«Խելքից պատուհասը», Աբովյանն ու Սայաթ-Նովայի «դավթարը» - Mediamax.am

exclusive
14621 դիտում

«Խելքից պատուհասը», Աբովյանն ու Սայաթ-Նովայի «դավթարը»


Սայաթ-Նովայի մասին գրքի առաջաբանը
Սայաթ-Նովայի մասին գրքի առաջաբանը

Լուսանկարը` ԳԱԹ արխիվ

Մկրտիչ Էմինին ուղարկած նամակը
Մկրտիչ Էմինին ուղարկած նամակը

Լուսանկարը` ԳԱԹ արխիվ

Գեւորգ Ախվերդյանի կերպարը՝ ստեղծված նկարիչ Մարկոս Արզումանյանի կողմից
Գեւորգ Ախվերդյանի կերպարը՝ ստեղծված նկարիչ Մարկոս Արզումանյանի կողմից

Լուսանկարը` Ա.Ավետիսյանի «Գևորգ Ախվերդյան» գրքից

Խաչատուր Աբովյանը
Խաչատուր Աբովյանը
Ալեքսանդր Գրիբոյեդովը
Ալեքսանդր Գրիբոյեդովը
Սայաթ-Նովան
Սայաթ-Նովան

Բժիշկ, բանասեր, տնտեսագետ, հասարակական գործիչ Գեւորգ Ախվերդյանի (1818-1861 թթ.) մասին ուսումնասիրությունները քիչ են: Դրանցից մեկի հեղինակը տատիկս է՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանը: 1963 թվականին հրատարակվել է նրա «Գեւորգ Ախվերդյան» աշխատությունը: Տատիկիս ձեռագրերում արխիվային նյութեր կան,  որոնք գրքում տեղ չեն գտել. հավանաբար, գրքի հրատարակությունից հետո է դրանք գտել:

 

Գրիբոյեդովի հետ ՝ «Խելքից պատուհաս»-ում

 

Ախվերդյանները Թիֆլիսի հայտնի ընտանիքներից էին: Հայրը՝ Ախվերդի Ենոքի Ախվերդյանը, ռուսական բանակի սպա էր: Մայրը՝ Նենեն, Լորիս-Մելիքովի (1) մորաքույրն էր:

 

Գեւորգ Ախվերդյանի հորեղբոր կինը՝ Պրասկովյա Նիկոլաեւնան, Թիֆլիսի իր տանը  պարբերաբար հավաքույթներ էր կազմակերպում: Դրանց հաճախ մասնակցում էր նաեւ  Ալեքսանդր Գրիբոյեդովը (2): Ի դեպ, իր ապագա կնոջ՝ Նինո Ճավճավաձեի (3) հետ Գրիբոյեդովը ծանոթացել էր հենց այդտեղ:

Ալեքսանդր Գրիբոյեդովը Ալեքսանդր Գրիբոյեդովը

 

Թիֆլիսի այդ տանն էլ, սալոնի հյուրերի մասնակցությամբ, բեմադրվել է «Խելքից պատուհաս»-ը՝ (4) Գրիբոյեդովի մասնակցությամբ: 12-ամյա Գեւորգ Ախվերդյանին վստահվել էր Մոլչալինի դերը:

 

Ախվերդյանի ձեռքով գրված ներկայացման ծրագիրը, տետրակները, որտեղ նա  գրառել է այն ամենն, ինչ լսել է Պրասկովյա Նիկոլաեւնայից ու Նինո Ճավճավաձեից, Ալեքսանդր Երիցյանի (5) թատերական անտիպ արխիվում են:

 

Ոսկե մեդալով, բայց առանց կոշիկի ու տաք հագուստի

 

Ախվերդյանը ոսկե մեդալով ավարտել է Լազարյան ճեմարանը (1830-1834 թթ.), որից հետո ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ: Եթե Լազարյան ճեմարանում ուսման վարձը հենց Լազարյաններն էին հոգում, ապա համալսարանում Ախվերդյանը բառացիորեն հացի խնդիր ուներ: Եվ նա նամակ է գրում հորը.

 

«Ահա հինգերորդ ամիսն է, որ ձեզնից նամակ չեմ ստանում: Մենք այստեղ մնացել ենք որբ ու անտեր: Ես այստեղ վերջացրեցի ուսումս (Լազարյան ճեմարանում-Լ.Ա.)  եւ ընդունվեցի համալսարան: Ինձ հագուստ է պետք, եւ ես ոչինչ չունեմ. ո՜չ սերթուկ, ո՜չ մունդիր եւ վիցմունդիր, ո՜չ շապիկ, բոլորովին ոչինչ չունեմ, ո՜չ կոշիկ, ո՜չ հագուստ: Նույնը եւ Հովհաննեսը (Գ.Ախվերդյանի ավագ եղբայրը-Լ.Ա.): Ահա ձմեռ է գալիս, եւ մենք տաք շոր ու շինել չունենք: Ուստի խնդրում եմ, սիրելի՜ հայրիկ, որ ուղարկեք երկու հարյուր հիսուն ռուբլի փող, որպեսզի ինձ ու Հովհաննեսի համար հագուստ կարել տանք, որ այստեղ ամոթով չլինենք: Որ մեկը մեզ տեսնի, չի ասի, որ քո որդիներն ենք» (6):

Գեւորգ Ախվերդյանի կերպարը՝ ստեղծված նկարիչ Մարկոս Արզումանյանի կողմից Գեւորգ Ախվերդյանի կերպարը՝ ստեղծված նկարիչ Մարկոս Արզումանյանի կողմից

Լուսանկարը` Ա.Ավետիսյանի «Գևորգ Ախվերդյան» գրքից

Ուսումնառության տարիներին Ախվերդյանը սովորում է գերմաներեն, ֆրանսերեն, լատիներեն գերմանացի ուսուցիչ Զեդերհոլմից: Բժշկությանը զուգահեռ՝ լեզուների իմացությունը Ախվերդյանին թույլ է տալիս բնագրով կարդալ Հեգել, գերմանացի մյուս փիլիսոփաներին: Զեդերհոլմն իր հերթին հիացած էր Ախվերդյանի ընդունակություններով: Ախվերդյանի շնորհիվ նա ծանոթանում է հայկական մշակույթին ու պատմությանը եւ անգամ գերմաներեն թարգմանում հատվածներ Խորենացու «Հայոց պատմություն»-ից :

 

Ախվերդյանին երկրորդ կուրսում հանձնարանում են գրել «Նյարդային համակարգի ազդեցությունը ենթագլխի նյարդերի վրա» թեմայով ռեֆերատ: Նա գրում է լատիներենով եւ այդ աշխատանքը լավագույնն է ճանաչվում եւ ոսկե մեդալի է արժանանում: 

 

Խաչատուր Աբովյանն ու Գեւորգ Ախվերդյանը

 

Դեռեւս Լազարյան ճեմարանում սովորելու տարիներին Ախվերդյանը մտերմանում է Մկրտիչ Էմինի (7) հետ: Նրանց բարեկամությունը տեւում է մինչեւ Ախվերդյանի կյանքի վերջը: Էմինը մտադիր էր Խաչատուր Աբովյանի հետ Թիֆլիսում դպրոց բացել: Ահա ինչ է գրում այդ մասին Էմինն Ախվերդյանին.

 

«Աբովյանն, ինչպես լսել եմ, պետք է որ Թիֆլիսում լինի: Հանդիպիր նրան եւ խոսիր նաեւ իմ մտադրությունների մասին: Ես հաճույքով կընկերանայի նրան այդ գործում, եւ եթե նա որեւէ լուրջ բան է սկսել, այդ դեպքում ես ոչ թե կխանգարեմ նրան, այլ կգնամ նրա հետ միասին: Կարծում եմ, նա անբավական չպիտի լինի իմ առաջարկությունից» (8):

 

Ախվերդյանը Թիֆլիսում եղած ժամանակ մտերիմ էր Խաչատուր Աբովյանի հետ ավագ եղբոր՝ Հովհաննես (Իվան) Ախվերդյանի միջոցով: Վերջինս Աբովյանի մասնավոր դպրոցում ռուսերենի ուսուցիչ էր (1838-1840 թթ.):

Խաչատուր Աբովյանը Խաչատուր Աբովյանը

 

Արփիկ Ավետիսյանի վկայությամբ՝ Ախվերդյանի թղթերի մեջ գտնվել է  «Ճանապարհորդություն դեպի Անի» ճամփորդական նոթերի ձեռագիրը: Ենթադրվում է, որ Աբովյանն այդ նոթերը տվել էր Ախվերդյանին՝ ծանոթանալու, գուցեեւ՝ տպագրելու նպատակով : Աբովյանի անհետանալուց հետո ձեռագիրը մնացել էր Ախվերդյանի մոտ:

 

Գրաբա՞ր, թե՞ աշխարհաբար

 

Կովկասի, հատկապես Թիֆլիսի հայկական դպրոցներում, մայրենի լեզուն դասավանդվում էր գրաբարով՝ աշակերտության համար անմատչելի լեզվով: Ախվերդյանը, որին Թիֆլիսում հաճախ հրավիրում էին պետական գիմնազիաներ ու մասնավոր դպրոցներ, նկատում է, որ գրաբարի բարդության պատճառով մայրենի լեզվի ու գրականության հանդեպ աշակերտները նվազ հետաքրքրություն ունեն, փոխարենը՝ ավելի սիրով ու հեշտությամբ յուրացնում են օտար լեզուներ, բայց ոչ մայրենին: Նա նպատակ է դնում հին դասագրքերը փոխել նոր, աշխարհաբար գրված դասագրքերով: Ախվերդյանին սպասում էին նույն դառնություններն, ինչ Աբովյանին:

 

Աբովյանը դեռեւս 1841-ին Թիֆլիսում կազմել էր հայերեն լեզվի դասավանդման ձեռնարկ՝ «Նախաշավիղ»-ը: Սակայն այն համարվեց «կանոնի եւ ճաշակի դեմ ըմբոստացում» եւ Կարապետ արքեպիսկոպոսի կարգադրությամբ՝ լույս չտեսավ: Այդուհանդերձ, նաեւ Ախվերդյանի համառությամբ, հայոց լեզվի ձեռնարկները հաստատող կոմիտեն համաձայնում է մայրենիի նոր դասագրքեր տպագրել:

 

Գ.Ախվերդյանի ջանքերով էր նաեւ, որ 1850-ականներին դպրոցական ծրագրերից դուրս հանված մայրենի լեզուն դպրոց մտնելու իրավունք ստացավ:

 

Ժանտախտ

 

1850-ականներին Պարսկաստանից Կովկաս է անցնում ժանտախտի համաճարակը: Գ.Ախվերդյանը գործուղվում է Նախիջեւան, ապա Պարսկաստան, պարզում ժանտախտի օջախը՝  Ուրմիա: Ժանտախտի համաճարակը հասնում է Երեւան: Ախվերդյանը, քաղաքապետի խնդրանքով, մեկնում է Երեւան, եւ տեղի մի քանի բժիշկների հետ անում ամեն ինչ՝ մարդկանց կյանքը փրկելու համար: Հայաստանի կենտրոնական արխիվում պահվում են Ախվերդյանի ձեռքով կազմված թղթերը՝ ինչ քանակի դեղորայք ու բժշկական պարագաներ են անհրաժեշտ՝ համաճարակի դեմն առնելու համար (9) : Ու մինչ նա պայքարում էր ժանտախտի համաճարակի դեմ, խոլերայի զոհ են դառնում նրա հայրը, քույրն ու եղբայրը…

 

Խարդավանքներ Լազարյան ճեմարանում

 

Lազարյան ճեմարանում պաշտոնավարելու տարիներին վատ փոխհարաբերություն էր ստեղծվել ճեմարանի հիմնադիրների եւ էմինի միջեւ։ «Լազարյաններն Էմինին ամբաստանում էին կաթողիկոսի (Ներսես Աշտարակեցու -L.Ա.) առաջ, որ նա ճեմարանի տեսուչ Դավիդովին չի խոնարհվում, հպարտ է ու ինքնասեր: Կաթողիկոսի մոտ Էմինին ներկայացրել էին որպես ծույլ, գոռոզ, անպատկառ ու հանդուգն մարդ» (10):  

 

Բանն այնտեղ է հասնում, որ էմինը որոշում է թողնել ճեմարանը եւ տեղափոխվել Թիֆլիս։ Լազարյանների վերաբերմունքից դառնացած՝ էմինը դժգոհել էր նաեւ հայ ժողովրդից՝ առհասարակ: Գեւորգ Ախվերդյանն Էմինի այդ դժգոհություններին պատասխանում է այս նամակով.

 

«Բայց համենայն դեպս մի մեղադրի հայերին, այլ մեղադրի միմիայն մի քանի տգետների, որոնց մութ գլուխների մեջ չեն մտնում լուսավոր մտքեր։ Որքան ես կարողացա ուսումնասիրել իմ հայրենակիցների բնավորությունները, դա խիզախ ժողովուրդ է, նրանց անհանգիստ բնավորոթյունը ծարավ է գործունեության։ Հային անհրաժեշտ է գործել, լավ թե վատ, նա ամեն ինչ անում է եւ կարող է պատահել, որ ոչ մի ազգ այնքան կրթության ու դաստիարակության կարիք չունի, ինչպես հայը, որի համար անգործունեությունը հավասար է մահվան։ Եվ այն պատճառով տգիտությունր նրանց ձեռքում մինա է (ական-Լ.Ա.)… Նրա գործունեությունը միշտ նպատակասլաց պետք է լինի եւ ղեկավարվի խիստ սկզբունքով, այդ ազգը կրում է իր մեջ բարոյական զարգացման սաղմը։ Նայիր շուրջդ եւ կհավատաս ինձ։ Եվ այդ պատճառով մի մեղադրի հայերին, այլ մեղադրիր նրանց, ովքեր իրոք մեղավոր են՝ դրանք զզվելի մարդիկ են, որոնց ոչ ոք սիրել չի կարող, նրանց միայն կարելի է խղճալ, բայց վրեժ երբեք չլուծել» (11)։

 

Ինչպես է Սայաթ-Նովայի «դավթարը» հայտնվել Ախվերդյանի մոտ

 

Երբ Աղա Մահմադ խանի հեծելազորը մոտենում էր Վրաստանի սահմանին, Սայաթ-Նովան Հաղպատի վանքում էր: Լսելով, որ պարսկական զորքերը շուտով մտնելու են Թիֆլիս, նա շտապում է տուն, իր զավակներին ( ուներ երկու տղա՝ Մելիքսեթ եւ Օգան, երկու աղջիկ՝ Սառա եւ Մարիամ) ուղարկում Մոզդոկ: Տեղափոխվելու ժամանակ Մելիքսեթն իր հետ է վերցնում հոր երգերի դավթարն ու նրանից ժառանգած քամանչան:

Սայաթ-Նովան Սայաթ-Նովան

 

Անցնում են տարիներ. Մելիքսեթի որդին՝ Տեր Մովսեսը, որը կրթություն էր ստացել Թիֆլիսում  եւ աշխատում էր նույն քաղաքի Ջգրաշեն եկեղեցում ՝ որպես ավագ քահանա, Մոզդոկ է գնում՝ իր հարազատներին այցելության: Քրոջ որդու մոտ տեսնում է Սայաթ-Նովայի դավթարը, բերում է Թիֆլիս: Գ. Ախվերդյանի համալսարանական ընկերը՝ բժիշկ Հովհաննես Փոնդոյանը, իմանալով, որ Ախվերդյանը հավաքում է գուսանների ստեղծագործությունները, Տեր Մովսեսին համոզում է իրեն տալ Սայաթ-Նովայի երգերի դավթարը ու այն նվիրում է Ախվերդյանին (12): Ախվերդյանը շտապում է Էմինին հայտնել այդ նորությունը.

Սայաթ-Նովայի մասին գրքի առաջաբանը Սայաթ-Նովայի մասին գրքի առաջաբանը

Լուսանկարը` ԳԱԹ արխիվ

«…Ի դեպ, բարեկամս, ինձ մոտ հավաքվել են անվանի քամանչիստ Սայաթ-Նովայի 45-50 երգերը, ցանկանում եմ հրատարակել մեծ պասին, նա գրել է Թիֆլիսի բարբառով, նրա երգերում այնքան տեղական գունավորում կա, որ սքանչելի է: Այդ հրատարակությունը սաստիկ զբաղեցնում է ինձ, մանավանդ որ Սայաթ-Նովայից հետո ես ուզում եմ ընթացք տալ Աղբար Ադամին, Թուրինջին եւ ուրիշներին» (13):

 

Ընտանիքը

 

Ախվերդյանը 1848 թ-ին ամուսնացել էր թիֆլիսահայ Իվան Մնացականյանի դստեր՝ Նինայի հետ: Ունեցել են չորս տղա եւ երկու աղջիկ: Մանուկ հասակում չորս տղաներն էլ մահացել են: Աղջիկները՝ Մանեն եւ Վառվառեն, ապրել են մինչեւ խոր ծերություն:

 

Մահը

 

Ուսանողական ծանր, զրկանքով լի տարիները, երկարատեւ եւ հյուծող հազը նրան գամում են անկողնուն: Բժիշկ Գ. Ախվերդյանը գրում է Մ. Էմինին.

Մկրտիչ Էմինին ուղարկած նամակը Մկրտիչ Էմինին ուղարկած նամակը

Լուսանկարը` ԳԱԹ արխիվ

«…Չեմ ուզում մեռնել: Բայց երբ այս ողորմելի ու անօգուտ կյանքը ստիպված ես լինում պահել դժոխային դեղերով, ո՜չ, այդ ժամանակ արդեն մահից չեմ վախենում: Նայում եմ նրա վրա հանգիստ ու միշտ հաճույքի մեծ զգացումով պատկերացնում եմ այն հանդիսավոր վայրկյանը, երբ մարդը եղբայրանում է երկնքի հետ» (14): Իր հիվանդության օրերին, 1860 թ. նոյեմբերին, վախճանվում են կինն ու որդին: Ախվերդյանն այնքան ծանր վիճակում էր, որ չի կարողանում անգամ նրանց  հուղարկավորությանը մասնակցել: 1861 թվականի նոյեմբերի 17-ին, 43 տարեկանում, Ախվերդյանը մահանում է: Նրա մարմինը Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանն է, Ղազարոս Աղայանի շիրիմի հարեւանությամբ:

 

Լիլիթ Ավագյան

 

***

Ծանոթագրություններ

1. Միքայել Լորիս-Մելիքյան (Մելիքով), 1825-1888,Կովկասի փոխարքայի պաշտոնակատար (1880), Ռուսաստանի ՆԳ նախարար  (1881):

2. Ալեքսանդր Գրիբոյեդով, 1795-1829, ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ:

3. Նինո Ճավճավաձեն (1812-1857) վրաց հասարակական գործիչ, բանաստեղծ Ալեքսանդր ճավճավաձեի դուստրն էր: Թիֆլիսում Ախվերդյանները եւ իշխան Ալեքսանդր Ճավճավաձեն հարեւաններ էին: Կնոջը վաղ կորցնելով՝ Ճավճավաձեն իր դստեր՝ Նինոյի կրթության ու դաստիարակության գործը հանձնում է Գ.Ախվերդյանի հորեղբոր կնոջը՝ Պրասկովյա Նիկոլաեւնային: Նրա տանն էլ Գրիբոյեդովը տեսնում է աղջկան, սիրահարվում: 35-ամյա Գրիբոյեդովը եւ 15-ամյա Նինոն ամուսնանում են: 1829-ին, հղի Նինոն, լսելով Պարսկաստանում ամուսնու սպանության մասին, վաղաժամ ծննդաբերում է. երեխան միայն մեկ ժամ է ապրում: 17-ամյա Նինոն, այրիանալով, այլեւս երբեք չի ամուսնանում:

4. «Խելքից պատուհաս» ( ռուս. «Горе от ума»), Ալ. Գրիբոյեդովի  կատակերգությունը, գրել է 1922-1824 թթ.: Հայերեն թարգմանիչ՝ Սուրեն Վահունի:

5. Ալեքսանդր Երիցյան, հայ պատմաբան, 1841-1902 թթ.:

6. 1834 թ., սեպտեմբերի 1, ԳԱԹ , Ախվերդյանի ֆոնդ, N. 69, նամակը թարգմանվել է վրացերենից:

7. Մկրտիչ Էմին, 1815-1890, հայ պատմաբան, հայագետ, Լազարյան ճեմարանի պրոֆեսոր եւ հայագիտության ամբիոնի վարիչ:

8.  ԳԱԹ, Մկրտիչ Էմինի ֆոնդ, N 34: Ախվերդյանը Էմինի նամակը ստացել է Աբովյանի անհետանալուց 7 օր անց:

9. ՀՀ Ազգային արխիվ, ֆոնդ 1647, գործ 2, թերթ 32: 

10. «Գեւորգ Ախվերդյան», Երեւան, 1963 թ., էջ 49:

11. Նամակը գրված է 1852 թ-ի օգոստոսի 2-ին:

12. «Գեւորգ Ախվերդյան», էջ 112-113:

13. ԳԱԹ, Էմինի ֆոնդ, N 734:

14. ԳԱԹ, Մ.Էմինի ֆոնդ, N 751:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին