդ մասի» մշակույթի պալատի գեղարվեստական ստուդիա էի հաճախում՝ նկարչության, քանդակի, գորգագործության: Մեր խմբից էին այժմ արդեն ճանաչված մի քանի արվեստագետներ, այդ թվում՝ Փարավոն Միրզոյանը:

 

- Իսկ հիմա հաճա՞խ եք նկարում, լուսանկարում:

 

- Ամեն օր:

 

- Մի անհամեստ հարց. ի՞նչ եք անում այդ նկարները: Չեմ կարծում, թե վաճառում եք…

 

- Երբեմն նաեւ վաճառում եմ: Մի քանի տարի առաջ իմ լուսանկարչական աշխատանքների բարեգործական ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները վաճառվեցին: Հաջողվեց հավաքել մոտ 40 հազար դոլար, որն ամբողջությամբ հանձնեցի մի բարեգործական կազմակերպության, որն այդ գումարով վերանորոգեց Կապանի ծերանոցը:

 

- Իսկ գեղանկարնե՞րը:

 

- Մի քանիսը նվիրել եմ, բայց հիմնականում մեր տանն են:

 

- Ձեր գեղանկարների ցուցահանդես անելու մտադրություն չունե՞ք:

 

- Իհարկե, ունեմ: Արդեն երկու տարի է՝ ցանկություն կա, բայց ժամանակ չկա: Թվում է, թե եթե նկարները կան, կարող եմ ինչ-որ մեկին խնդրել, որ կազմակերպի ցուցահանդեսը, վարձի դահլիճը եւ այլն: Բայց ես այդպես չեմ կարող. պետք է անձամբ պատրաստեմ թե էքսպոզիցիաները, թե շրջանակները, թե բուն ցուցահանդեսը: Իսկ դա ժամանակ է պահանջում:

 

Աղվան Հովսեփյանի գեղանկարներից

Լուսանկարը` անձնական արխիվից

 

- Ո՞րն է Ձեր կտավների հիմնական թեման:

 

- Բնանկարը:

 

- Հիշողությա՞մբ եք նկարում, թե՞ բնօրինակից:

 

- Միայն բնօրինակից: Հիշողությամբ կամ լուսանկարից ոչ մի նկար չունեմ: Համակարգչային տեխնիկան այնքան է զարգացել, որ պետք է մասնագետ լինես, որպեսզի տարբերես բնօրինակն արտատպումից: Բայց լուսանկարի արժեքը հենց այն է, որպեսզի համակարգչի ոչ մի միջամտություն չլինի: Ես իմ լուսանկարները համակարգչով չեմ մշակում, դրանք բնական են:

 

Ընտանիք

 

- Հաջողվո՞ւմ է արդյոք բավական ժամանակ տրամադրել ընտանիքին, հանգստին:

 

- Ցավոք, ո՛չ: Ոչ այնքան, որքան ես կուզեի: Տղաներս արդեն հասուն են, ավելին, քան հասուն: Ավագ որդիս 32 տարեկան է, միջնեկը՝ 31, երկուսն էլ դեռ ամուսնացած չեն: Իսկ ահա կրտսեր որդիս արդեն երկու երեխա ունի: Երբ տղաներս արդեն մեծ էին, ես հասկացա, որ, ցավոք սրտի, ինքս ինձ մեղադրելու շատ առիթներ ունեմ, որովհետեւ հատկապես տղաների համար հոր հետ շփումը շատ կարեւոր է:

 

- Ինչո՞վ են պատճառաբանում, որ չեն ամուսնանում:

 

- Ասում են՝ փնտրում ենք: Ես էլ չեմ ցանկանում միջամտել, արագացնել, որովհետեւ կյանքի հարց է: Ինձ համար դժվար է կողմնորոշվել՝ միջամտել արդյոք ընտրելու գործընթացին, թե ոչ: Մի կողմից, եթե չմիջամտեմ, ու վաղը-մյուս օրը, Աստված չանի, հաջող չստացվի, բնականաբար, ինքս ինձ մեղադրելու եմ, թե ինչու չմիջամտեցի: Մյուս կողմից, եթե միջամտեմ ու անհաջող լինի, այդ դեպքում համ ես եմ ինձ մեղադրելու, համ տղաս: Չգիտեմ՝ որն է ավելի ճիշտ: Բոլոր դեպքերում, ամուսնությունը մարդու համար շատ առանցքային նշանակություն ունի, եւ ավելի շատ թողնում են իրենք որոշեն: Բնականաբար, երբ նրանք կատարեն իրենց ընտրությունը, ես կմիջամտեմ: Կփորձեմ հասկանալ՝ ճիշտ ընտրություն են կատարել, թե սխալ: Բայց ասեմ, որ ինձ համար մեծ ցավ է, որ ավագ որդիներս այդ տարիքում դեռ չեն ամուսնացել:

 

- Իսկ Դուք ե՞րբ եւ ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր տիկնոջ հետ:

 

- Ուսանողական տարիներին՝ առաջին-երկրորդ կուրսերում: Կինս ընկերոջս քույրն էր: Եվ մինչ ամուսնությունը ամբողջ նրանց ընտանիքի հետ մտերմություն կար: Մենք բնակվում ենք միեւնույն թաղամասում, եւ կնոջս եղբոր հետ ընկերություն եմ արել դեռեւս 9-րդ դասարանից: Իսկ այդ ընկերոջս հետ ծանոթացել ենք Ծաղկաձորում. ես բռնցքամարտի հավաքականի անդամ էի, իսկ նա՝ հրաձգության: Կնոջս երբեմն ասում եմ, որ դու մինչեւ հիմա էլ մնում ես որպես ընկերոջս քույր (ծիծաղում է – հեղ.):

 

- Փաստորեն, Ձեր կինը 4 տարի համբերատար սպասե՞ց Ձեզ, մինչեւ վերադառնաք Կարելիայից:

 

- Ո՛չ, չսպասեց… Եկավ ինձ մոտ՝ Սեգեժա: 21 տարեկան էի, երբ ամուսնացանք՝ 1975 թվականի նոյեմբերին: Կինս մասնագիտությամբ մանկավարժ է, դասավանդում է Մանկավարժական համալսարանում:

 

- Դուք բավականին փակ մարդու համբավ ունեք, ինչը, երևի թե, պայմանավորված է Ձեր գործունեության բնույթով: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին, ինչո՞վ են զբաղված Ձեր որդիները, գնացե՞լ են արդյոք Ձեր հետքերով, թե՞ այլ ասպարեզ են ընտրել:

 

- Գնացել են արդյոք իմ հետքերով, թե ոչ, կերեւա 30 տարի հետո: Ուզո՞ւմ են արդյոք գնալ իմ հետքերով: Դա այլ հարց է: Մեծ տղաս՝ Նարեկը, ԱԱԾ-ում քննիչ է, իրավաբանական գիտությունների թեկնածու, հրատարակել է մենագրություն: Մոսկվայում գերազանցությամբ ավարտել է Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիան: Ուզում եմ ավելին պատմեմ նրա մասին, բայց, հաշվի առնելով նրա գործի բնույթը, դժվարանում եմ: Նույնիսկ մի անգամ մի գործով հետաքրքրվեցի, թե ինչպես է ընթացքը, ասաց. «Այ հեր, դու իմ գործերով մի հետաքրքրվի» (ծիծաղում է – հեղ.): Պիտի ասեմ նաեւ, որ քննչական աշխատանքը չի սիրում: Ցավով եմ ասում: Չգիտեմ՝ ապագան ինչպիսին կստացվի, բայց ասում է՝ չեմ կարողանում մարդկանց մեղադրանք առաջադրել, կալանավորել: Չնայած ավարտել է նաեւ դատավորների դպրոցը, բայց դատավոր էլ չի ուզում աշխատել: Հիմա դուք որոշեք՝ իմ հետքերով է գնում, թե ոչ: Ես էլ չեմ կարողացել մարդկանց մեղադրանք առաջադրել, կալանավորել: Միշտ ստիպված եմ արել: Արել եմ այն ժամանակ, երբ արդեն չէի կարող չանել:  

 

Միջնեկ տղաս ատամնաբույժ է: Ավարտել է Երեւանի բժշկական համալսարանը, հետո Գերմանիայի Մայնց քաղաքում՝ կլինօրդինատուրան, ինչի համար 6 ամսում սովորել է նաեւ գերմաներեն այն մակարդակով, որ ուսումնառություն ստանա, դասախոսություններ լսի: Շատ լավ տիրապետում է անգլերենին: Դավթաշենում ունի ատամնաբուժական կլինիկա: Ցավոք սրտի, նա էլ ամուսնացած չէ: Երկուսն էլ ինձ հետ են բնակվում: Իսկ երրորդ տղաս` Արմենը, ամուսնացել է 4 տարի առաջ,  մասնագիտությամբ ֆինանսիստ է, ավարտել է Երեւանի տնտեսագիտական համալսարանը, արդեն քանի տարի է՝ աշխատում է Կենտրոնական բանկում եւ ունի երկու երեխա՝ աղջիկ եւ տղա: Շատ լավ հարս ունեմ: Ցավոք սրտի, առանձին են ապրում: Կուզեի, որ իմ ընտանիքը նահապետական լիներ, բոլորս միասին ապրեինք, բայց դե ոնց որ թե ժամանակները փոխվել են: Բոլոր դեպքերում, կինս էլ ինձ համոզեց, որ դա ավելի ճիշտ է: Միգուցե…

 

Լուսանկարը` PanArmenian Photo

 

- Իսկ Ձեր երեք որդու մասնագիտության ընտրության հարցում Ձեր մասնակցությունն ինչպիսի՞ն էր: Դո՞ւք եք խորհուրդ տվել, թե՞ իրենք են ինքնուրույն որոշել:

 

- Ակտիվ մասնակցություն չեմ ունեցել: Իրենք են ընտրել իրենց մասնագիտությունը, բացառությամբ մեծ տղայիս, որին ինչ-որ չափով ես ուղղորդեցի: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Մտածելով, որ մեծ տղաս է, ուրեմն, բնականաբար, իմ հետքերով պետք է գնա: Բայց ուրիշ բան է մասնագիտական հետքերով գնալ, մեկ ուրիշ բան՝ մարդկային, ապրելակերպի հետքերով: Ես կուզեի, որ այդ հետքերով գային իմ հետեւից, իսկ մասնագիտության հարցում թող իրենք որոշեն: Այնպես չպետք է լինի, որ ստիպված ինչ-որ մասնագիտությամբ աշխատես ամբողջ կյանքդ, բայց պարզվի՝  ուղղակի անում ես դա, որովհետեւ պարտաճանաչ մարդ ես:

 

- Այսինքն, եթե Ձեր ավագ որդին որոշի փոխել իր մասնագիտությունը, Դուք կհամաձայնվե՞ք:

 

- Իհարկե, դեմ չեմ լինի: Իսկ ընդհանրապես, այս առումով ես միշտ կողմ եմ նրան, որ, եթե հավաքարար ես, գոնե մաքրությունը շատ լավ պետք է անես: Ուրիշ բան չես, չէ՞, հավաքարար ես, գոնե դու փայլիր նրա համար, որ լավ ես այդ գործն անում, որովհետեւ ուրիշ ոչ ոք այդ գործը չի անում: Դա էլ է, չէ՞, մասնագիտական հպարտություն: Եվ ընդհանրապես, լավ ու վատ մասնագիտություններ չկան, կան լավ ու վատ մասնագետներ:

 

- Պարոն Հովսեփյան, Ձեր եղբայրը եւս պետական պաշտոնի է` Աջափնյակի թաղապետն է, հաճա՞խ եք հանդիպում Ձեր եղբայրների, բարեկամների հետ, եւ երբ հանդիպում եք, ի՞նչ թեմաներ եք քննարկում:

 

- Շատ եմ սիրում ծնողներիս, մայրս արդեն չորս տարի է` չկա, 80 տարեկան էր, երբ մահացավ: Փառք Աստծո, այս տարի նշեցինք հորս 85-ամյակը: Հորս շատ եմ սիրում, Ձեզ էլ ընկերական խորհուրդ կտայի զրուցել հորս հետ, այդ ժամանակ ամեն ինչ Ձեզ համար հասկանալի կլիներ եւ մեր ընտանիքի մասին, եւ գերդաստանի: Իսկ ես հորս համեմատ այ էսքան եմ իմ ամեն ինչով (ձեռքով մի թիզ է ցույց տալիս – հեղ.):

 

Աղվան Հովսեփյանի հայրը` Գառնիկ Հովսեփյանը

Լուսանկարը` Աղվան Հովսեփյանի անձնական արխիվից

 

Որպեսզի մի փոքր պատկերացնեք, մի բան պատմեմ. եղբայրներով ցանկանում էինք պատրաստել պապուս եւ տատուս գերեզմանաքարը, արդեն նախագծել, գծագրել, պլանավորում էինք, ինքս էլ ուզում էի քանդակել, տաշել, երբ հայրս կանչեց եւ ասաց. «Տղաս, գիտեմ, ինչով ես զբաղված: Բայց սա իմ հերն ու մերն են, սա ես պետք է անեմ»: Եվ ինքն արեց:

 

Հատվածներ Գառնիկ Հովսեփյանի «Հայրական խոսք ամենքին» գրքից

 

Իմ բնավորությունը

 

- Ճիշտ է, ես կարող եմ կտրուկ թվալ որոշ հարցերում, բայց, ինչ արած, ստախոսություն, կեղծություն տանել չեմ կարողանում, դա էլ իմ բնավորությունն է, իսկ բնավորությունը փոխել հնարավոր չէ£ Մարդը պետք է բարի ծնվի, չարը երբեք բարի չի դառնա, բարին էլ երբեք չար չի դառնա: Չարագործն ուրախանում է, որ այսօր մեկին վիրավորել է, իսկ բարեգործն ուրախանում է, որ այսօր իրեն բախտ է վիճակվել գոնե մեկին մի բաժակ ջուր տալ£ Բարի եղեք, որ ձեր ժառանգներն էլ բարի լինեն:

 

Նախանձը չարիք է ծնում

 

Այսօր հայերն ապրում են ընդգծված տարբերություններով: Առաջ միայն գործկոմի նախագահն ու ռայկոմի քարտուղարն էին տարբերվում, մնացածս նույնն էինք, մի տան նման, մի դարդի տեր: Հիմա հարուստների ու աղքատների մեջ սար ու ձորի տարբերություն կա, եւ դա վատ է: Եթե մեկն ունի մեկ ավտոմեքենա, մյուսը` երեք, քիչ ունեցողը շատ ունեցողին նախանձելու է, հաստատ: Իսկ նախանձը չարիք է ծնում, ինչ չարիք ասես: Խորհրդային Միության օրոք եթե մեկին 3 տարվա կալանք էին տալիս, նա այլեւս կորած էր: Մարդիկ վախենում էին կալանքից: Այսօր չաշխատողների համար բանտում ավելի լավ է: Նրանք գերադասում են թալան, խարդախություն անել, եթե նույնիսկ բռնվեն, մեկ է, իրենց համար բանտում էլ վատ չէ:

 

Օջախը` ազգի բջիջ

 

Ակնհայտ է, որ մեզանում օջախները քայքայվում են: Օջախները մեր ազգի բջիջներն են, եթե դրանք քայքայվեն, մենք չենք կարող որպես ազգ գոյատեւել: Մեր օջախները ամենաթողության վերածված ազատությունն է քայքայում: Կինը երբեք չպետք է մոռանա, որ ինքն է օջախի հենասյունը, նրան ինչ պաշտոն էլ տան, պետք է մնա տան կին, նրա կոչումը նախ եւ առաջ մայր լինելն է: Հիշում եմ` տարիներ առաջ Թետչերը հարցազրույցի մեջ ասաց, որ առավոտյան մինչեւ իր ձեռքով ամուսնուն թեյ չտա, չի գնա աշխատանքի: Կինը պետք է ընդունի իր ամուսնուն, ամուսինն էլ` կնոջը, եւ ընտանեկան համերաշխության հիմքերը այդպիսով ամուր կլինեն:

 

Սովորեցնել սիրել

 

- Վահրամ Փափազյանն իր «Հետադարձ հայացք» գրքում գրում է. «Դեմ եմ այն խոսքին, թե հանճարեղ մարդը հայրենիք չունի, թե հանճարի համար մոլորակն է հայրենիք: Բայց չէ՞ որ այդ հանճարը հայրենիքում է դաստիարակվել, կոփվել, դարձել հանճար»: Ծնողի պարտականությունը միայն զավակներին լավ հագցնելն ու սնելը չէ, բա լավ դաստիարակությո՞ւնը: Ծնողը պարտավոր է իր զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց դա միայն խոսքով թող չանի, սեփական օրինակով, իր կյանքով, կենցաղով ցույց տա: Մայրը պետք է զբաղվի երեխաների ճիշտ դաստիարակությամբ, նախ եւ առաջ մայրը: Մայրերը երեխաներին պետք է սիրել սովորեցնեն` սիրել եղբորը, ծնողին, ընտանիքը, հայրենիքը...Ահռելի մեծ է մոր պարտականությունը: Պատահական չեն մայր հայրենիք, մայրաքաղաք, մայր Հայաստան արտահայտությունները: Հայր մնալն ամենամեծ պաշտոնն ու կոչումն է: Ի՞նչ է պաշտոնը հոր կոչման մոտ: Հեշտ է հայր լինելը, դժվար է հայր մնալը:

 

Ունեմ երկու եղբայր եւ մեկ քույր: Ամենափոքր եղբայրս է, որ Աջափնյակի թաղապետ է աշխատում՝ իր էությամբ շատ ակտիվ անձնավորություն, չնայած այդ ակտիվությունը չի ցուցադրում, կազմակերպչական մեծ ընդունակություններով օժտված: Եվ շրջապատում մեծ համակրանք ունի:

 

Մյուս եղբայրս պետական աշխատանքի չի. մեր թաղամասում մի կրպակ ունի, վարձով է տվել… Մասնավոր գործունեությամբ է զբաղվում: Մեր տների գործերն ինքն է անում, գյուղում եկեղեցի ենք կառուցել, դպրոցն ենք վերանորոգել, այդ բոլոր գործերն ինքն է անում, հայրական օջախը կառուցեց… Շաբաթը մի քանի անգամ գնում ենք մեր հորը տեսնելու, որն Արարատյան զանգվածում է ապրում ՝ իր տանը, փոքր եղբորս հետ:

 

Ընկերներ

 

- Ձեզ ընկերներն ինչպիսի՞ դերակատարում ունեն Ձեր կյանքում: Հաճա՞խ եք հանդիպում:

 

- Միշտ: Սկսած դպրոցական տարիքից ոչ մի ընկերոջից չեմ հրաժարվել: Բնականաբար, բոլորը տարբեր բնավորությունների, տեսակների, հնարավորությունների տեր մարդիկ են: Նրանց մեջ կան շատ-շատերը, որ որեւէ պաշտոնի, հարստության չհասան, բայց շատ ավելի լավ մարդիկ են ու շատ ավելի լավ ընկերներ ինձ համար: Ես էլ՝ իրենց համար: Կան նույնիսկ այնպիսիք, որ աշխատանք էլ չունեն, բայց շատ լավ մարդիկ են ու լավ ընկեր: Ու շատ ցավում եմ, որ մի մասի համար չեմ կարողանում աշխատանք գտնել: 

 

- Իսկ ինչպե՞ս եք միասին ժամանակ անցկացնում:

 

- Հանդիպում ենք տարբեր առիթներով: Կարող է ուրախ առիթ լինել, հնարավոր է նաեւ՝ տխուր: Արդեն հանդիպում ենք նաեւ երեխաների ամուսնության, թոռների կնունքի, ծնունդների առիթով: Հենց այնպես՝ իրար տեսնելու համար, արդեն չենք հանդիպում՝ բոլորս էլ զբաղված ենք, երեխաներ, թոռներ ունենք: Օրինակ, ես հենց ազատ եմ լինում, ուզում եմ վազեմ, թոռնիկներիս տեսնեմ: Բայց, միեւնույն է, առիթներին այնքան շատ են, որ հաճախ ենք հանդիպում:

 

Սպորտ

 

- Քիչ առաջ ասացիք, որ զբաղվել եք բռնցքամարտով: Սպորտի հետ կապն որեւէ կերպ պահպանե՞լ եք:

 

- Բոքսով շուրջ 15 տարի եմ զբաղվել, եղել եմ Հայաստանի հավաքականում: Հիմա էլ ուշադրությամբ հետեւում եմ մեր մարզիկների ելույթներին, բոլորի հետ կապ եմ պաշտպանում եւ մտերիմ եմ: Նաեւ Քիքբոքսինգի ֆեդերացիայի պատվավոր նախագահն եմ: Երբ քիքբոքսինգը Հայաստանում նոր էր սկսում զարգանալ, առաջարկ ստացա դառնալ դրա պատվավոր նախագահը: Արդեն այսօր մեր երկրում 4 հազարից ավելի պատանիներ եւ աղջիկներ են զբաղվում այդ մարզաձեւով:

 

- Իսկ խաղային մարզաձեւերին ինչպե՞ս եք վերաբերվում: Ասենք, ֆուտբոլին:

 

- Ես լավ չեմ խաղում ֆուտբոլ: Միշտ ցանկացել եմ լավ խաղալ, բայց չէր ստացվում: Իսկ այն, ինչ մոտս լավ չի ստացվում, ես չեմ անում:

 

Ապրելակերպ

 

- Շատ հետաքրքիր է՝ Ձեր օրն ինչպե՞ս է անցնում:

 

- Շատ ուշ եմ քնում: Կան, չէ՞, արտույտներ եւ բուեր: Ես իմ կերպով, բնավորությամբ բու եմ. շատ ուշ եմ քնում, առավոտյան էլ շատ դժվար եմ արթնանում: Բայց հենց գլուխս դնում եմ բարձին, արդեն քնած եմ, որովհետեւ շատ եմ հոգնում օրվա ընթացքում եւ գլուխս դնում եմ բարձին այն ժամանակ, երբ արդեն սպառված եմ լինում, իսկ դա կլինի ժամը 12-ին, 3-ին, լուսադեմին, չեմ կարող ասել: Եվ արդեն 39 տարի է` ամեն առավոտ վեր եմ կենում, սափրվում, հարդարվում, փողկապ կապում, օծանելիք եւ այլն ու գնում աշխատանքի: Եղել է ժամանակ, որ կիրակի օրերն էլ, իսկ հիմա՝ չէ. կիրակի օրերը հանգստանում եմ:

 

-Իսկ ինչպե՞ս եք անցկացնում կիրակին:

 

- Տարբեր: Ցավոք սրտի, կիրակի օրերը նույնպես միշտ չէ, որ ստացվում է անցկացնել այնպես, ինչպես ես կուզեի, անպայման մի առիթ խանգարում է:

 

-Իսկ ինչպե՞ս կուզեիք անցկացնել, որտե՞ղ եւ ո՞ւմ հետ:

 

- Հայաստանը ես շատ լավ գիտեմ: Դեռեւս երիտասարդ տարիներին` դպրոցական, ուսանողական, ոտքով ման եմ եկել գրեթե ողջ Հայաստանում: Եվ մեջս տպավորված են յուրաքանչյուր քար, ծառ, թուփ, շինություն, եկեղեցի, քարանձավ ամբողջ Հայաստանի տարածքում: Շատ կուզեի Հայաստանով մեկ ուղղակի ազատ շրջելու հնարավորություն ունենալ, որովհետեւ մեկ ուրիշ վայրում տասն օրից ավել չեմ կարողանում մնալ: Ես արձակուրդում դեռ երբեք երկու շաբաթից ավելի չեմ եղել. ուրիշ որեւէ տեղ չեմ կարողանում մնալ: Բացի դա, դրանից հետո կարոտում եմ իմ աշխատանքը: Ընդհանրապես, կարոտն ամեն ինչի շարժիչ ուժն է:  Մարդ պիտի մի բանի կարոտի: Եթե սեր ունի աշխատանքի, մասնագիտության, ընտանիքի, ընկերների, բարեկամների նկատմամբ, հենց չկարոտեց, ուրեմն այդ զգացողությունը, արժեքն իր մեջ մեռել է: Մարդ պիտի դա որպես ցուցանիշ ընդունի. ինչ-որ բանի չկարոտեց, ուրեմն դա իր համար արդեն արժեք չունի:

 

Աղվան Հովսեփյանի գեղանկարներից

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Մի խոսքով, ուզում եմ անցկացնել նրա հետ եւ այն վայրում, որին ես կարոտել եմ, կլինի ընկեր, բարեկամ, քար, թուփ, աղբյուր, ջուր… Այ, օրինակ, երբեմն կարոտում եմ մեր գյուղի աղբյուրի ջրին: Ձմեռվա ամիսներին այնտեղ մեքենայով չես բարձրանա, կարելի է միայն ոտքով գնալ:

 

- Իսկ Արագած լեռ բարձրացե՞լ եք:

 

- Անշուշտ:

 

-Կա՞ սեր լեռնագնացության նկատմամբ:

 

- Հիմա արդեն մտովի, չնայած Արագած տարին մեկ-երկու անգամ պարտադիր բարձրանում եմ:

 

- Կա՞ ինչ-որ երազանք, որ դեռ չի իրականացել:

 

-Իհարկե, կուզեի մի ֆիլմ նկարել:

 

- Իսկ Արարատ լեռ բարձրանալու մասին երբեւիցե մտածե՞լ եք:

 

- Ցավոք սրտի, չեմ կարծում, թե հիմա կկարողանամ:

 

- Բայց երազե՞լ եք:

- Ճիշտն ասած՝ չէ: Դե, յուրաքանչյուր հայ մտովի ամեն օր էլ Արարատ է բարձրանում:

 

- Իսկ ճի՞շտ է, որ Ձեր տանը սեւ սուրճ կամ սուրճ ընդհանրապես չեն խմում:

 

- Այո, ընդունված չէ, չգիտեմ ինչու: Սուրճ չենք էլ պատրաստում, հյուրերն էլ գիտեն, որ տանը սուրճ չենք օգտագործում, միայն թեյ՝ խոտաբույսերով, նաեւ դասական թեյեր:

 

- Իսկ կերակուրներից ինչ-որ բանի նախապատվություն տալի՞ս եք:

 

- Իհարկե: Նրանց, որոնք ես եմ պատրաստում: Իմ ամենամեծ նախասիրություններից մեկը խոհարարությունն է: Ամեն ինչ էլ պատրաստում եմ, ավելի շատ սիրում եմ բանջարեղենով պատրաստել, ձկնեղեն, ապուրներ, դեսերտ, ամեն ինչ, ինչպես բարձրակարգ խոհարար: Սովորաբար, ամեն կիրակի պատրաստում եմ, եթե կիրակի ուրիշ տեղ գնալու առիթ չի լինում, հետո, երբ ընկերներով ենք հավաքվում, էլի ես եմ պատրաստում՝ ամառանոցում…

 

- Ընտանիքի անդամներն ո՞րն են ամենաշատը հավանում:

 

- Տղաներս՝ ոչ մեկը, իրենք ավելի շատ մոր պատրաստած ճաշերն են սիրում:

 

- Իսկ որտե՞ղ եք սովորել, ինչ-որ հատուկ դասընթացնե՞ր եք անցել:

 

- Փոքր ժամանակվանից էլ պատրաստել եմ, ընդ որում՝ նաեւ թխվածքներ:

 

Աշխատանքը Լեռնային Ղարաբաղում

 

- Ուզում եմ վերադառնալ 1978 թվական, երբ Դուք աշխատանքի անցաք Լեռնային Ղարաբաղի դատախազությունում: Ինչպե՞ս դա պատահեց:

 

- ԽՍՀՄ դատախազությունը կենտրոնացված եւ միասնական համակարգ էր, եւ 1978 թ-ին իմ դիմումի համաձայն ինձ փոխադրման կարգով Կարելիայից փոխադրեցին Ղարաբաղ, որտեղ աշխատեցի 8 տարի:

 

- Իսկ ինչպիսի՞ն էր մթնոլորտն այդ տարիներին, արդեն լարվածությո՞ւն կար հայերի եւ ադրբեջանցիների միջեւ:

 

- Ղարաբաղում լարվածությունը մշտապես է եղել, ժամանակ առ ժամանակ նկատելի, բայց հիմնականում քողարկված: Ի տարբերություն Նախիջեւանի, այդ լարվածությունը Ղարաբաղում միշտ պահպանվել է, քանզի եթե Նախիջեւանում ադրբեջանցիները կարողացան իրենց քայլերով հասնել գերակշիռ դերի, Ղարաբաղում դա նրանց չհաջողվեց, եւ այդ կոնֆլիկտը գիտեք, թե ինչի հասցրեց:

 

- Իսկ ինչպես էր այդ դժգոհությունն արտահայտվում Լեռնային Ղարաբաղում:

 

Լսել եմ, որ ադրբեջանցիք հայ աղջիկներ էին գողանում կամ փորձում էին զավթել հայերի ունեցվածքը: Կայի՞ն նման դեպքեր:

 

- Այո, նույնիսկ մի գործ ունենք, երբ 5 ադրբեջանցի 14-15 տարեկան մի աղջկա բռնաբարեցին եւ սպանեցին: Բնականաբար, դա ավելի խորացրեց, ավելի չարացրեց ղարաբաղցու վերաբերմունքը ադրբեջանցիների նկատմամբ:

 

- Ադրբեջանցի գործընկերների հետ հարաբերություններն ինչպիսի՞ն էին:

 

- Ղարաբաղի դատախազությունում հիմնականում հայեր էին աշխատում, կենտրոնական ապարատում ընդամենը 3 ադրբեջանցի կար` Շուշիի շրջանում էր, Շուշին ադրբեջանցիները համարում էին իրենց շրջանը, այդ շրջանի դատախազության աշխատակիցներն էին ադրբեջանցի, մնացած բոլոր տեղերում, բոլոր շրջաններում հայեր էին աշխատում:

- Եվ լարվածություն չկա՞ր նրանց հետ:

 

- Չէ, դատախազությունում լարվածություն չկար, գործավարությունն էլ հայերեն էր Ղարաբաղում, դատավարությունը հայերեն լեզվով էր տարվում, գործերը քննվում էին հայերեն լեզվով:

 

- Իսկ այդ տարիներին, երբ աշխատել եք Լեռնային Ղարաբաղում, արդեն ծանոթ եղե՞լ եք Հայաստանի ապագա ղեկավարներին, ասենք, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին:

 

- Անշուշտ: Եվ Սերժ Սարգսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը կուսակցական աշխատակիցներ էին, նախ՝ կոմերիտական, այնուհետեւ՝ կուսակցական: Ես էլ դատախազության կոմերիտական կազմակերպության քարտուղարն էի:

 

Հասարակական գործունեություն

 

- Ուզում եմ անդրադառնանք «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գործունեությանը: Լավ հիշում եմ Արագածի շուրջ շուրջպարը, որը կազմակերպել էր միությունը, ինքս էլ ընկերներիս հետ միասին մասնակցել եմ:

 

-Ի՞նչ տպավորություն էր:

 

- Շատ լավ տպավորություն էր, պարզապես հիշում եմ, որ նպատակ կար գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: Ի վերջո, գրանցվե՞ց: Այդպես էլ չիմացանք:

 

- Ցավոք սրտի, փաթեթը, որ պատրաստել էին եւ ուղարկել Գինեսի գրքի հանձնաժողովին, շատ անփույթ էր արվել: Վստահել էի ոմանց, որոնց անունը չեմ ուզում տալ… Հետո մենք, իհարկե, ուղղեցինք: Բայց նաեւ ակնհայտ էր Գինեսի հանձնաժողովի շահագրգռվածությունը, եւ ես հասկացա, որ ամեն ռեկորդ չէ, որ այնտեղ կարող է հանգիստ գրանցվել: Միգուցե մեր փոքր ազգի համար նման զանգվածային միջոցառումն որպես ռեկորդ ամբողջ աշխարհով մեկ գրանցելը նրանց ձեռնտու չէ: Այստեղ կհիշատակեմ ռուսների օրինակը, որոնք ստիպված եղան իրենց ռեկորդների գիրքը ստեղծել:

 

- Շատ վառ, ուրախ հիշողություններ ունեմ այդ օրվանից, բայց մի բան եմ հիշում, որ անմիջապես Տառերի պուրակում մարդիկ շատ էին, իսկ տեղեր կային, որ այդքան էլ շատ չէին:

 

- Բնական է: Խոսակցություն կա, որ օղակն իբր չի փակվել, բաց տեղեր են եղել: Անհեթեթություն է, որովհետեւ մենք այդ ամբողջ օղակն ունենք նկարահանված: Չորս ուղղաթիռով նկարահանված է, ամեն մի ուղղաթիռ 15 րոպե նկարահանել է:

 

Իսկ ինչո՞ւ էր մի տեղ շատ, մի տեղ քիչ: Բնական է: Որովհետեւ տառ-քարերի մոտ հիմնական մասն էր հավաքված, որտեղ եւ հանրապետության նախագահն էր, եւ պաշտոնատար անձինք: Ես էլ մի տարածքում եմ եղել, որտեղ բացի իմ ձեռքը բռնած երկու հոգուց ոչ ոք չի եղել, որոնք մինչեւ հիմա էլ իմ ով լինելը չգիտեն: Չկարողացա գալ հասնել, արդեն այնքան էր խցանված…

 

Աղվան Հովսեփյանի լուսանկարներից

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Ընդհանուր առմամբ, մեր տվյալներով, մասնակցել է 325 000 մարդ, 26 000 ավտոմեքենա: Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ավտոմեքենա հաշվառված էր: Ավտոմեքենաներին կտրոն էր տրվում, որ իրավունք ունեն մտնել այդ տարածք, որ խցանումներ չլինեն, նշված էր, թե որ ժամին պետք է մտներ տարածք, ուր գնար կանգներ: Դա նպաստեց, որ խցանում չլինի այդ ճանապարհին, թե չէ պատկերացնում եք՝ 26 000 մեքենա միանգամից մտնի այդ մայրուղի: Ավտոմեքենաներ կային, որ պետք է գնային հասնեին Մաստարայի կողմը՝ Թալինից այն կողմ: Նրանք պետք է առավոտյան ժամը 5-ին, 6-ին դուրս գային, որ ժամանակին տեղ հասնեին:

 

- Պարոն Հովսեփյան, իսկ ոչ այդքան ծավալուն ուրիշ ի՞նչ միջոցառումներ է իրականացնում «Նիգ-Ապարան»-ը: Դուք շարունակո՞ւմ եք հետեւել դրա աշխատանքներին:

 

- Ես “Նիգ-Ապարան” հայրենակցական միության պատվավոր նախագահն եմ արդեն 10 տարի, եւ ոչ թե շարունակում եմ հետեւել, այլ անմիջական մասնակիցն եմ այդ բոլոր միջոցառումների: Միությունն արդեն 10 տարեկան է, նախաձեռնող խմբով հիմնեցինք այն 2002 թվականի աշնանը, հիմնադիր համագումար արեցինք, եւ նախագահ ընտրվեց Վրեժ Մարկոսյանը, ինձ էլ առաջադրեցին եւ ընտրեցին պատվավոր նախագահ: Եվ, ինչպես նախկինում, հիմա էլ լուրջ ծրագրեր ունենք:

 

- Ծանոթ եմ ծառատունկի ծրագրին…

 

- Այդ ծրագիրը մենք մշտապես ենք իրականացնում: Հայտարարել ենք, որ տասը տարի պետք է անենք այդ ծրագիրը, եւ անում ենք:

 

Բացի այդ, Տառերի պուրակում լանջով մեկ տեղադրվում են հայ մեծերի հուշարձաններ: Արդեն տեղադրել ենք Անանիա Շիրակացուն, Թումանյանին, Մխիթար Գոշին նվիրված հուշարձաններ, տեղադրվում են Խաչատուր Աբովյանի, Գրիգոր Լուսավորչի հուշարձանները: Լինելու են նաեւ Մովսես Խորենացին, Մաշտոցը… Աստվածաշունչը որպես հուշարձան պետք է տեղադրվի այնտեղ, այսինքն՝ այնտեղ ոչ թե անձանց հուշարձաններն են, այլ՝ ստեղծագործությունների: Նպատակը ոչ թե մեծերի հուշարձանները դնելն է, այլ ստեղծագործությունների, որոնք գրվել են այդ տառերով, այսինքն՝ ոչ թե Խաչատուր Աբովյանի, այլ “Վերք Հայաստան” վեպի, ոչ թե Անանիա Շիրակացու, այլ “Աշխարհացույցի”, ոչ թե Թումանյանի, այլ նրա ստեղծագործությունների, ոչ թե Մովսես Խորենացու, այլ «Պատմության Հայոց»:

 

Բացի այդ, տառ-քարերից դեպի Ապարան՝ մոտ 500 մետր, կա մի բլուր, որի վրա մենք այս տարի տեղադրելու ենք 33 մետր բարձրությամբ խաչ: Ինչո՞ւ 33 մետր: Որովհետեւ ուզում ենք շեշտել խաչը որպես խորհուրդ. Քրիստոսի տարիքն է: Այն կառուցված է լինելու 1711 խաչից, քառաթեւ խաչ է, որն արդեն պատրաստ է. 11 մետր հիմքից բարձրացել ենք, աշխատանքները շարունակելու համար սպասում ենք, որ ձյունը հալվի: Աշխատանքային խումբ ունենք, որում ներգրավված են եւ նկարիչներ, եւ քանդակագործներ, նաեւ կոնստրուկտորներ, ճարտարագետներ, շինարարներ:

 

Աղվան Հովսեփյանի լուսանկարներից

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Բացառիկ գործ է լինելու: Մի շարք խորհուրդներ ունի. արդեն նշեցի Քրիստոսի տարիքը եւ Հայաստանի՝ որպես քրիստոնեությունն առաջինը ընդունած երկրի 1711-ամյակը: Այն օրը, երբ կօծվի խաչը, հայտարարվելու է ուխտի օր, եւ ամեն տարի այդ ուխտի օրը մի խաչ կավելանա այդ խաչի վրա: Մենք կունենանք երկրորդ հասկացությունը՝ խաչքավորի, այսինքն՝ ում իրավունք կվերապահվի, որ այդ խաչը տանի, այսպես ասած, նվիրի մեծ խաչին, ամրացնի դրա վրա: Կարծում եմ, որ մենք կստեղծենք հանձնաժողով, իհարկե, Առաքելական եկեղեցու մասնակցությամբ: Կընտրվի այն անձը կամ կազմակերպությունը, որն առավել մեծ բարեգործություն է արել Հայաստանի համար, որն իրավունք կունենա խաչի վրա եւս մի խաչ ավելացնել: Կարծում եմ, դա կլինի զանգվածային միջոցառումների վայր: Որովհետեւ այդ բլուրի լանջին, որը հարթ տարածք է, մենք բաց խորան ենք կառուցելու՝ 11 մետր բարձրությամբ, դեպի արեւմուտք նայող մասը՝ եկեղեցական, հոգեւոր միջոցառումների համար, կարծես եկեղեցու ներսում, իսկ արեւելյան մասը՝ աշխարհիկ միջոցառումների համար բեմահարթակ: Կլինի զանգվածային միջոցառումների վայր: Կարծում եմ, այդ լանջահարթակի վրա մի քանի տասնյակ հազար մարդ կարող է տարբեր միջոցառումների առիթով հավաքվել: Այդ ամենն այս տարի է նախատեսված իրականացնել՝ մինչեւ սեպտեմբեր:

 

Հավատք

 

- Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն եկեղեցու նկատմամբ:

 

- Ինչպես Հայ առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալներինը:

 

- Իսկ հավատացյալ լինելն երիտասարդ տարիներին չէր խոչընդոտում աշխատանքին: Նկատի ունեմ, խորհրդային տարիներին Ձեզ վրա ճնշում չէի՞ն գործադրում:

 

- Իրականում այդ ճնշումները հիմնականում եղել են մինչեւ 60-70-ական թվականներ, իսկ ես իմ գործունեությունը դրանից հետո եմ ծավալել, եւ Խորհրդային իշխանության տարիներին նման առանձնակի ճնշում չեմ զգացել իմ կամ իմ ընկերների  վրա: Ասենք, իմ երկու երեխաների ծնվելուց հետո, երբ Ղարաբաղում էի աշխատում, Հայաստանում կնքել եմ նրանց եւ ինքս էլ բազում անգամներ քավոր եմ եղել, մեր ընտանիքում ընդհանրապես ընդունված է քավորություն անելը, եւ հայրս միշտ ասում էր՝ ամենամեծ բեռը, որ ես թողնելու եմ Ձեզ վրա, դա քավորությունն է, որի տակից պիտի կարողանաք երեք եղբայրով դուրս գալ: Եվ մեր ընտանիքի քավորությունն արդեն մոտ 150 տարվա պատմություն ունի. իմ երեխայի հարսանիքի քավորը նույն մարդն է, որի պապու պապը եղել է մեր քավորը, եւ որին Միացյալ Նահանգներից հրավիրեցինք, որ երեխայիս հարսանիքի քավորը լինի: 

 

- Պարոն Հովսեփյան, ամփոփենք մեր զրույցն հետեւյալ հարցով. ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր կյանքը տարիներ անց, երբ կավարտեք աշխատանքային գործունեությունը: Ինչ-որ պլաններ ունե՞ք արդեն:

 

-Ես անհամբեր սպասում եմ այդ օրվան: Բայց մյուս կողմից էլ չեմ պատկերացնում, որովհետեւ արդեն 39 տարի դատախազությունում եմ աշխատում, եւ բացի այդ, ես այն մարդը չեմ, որ միայն դատախազական գործունեությամբ զբաղվի: Այսինքն՝ այնպես չի, որ պետք է ավարտեմ իմ դատախազական գործունեությունը, նոր զբաղվեմ ինչ-որ այլ բաներով: Ես նման խնդիր իմ առջեւ չեմ դրել, այսինքն՝ դարձյալ զբաղվելու եմ այն ամենով, ինչով զբաղվում եմ հիմա:

 

- Պարզապես մեր զրույցի սկզբում ասացիք, որ եթե երկու շաբաթից ավել աշխատանքի չեք գնում, սկսում եք կարոտել…

 

- Յուրաքանչյուր տարիք իր հոգեբանությունն ունի, եւ այդ տարիքի մեջ արժեւորվում են շատ բաներ: Թվում է, թե ավելի լավ տարիքն երիտասարդությունն է, երիտասարդ տարիներին արժեքավորվող շատ հանգամանքներ կան: Բայց կան նաեւ արժեքներ, որ գալիս են հետագա տարիներին ու նաեւ ծերության ժամանակ, երբ ես նայում եմ հորս, մյուսներին… Եթե մարդ առողջ կյանք է ունեցել (ես մարմնական առողջության մասին չեմ խոսում, այլ կենսակերպի առողջության), ուրեմն նա առողջ էլ ծերանալու է, եւ այդ առողջ ծերությունը հասուն պտղի նման է, որն ավելի քաղցր է, ավելի հյութեղ եւ համով: Մարդ պետք է այնպես ապրի, որ հետագա տարիները կարողանա վայելել, իսկ թե ինչի մեջ է տեսնում մարդն այդ վայելքը, կախված է արդեն անձից:

 

Աղվան Հովսեփյանի հետ զրուցել է Դավիթ Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին