Այսօրվա լրագրության մեջ նոր միտում է բացատրությունների ժանրը, որը առավել մատչելի կերպով ներկայացնում է բարդ դեպքերը կամ իրողությունները: Որոշ լրատվական սյուժեներ զարգանում են ամիսներ շարունակ, եւ հերթական նորությունը կարող է անհասկանալի լինել մեկի համար, ով ի սկզբանե չի հետեւել իրավիճակին: Բացատրությունների լրատվությունը ձգտում է ավելի հասանելի դարձնել նման բարդ թեմաները՝ ներկայացնելով անհրաժեշտ համատեքստը ընկալման համար հարմար եւ արագ ձեւաչափով:
Շատ լրատվամիջոցներ գործարկում են բացատրությունների ժանրին նվիրված բաժիններ: Այդպես է վարվել The New York Times-ը իր the Upshot խորագրով, Bloomberg-ը՝ իր QuickTake-ով, Slate-ն, Vox Media-ն, Meduza-ն: Մեդիամաքսը նույնպես որոշել է ստեղծել այդպիսի բաժին:
Գյումրիի սպանդը խլեց յոթ անմեղ մարդու կյանք, բայց Հայաստանի պետական դրոշները չխոնարհվեցին, երկրում սուգ չհայտարարվեց: Փորձել ենք հավաքագրել հասարակությունում հնչող հարցերը եւ տալ դրանց պատասխանները:
1. Ինչպե՞ս է երկրում սուգ հայտարարվում
Հայաստանում սուգ հայտարարելու մասին իրավական կոնկրետ կարգավորում գոյություն չունի: Սուգ սովորաբար հայտարարում են մեծ թվով մարդկանց կյանք խլած աղետներից, ահաբեկչություններից, պատահարներից հետո: Հայաստանում սուգ հայտարարվել է երկրի նախագահի հրամանագրով, վարչապետի կամ կառավարության որոշմամբ:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մեկնաբանմամբ՝ սուգ հայտարարելը կառավարության լիազորությունների շրջանակներում է, քանի որ «կառավարությունը պարտավոր է անդրադառնալ հրատապ հարցերին»:
2. Ի՞նչ է հետեւում սուգ հայտարարելուն
Նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետարաններին, Հայաստանում եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարվում է խոնարհել պետական դրոշը:
Արտաքին գործերի նախարարությունում եւ արտերկրում ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսություններում բացվում են սգո գրքեր:
Երկրում եւ հեռուստատեսային եթերում դադարեցվում են զվարճալի եւ ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները:
3. Ե՞րբ եւ քանի՞ անգամ է սուգ հայտարարվել Հայաստանում
Ինչպես այսօր գրում է «Առավոտ» օրաթերթը, առաջին անգամ Հայաստանում սուգ է հայտարարվել 1992 թվականի ապրիլի 17-ին՝ Արցախի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուղարկավորության օրը:
Հայաստանում նորից սուգ հայտարարվել է երկու տարի անց՝ 1994 թ. օգոստոսի 26-28-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան, ապա 1999 թվականի հուլիսի 6-8-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան կապակցությամբ:
Նույն թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով պետական-քաղաքական գործիչների զոհվելու կապակցությամբ պետական դրոշը խոնարհված մնաց 3 օր:
Հայաստանում սուգ է հայտարարվել նաեւ.
2006 թվականին՝ 113 մարդու կյանք խլած Երեւան-Սոչի ինքնաթիռի աղետից հետո;
2007 թվականի մարտի 28-ին՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ;
2009 թվականի հուլիսի 16-ին՝ Երեւան-Թեհրան չվերթն իրականացնող ինքնաթիռի՝ 168 մարդու կյանք խլած վթարից հետո:
2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Հայաստանում սուգ չհայտարարվեց:
4. Ին՞չ է ասել նախագահը
2008 թվականի մարտի 26-ին իր բլոգում արված գրառման մեջ ՀՀ նախագահի պաշտոնը նոր ստանձնած Սերժ Սարգսյանը այսպես էր բացատրել մարտի 1-ից հետո սուգ չհայտարարելը.
«Ինչ վերաբերվում է սուգ հայտարարելուն, սովորաբար սուգ հայտարարում են այն դեպքերում, երբ հասարակությունը միանշանակ գնահատական է տալիս տեղի ունեցածին, երբ տեղի ունեցածը որևէ շահարկման հնարավորություն չի թողնում: Այս դեպքում գործ ունենք այլ իրավիճակի հետ, հասարակության մի մասը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, մենք դեռ փորձում ենք պարզել իրականությունը, ընթանում է քննություն: Սա, իհարկե, չի նվազեցնում ողբերգության չափը, որի համար անկեղծորեն ցավում ենք»:
5. Ինչո՞ւ սուգ չհայտարարվեց
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ «որեւէ կարգավիճակ, տրադիցիաներ մեզանում չեն ձեւավորվել»:
Նրա պարզաբանմամբ, «սուգ հայտարարում են, որպեսզի ժողովուրդը զգոնանա, ինքը՝ ժողովուրդն այդ օրն արդեն ոտքի էր կանգնել»:
«Պաշտոնական, պրոտոկոլային խնդիրները մի բան է, մի այլ բան է, երբ ժողովուրդը ինքն է որոշում եւ կարողանում է եւ խորապես սգալ, եւ մեկը մյուսին ամոքել»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւս ասել էր, որ Հայաստանում սուգ հայտարարելու մշակույթը բացակայում է:
Սուգ հայտարարելուն կողմ էր արտահայտվել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ քաղաքապետարանը սուգ հայտարարելու իրավասություն չունի:
Մարի Թարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: