Սառա Բեռնարն ու «ծակ գրպանով Դանեմարքի արքայազն» Պետրոս Ադամյանը - Mediamax.am

exclusive
18771 դիտում

Սառա Բեռնարն ու «ծակ գրպանով Դանեմարքի արքայազն» Պետրոս Ադամյանը


Պետրոս Ադամյանը
Պետրոս Ադամյանը

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Պետրոս Ադամյանը` Համլետի դերում
Պետրոս Ադամյանը` Համլետի դերում

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Սառա Բեռնարը
Սառա Բեռնարը

Լուսանկարը` Getty Images


1891 թվականին 41 տարեկանում մահացավ դերասան Պետրոս Ադամյանը (1): Նրա մահից 50 տարի անց էլ արտիստի ամբողջական կենսագրությունը չկար: 1941 թ.-ին լույս տեսած Գառնիկ Ստեփանյանի (2) «Պետրոս Ադամյան» գրքում փորձ արվեց թերթերի հոդվածներից, Ադամյանի նամակներից, ապա եւ Ադամյանի մասին հուշերից  ամբողջացնել նրա կենսագրությունը:

 

Ադամյանի կյանքը չափազանց բուռն էր, հարուստ՝ հյուրախաղերով, արկածներով, սիրային պատմություններով, երկրպագուներով: Սակայն թոքախտը նա տարավ միայնակ, նյութական ծանր կարիքի, հուսահատության մեջ: 

 

Ադամյանի արխիվը Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում է: Այստեղ են պահվում նաեւ արտիստի անձնական որոշ իրեր:

 

Պետրոս Ադամյանի 10 իրերը

Նրա կյանքի շատ դրվագներ են հետաքրքիր՝ հանդիպումը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու(3) հետ, բարեկամությունը գեղանկարիչ Գրիգոր Բաշինջաղյանի (4) հետ, լարվածությունը «Մշակ»-ի խմբագիր Գրիգոր Արծրունու (5) հետ, գեղանկարչությամբ զբաղվելն ու բանաստեղծություններ գրելը... Որոշ իրադարձություններ, սակայն, այնքան էլ հայտնի չեն: 

 

«Սառա Բեռնարը զիջում է մեր Սիրանույշին»

 

1888 թվականին Պոլիս հյուրախաղերի է գալիս աշխարհահռչակ դերասանուհի Սառա Բեռնարը (6):

 

Նա ճանաչված էր որպես «երբեւիցե ապրած աշխարհի ամենահռչակավոր դերասանուհի», «աստվածային Սառա»: Բեռնարը խաղալու էր «Քամելիազարդ տիկինը», «Կարմեն» եւ այլ ներկայացումներում:

 

Պետրոս Ադամյանը ներկա է լինում նրա ներկայացումներին, իսկ ներկայացումներից հետո իր բարեկամներին ներկայացնում է տպավորությունները: Ըստ այդմ՝ Սառա Բեռնարը բնական չի խաղում, կյանքը ավելորդ գեղեցկացնում է: «Նա շատ արվեստ ունի, բայց քիչ բնականություն»,- ասել էր Ադամյանը: 

 

Սիրանույշի 10 իրերը

Իր նամակներից մեկում ահա ինչ է գրում.

 

«Սառա Բեռնարը այստեղից մեկնեցավ երեկվան օրը: Գացի տեսնել յուր խաղը եւ տրամադիր էի ծափահարել իրեն, սակայն, եթե ամոթ չլիներ, խաղի միջից դուրս պիտի ելլեի թատրոնից. մեր տիկին Հրաչյան, Սիրանույշը, ռուսաց Սավինան, Երմոլովան նրանից  շատ բարձր են: Նրա փառքը միայն ռեկլամների շնորհիվ է եւ այլ ոչինչ: Եթե այդ է փարիզեցոց ճաշակը... ցավալի է: Կարող եմ ապացուցանել կարծիքս ամեն կողմերով» (7): 

Սառա Բեռնարը Սառա Բեռնարը

Լուսանկարը` Getty Images

Տապալված հոբելյան

 

1888 թվականին Պոլսում որոշվեց նշել Ադամյանի դերասանական գործունեության 25-ամյակը: Ըստ Արփիար Արփիարյանի (8), որը «Մշակ»-ում «Հայկակ» կեղծանունով հոդված էր գրել, հոբելյանական հանձնաժողովն անգամ չէր պատկերացնում՝ ինչ ձեւ պիտի տա այդ հոբելյանին: Հոբելյանը աննկատ ու անկազմակերպ անցավ՝ մեծ ցավ պատճառելով Ադամյանին: Արտիստն ապշեց, երբ հաջորդ օրը հոբելյանի կազմակերպիչները նրան ներկայացրեցին հաշիվ՝ ըստ որի՝ իր հոբելյանին իրեն նվիրված ծաղկեջնջի համարեւս պետք է ինքը վճարի: Հոբելյանի գիշերը Ադամյանը կոկորդի սուր ցավից արթնացավ: Նա անգամ բժշկի չդիմեց՝ կարծելով՝ թեթեւ բան է, կանցնի: Հոբելյանից մեկ շաբաթ անց ներկայացում ուներ: Սակայն ներկայացումից առաջ նկատեց, որ ձայնը թուլացել է, խաղալ չի կարող: Փորձեց խմիչքի միջոցով ձայնը վերականգնել, իսկ եթե խմիչքը չօգներ, անձնասպան լինել: Խմիչքը ձայնը որոշ չափով բացեց, եւ նա խաղաց: Ներկայացմանը հազիվ 50 հոգի էր եկել: Նա զայրացել էր հայրենակիցների վրա. «Կյանքս վտանգի մեջ եմ դնում, սիրտս պատռվում է, հոգիս մաշեցնում եմ, եւ այդ բոլորը պարապ թիկնաթոռների ունկնդրության համար» (9):

Պետրոս Ադամյանը Պետրոս Ադամյանը

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Ադամյանը ծայրահեղ վատ նյութական վիճակում էր, եկամտի միակ աղբյուրը թատրոնն  էր, իսկ կոկորդի ցավն ուժգնանում էր: Նա հոնորար էր պահանջում տարբեր միջոցառումներին իր մասնակցության համար, եւ մամուլը սկսեց նրան մեղադրել փողասիրության մեջ՝ նյարդային վիճակի մեջ գցելով արտիստին:

 

Այդ շրջանում Պոլիս ժամանեց աշխարհահռչակ ողբերգակ Էռնեստո Ռոսսին (10): Հիվանդ Ադամյանը գնաց դիտելու նրա խաղը: «Այժմ Ռոսսի խաղում է այստեղ: Եվ թատերագետ անձինք հոդվածներ հրատարակեցին «Արեւելքի» մեջ՝ կարծիք հայտնելով, թե ես Կորրադոյի, Քինի եւ Օթելլոյի մեջ բարձր եմ նորանից: Կարդա եւ զարմացիր, որ ոչ ոք չբողոքեց, թե ինչու՞ Ադամյանից առիք իրեն տված պսակներու գինը, եւ զանզան ուրիշ ծախքեր» (11):

 

Դանեմարքի արքայազնը՝ ծակ գրպանով

 

Ադամյանի ձայնը օր օրի նվազում էր: Սկսել էր հազալ: Բժիշկները հաստատեցին հիվանդությունը՝ թոքախտ:

 

Բերայում կայացած մի երեկույթի մասնակից Ադամյանի մասին մամուլում գրեցին. «Եվ ահա բեմի վրա է պ. Ադամյան. պարզ հագուստովը, մազերը՝ ծածանուտ, միշտ համակրելի.. Ձայնն արդեն մարած է, սուր եւ նվաղուն շչյուններով կելլե կոկորդեն» (12): Եվ հենց այդ երեկո Ադամյանը բեմից դիմեց հանդիսատեսին. «Հարցրին մի անգամ մեծ Նապոլեոնին, թե ի՞նչ է պետք կանոնավոր պատերազմ մղելու համար: «Երեք գլխավոր բան,- պատասխանել է Նապոլեոնը,- առաջին՝ դրամ, երկրորդ՝ դրամ, երրորդ՝ դրամ»: Իսկ ես հարցնում եմ ձեզ. գիտե՞ք՝ ինչ է հարկավոր դերասանին՝ իր պաշտոնը խղճմտոք կատարելու համար: Նույնպես երեք բան՝ առաջին՝ ձայն, երկրորդ՝ ձայն, երրորդ՝ ձայն»: Նա չկարողացավ շարունակել ու լուռ հեռացավ բեմից…

 

1889 թ.-ին Ադամյանը հրավիրվեց Իզմիր՝ ներկայացում տալու: Դրամական կարիքը ստիպեց համաձայնել, թեեւ ձայնը եւ հյուծող հիվանդությունը կասկածելի էին դարձնում հաջողությունը: Առաջին երեք ներկայացումները շատ հաջող անցան: Նրան ցույց տված ընդունելությունը շատ բուռն էր. «Երբեմն կխորհիմ, որ եթե ընդունած ծափերս եւ լսածս գովեստները կարելի լիներ ոսկով փոխարինել, Ռոտշիլդի հետ մրցելով՝ գուցե կարողանայի սնանկացնել նրան: Ինչ տխուր բան է Դանեմարքի արքայորդվույն տարազն ու պատկերը կրել ու հայ դերասանի ծակ գրպանը ունենալ»:

Պետրոս Ադամյանը` Համլետի դերում Պետրոս Ադամյանը` Համլետի դերում

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Քինի դերը խաղացող Ադամյանը բեմից բացականչում էր. «Ես, ես թատրոնը թողնե՞մ…Ե՜ս:  Օհ…», հանդիսատեսը այլայլված էր՝ Ադամյանի ձայնը խզվել էր, իսկ բառերը կոկորդից դուրս չէին գալիս: Վարագույրից հետո Ադամյանը, ըստ ականատեսների վկայությունների, բարձրաձայն լալիս էր:

 

Ադամյանի «Օթելլո»-ի համբավը նաեւ սուլթանին էր հասել, եւ նա 1898-ի դեկտեմբերին ցանկություն էր հայտնել անձամբ ներկա լինել նրա խաղին: Սակայն հիվանդությունն առաջացել էր, ու Ադամյանը հրաժարվեց իր համար կարեւոր այդ ներկայացումից:

Նույն թվականի օգոստոսին Թիֆլիսի «Նոր դար» թերթի թղթակիցը Գատըգյուղի կամրջի վրա հանդիպել էր Ադամյանին ու պատմել, թե հանդիպել էր ոչ թե դերասանին, այլ նրա կմախքին, ուրվականին…

 

Կարիքն ու մահը

 

1989-ի դեկտեմբերին Ադամյանն արդեն անկողնուց վեր կենալ չէր կարողանում: Նրա նյութական վիճակը չափազանց ծանր էր: Ադամյանը վաճառեց ներկայացումների ժամանակ հանդիսատեսից ստացած ոսկյա եւ արծաթյա նվերները: Դրանք էլ վերջացան: Հիվանդ դերասանի մտերիմների ամոթանքից հետո Պոլսի մեծահարուստները մի քանի ոսկի հավաքեցին եւ հանձնեցին նրան: Սակայն մի օր, լսելով, որ Ադամյանին երեկոները Բոսֆորի վրա նավակով շրջելիս տեսնողներ են եղել, կանչեցին Ադամյանին մի սրճարան եւ ասացին, թե այդ փողը տվել են ոչ թե զվարճանալու, այլ բուժվելու համար: Ադամյանի համար դա հերթական հարվածն էր. թոքախտավոր դերասանին բժիշկներն էին նշանակել Բոսֆորի առողջարար օդը:

 

Օգնության են հասնում նրա ռուս ընկերները, որոնք նամակով դիմում են Պոլսի ռուսական դեսպանատուն՝ խնդրելով աջակցել դերասանին: Դեսպանատունն իր աշխատակիցներին ուղարկում է Ադամյանի տուն՝ հասկանալու նրա վիճակի լրջությունը: Ադամյանին գտնում են ծայրաստիճան հուսահատված ու հյուծված: Նրան տեղափոխում են Պոլսի ռուսաց հիվանդանոց: Բայց հիվանդությունն այնքան էր բարդացել, որ չէր կարողանում անգամ ջուր խմել, խոսել:

 

1891-ի ապրիլին Ադամյանին հիվանդանոցից դուրս գրեցին եւ դա դերասանը վերագրեց իր ապաքինվելուն: Նա անգամ որոշեց մեկնել Իտալիա՝ բուժումն այնտեղ շարունակելու: Իրականում՝ նրան հիվանդանոցում պահելն այլեւս իմաստ չուներ. բժիշկները նրան տուն էին ուղարկել՝ մահանալու: 1891 թ.-ի հունիսի 3-ին դերասանը մահացավ:

Նրա աճյունը Պոլսի Շիշլիի գերեզմանատանն է, Մկրտիչ Պեշիկթաշլյանի գերեզմանի հարեւանությամբ:

 

Լիլիթ Ավագյան

Ծանոթագրություններ

1. Պետրոս Ադամյան, 1849-1891, հայ դերասան, գրող, նկարիչ: Համլետի եւ Օթելլոյի դերակատարումներով համարվել է ժամանակի լավագույն ողբերգակներից մեկը: 

2. Գառնիկ Ստեփանյան, 1909-1989, հայ գրականագետ, թատերագետ, բառարանագիր:

3. Հովհաննես Այվազովսկի, 1817-1900, ծովանկարիչ:

4.Գեւորգ Բաշինջաղյան, 1857-1925, հայ նկարիչ, գրող, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր:

5. Գրիգոր Արծրունի, 1845-1892, հրապարակախոս, քննադատ, գրական-հասարակական գործիչ, «Մշակ» թերթի հիմնադիր ու խմբագիր:

6. Սառա Բեռնար, 1844-1923, ֆրանսիացի դերասանուհի:

7. Խաչատուր Չալխուշյանին, 1888, նոյեմբերի 30, Կ.Պոլիս, «Պետրոս Ադամյան. Նամակներ», Երեւան , 1959 թ., էջ 201:

8. Արփիար Արփիարյան, 1851-1908, արեւմտահայ արձակագիր, գրաքննադատ, խմբագիր:

9. Գառնիկ Ստեփանյան, «Պետրոս Ադամյան», Երեւան, 1941 թ., էջ 122:

10. Էռնեստո Ռոսսի, 1827-1896, իտալացի աշխարհահռչակ դերասան:

11. Մկրտիչ Ավագյանին, 1889 թ., Կ.Պոլիս, «Պետրոս Ադամյան. Նամակներ», 1959, էջ 224:

12. Գ.Ստեփանյան, «Պետրոս Ադամյան», էջ 125:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին