Լիլիթը, Վավա Խաչատրյանը եւ Իսահակյանի «սիրածների կորուստը» - Mediamax.am

exclusive
13346 դիտում

Լիլիթը, Վավա Խաչատրյանը եւ Իսահակյանի «սիրածների կորուստը»


Վավա Խաչատրյանը՝ դիվանագետ, Շեքսպիրի հայերեն թարգմանիչ Հովհաննես խան Մասեհյանի հետ
Վավա Խաչատրյանը՝ դիվանագետ, Շեքսպիրի հայերեն թարգմանիչ Հովհաննես խան Մասեհյանի հետ
Վավա Խաչատրյանը՝ Վազգեն Առաջին Վեհափառի հետ
Վավա Խաչատրյանը՝ Վազգեն Առաջին Վեհափառի հետ

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարանի արխիվ

Սարգիս Խաչատրյանի «Վավայի դիմանկարը» կտավը
Սարգիս Խաչատրյանի «Վավայի դիմանկարը» կտավը

Լուսանկարը` Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդապահոց

Սարգիս Խաչատրյանի «Երիտասարդ Վավան» ջրաներկը
Սարգիս Խաչատրյանի «Երիտասարդ Վավան» ջրաներկը

Լուսանկարը` Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդապահոց

Սարգիս Խաչատրյանի «Վավա» ջրաներկը
Սարգիս Խաչատրյանի «Վավա» ջրաներկը

Լուսանկարը` Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդապահոց


 

1947 թ.-ին նյույորքաբնակ նկարչուհի Վավա (Վարդուհի) Խաչատրյանը (1) «Լրաբեր» հանդեսի խմբագիր Վահան Ղազարյանի միջոցով Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանին է հանձնել իր եւ ամուսնու՝  նկարիչ Սարգիս Խաչատրյանի (2) արխիվի մեծ մասը:

 

Բազմաթիվ արժեքավոր փաստաթղթերի մեջ են նաեւ Իսահակյանի ութ նամակները, որոնցից չորսը տպագրվել էին մամուլում, չորսն՝ անտիպ էին: Դրանք ամբողջացված են «Ավետիք Իսահակյանի նամակները» գրքում ( Երեւան, 2016): 

 

Հայտնի է, որ Իսահակյանը գեղեցիկ կանանց հանդեպ շատ զգայուն էր: Վավա Խաչատրյանն էլ նրա հետաքրքրության շրջանակում էր:

Սարգիս Խաչատրյանի «Վավայի դիմանկարը» կտավը Սարգիս Խաչատրյանի «Վավայի դիմանկարը» կտավը

Լուսանկարը` Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդապահոց

«Ցավում եմ, որ Վիեննայից հեռանում եք, որովհետեւ Վիեննա մոտիկ էր, եւ միշտ հույս ունեի գալ՝ Ձեզ տեսնելու: Եթե Փարիզ կամ Լոնդոն գնաք, ինչպե՞ս գամ: Գրում եք, որ ծովին կարոտցել եք: Կիրակի օրը հրաշալի արեւ կար, գնացի ծովափ (Լիդո), շրջում էի եւ Ձեզ հիշում: Չէ՞ որ Դուք թույլ տվիք, որ ծով գնալուս Ձեզ հիշեմ: Անշուշտ, Ձեզ միշտ հիշելու իրավունք ես ունիմ, սակայն ինչու՞ չեք որոշում Իտալիայում ապրել, օրինակ՝ Վենետիկ կամ Հռոմ: (…) Բայց չեք գա, գիտեմ, ուրեմն Ձեր նամակները, կուզեմ ասել՝ Ձեր անուշ նամակները, անպակաս  արեք, նրանք մի տեսակ սիրելի այցեր են, վիզիտներ՝ այս օտար երկրում» 16 հունվարի, 1924, Վենետիկ) (3):

Սարգիս Խաչատրյանի «Երիտասարդ Վավան» ջրաներկը Սարգիս Խաչատրյանի «Երիտասարդ Վավան» ջրաներկը

Լուսանկարը` Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդապահոց

Ավետիք Իսահակյանը շուրջ 25 տարի ապրել է Եվրոպայում: Նկարիչ Սարգիս Խաչատրյանն ու Իսահակյանը ծանոթացել են 1922-ին. պատահաբար,  Վենետիկի Ս. Մարկոսի հրապարակում աղավնիներին կերակրելիս:

Վավա Խաչատրյանը՝ դիվանագետ, Շեքսպիրի հայերեն թարգմանիչ Հովհաննես խան Մասեհյանի հետ Վավա Խաչատրյանը՝ դիվանագետ, Շեքսպիրի հայերեն թարգմանիչ Հովհաննես խան Մասեհյանի հետ

 

Իսահակյանը ցանկանում էր, որ Սարգիս Խաչատրյանը ստեղծի Լիլիթի կերպարը՝ՙ «Ուղղակի ոսկով ու լույսով  ու բոցերով պիտի նկարե այս իսկական կնոջը՝ հոգի ու մարմին այրող: Եվ միշտ երազ…» (4):

 

Սակայն նկարչին դա չհաջողվեց: Ավելի ուշ այդ կերպարը ստեղծեց նրա կինը՝ Վավա Խաչատրյանը:

 

Ահա թե ինչ է գրել տիկին Վավան «Լիլիթ»-ի մասին.

 

«Ես կարդացել էի Իսահակյանի «Լիլիթ»-ը: Քանիցս Սարգսին խորհուրդ էի տվել այն մարմնավորել կտավի վրա, մի հիանալի անակնկալ անել Վարպետին՝ նկարելով Լիլիթը՝ «բոլոր տանջող եւ ապրեցնող հրապույրների աղբյուրը»: Սարգիսը գտնում էր, որ Լիլիթի կերպարը հաղթահարելու համար ժամանակ է պետք, ստեղծագործական հանգիստ, մտորումների խաղաղ մթնոլորտ: Մի բան, որ եւ՜ այդ, եւ՜ հետագա տարիներին միշտ պակասում էր մեզ: Հետագայում, երբ ես սկսեցի նկարել , իմ չորրորդ ստեղծագործությունը Լիլիթը եղավ: Կտավին հանձնեցի բոցերի պես օդի միջով սուրացող եւ անհետացող Լիլիթին, անհաղթահարելի կնոջը, որը երազ է հիացք եւդյութանք» (5):

Վավա Խաչատրյանը՝ Վազգեն Առաջին Վեհափառի հետ Վավա Խաչատրյանը՝ Վազգեն Առաջին Վեհափառի հետ

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարանի արխիվ

Անակնկալ էր տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի անձնական  արխիվում գտնել Վավա Խաչատրյանին ուղղված Իսահակյանի անտիպ երկտողերը եւ մի բանաստեղծություն, որն Իսահակյանի երկերի լիակատար ժողովածուում չկա:

 

***

 

«Սիրելի տիկ. Վ.Խաչատրյանին

 

Եթե ծովը չլիներ, արեւի պատկերը երկրի մեջ չէր լինի, իսկ առանց արեւի երկրի դեմքը շատ մռայլ կլիներ,- բանաստեղծի սիրտը ծովն է, իսկ կնոջ սերը՝ աշխարհը զարդարող արեւը…

 

7 օգոստոսի, 1923, Վիեննա»

 

***

 

«Սիրելի տիկին Վավային

 

Կյանքի իմաստն է երջանիկ լինել: Եվ երջանկությունը կազմված է հարյուր բաներից: Մենք, այսինքն՝ մարդու հոգին, վայելում է միայն մեկը եւ երազում 99-ը: Ուրեմն, 1-ը վայելում ենք, 99-ը՝ երազում: Երազում ենք երջանկություն, սեր, գեղեցկություն, հրաշալիքներ, հաղթանակներ, զորություններ, հռչակ, ազատություն եւ անմահություն…

 

Պահիր երազելու հատկությունը, եւ կլինես 100 տոկոսով, լիուլի երջանիկ:

 

16.6.1923 Փարիզ»:

Սարգիս Խաչատրյանի «Վավա» ջրաներկը Սարգիս Խաչատրյանի «Վավա» ջրաներկը

Լուսանկարը` Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդապահոց

 

***

 

Ահա եւ անտիպ բանաստեղծությունը. 

 

Սիրածներիս կորուստի հետ

Չհաշտվեցի ես երբեք.

Անհրաժեշտի իմաստի հետ

Չհաշտվեցի ես երբեք.

Իզուր ինչքան միտս ջանաց

Սրտիս մի խոսք հասկացնել,

Իրերի հոսման փաստի հետ

Չհաշտվեցի ես երբեք:

 

16.6.1935

 

Փարիզ

 

Լիլիթ Ավագյան

 

Ծանոթագրություն

1.Վարդուհի Արտաշեսի Սարյան, 1895-1984, նկարչուհի: 

2.Սարգիս Խաչատրյան, 1886-1947, որմնանկարիչ:

3. «Ավետիք Իսահակյանի նամակները», 2016, Երեւան, էջ 184:

4. Նույն տեղում:

5. «Հայրենիքի ձայն», 1975, N 44:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին